Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշովի Վ-ները, որոնք ծալքավորվում են ուղիղ, հանդիպական և խողովակաձև ծալքերով։ Որպեսզի ծալքերն ավելի փարթամ ու ձիգ լինեն, Վ-ի հակառակ երեսին համապատասխան գույնի աստառ են կարում։ Խիտ անթափանց Վ-ի լայնքը պետք է լինի լուսամուտի կամ միջնորմվող սենյակի լայնությունից 1,5 կամ 2 անգամ լայն և հատակից 5-10 սմ բարձր։ Վ. ձևելիս անհրաժեշտ է նախատեսել ծալաբաժիններ. ներքևից 10 սմ՝ աստառը կարելու, վերևից 5-10 սմ՝ եզրը խծպելու համար։ Այդպիսի Վ. կարելի է քաշել ձեռքով կամ Վ-ի եզրին ամրացված հատուկ փոկով։ Առավել հարմար է Վ. բացել քաշող քուղերով։ Ծանր Վ-ներն ամրացնում են փայտե քիվին կամ բարձակներին հենվող մետաղական ձողերին։

ՎՈԼՏ, էլեկտրական լարման և էլեկտրաշարժ ուժի չափման միավոր. 1 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական շղթայում առաջացնում է 1 Ա ուժի հոսանք։ Հայերեն կրճատ նշանակումը Վ, միջազգայինը V։ Տնային բաշխիչ ցանցում կիրառվում է 220 Վ կամ 127 Վ լարում։ Բարձր լարումները չափվում են կիլովոլտերով (կՎ). 1 կՎ = 1000 Վ։

ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆ, մագնիսական ժապավենի վրա պատկերի և ձայնի գրանցման ու վերարտադրման սարք։ Հեռուստացույցի հետ համակցված կենցաղային Տ-ով տան պայմաններում կարելի է տեսագրել և վերարտադրել հեռուստածրագրեր, դիտել տեսագրություններ, իսկ ներկառուցված միկրոֆոն ունեցող արտաքին դյուրակիր հեռուստախցիկի (տեսախցիկի) օգնությամբ ստեղծել հնչյունային սիրողական տեսաֆիլմեր։ Երկու Տ-ով կարելի է տեսածրագիրը մի մագնիսական ժապավենից վերագրանցել մյուսի վրա։ Ինչպես և մագնիտոֆոնը, Տ. հնարավորություն է տալիս բազմակի օգտագործել նույն ժապավենը (հին տեսագրություններն ավտոմատորեն ջնջվում են ժապավենի մագնիսական շերտի ապամագնիսացման հետևանքով)։

Պատկերների, ազդանշանների գրանցումը մագնիսական ժապավենի վրա կատարվում է մագնիտոֆոնով ձայնի գրանցման սկզբունքով։ Տ-ի առանձնահատկությունը վերարտադրվող հաճախությունների լայն ընդգրկույթն է (ձայնի գրանցման ժամանակ այն չի անցնում 20 կՀց-ից, իսկ տեսագրելիս հասնում է մի քանի ՄՀց-ի)։

Տ-ի հիմնական տեխնիկական բնութագրերից է տեսագրման ֆորմատը։ Տեսագրման ֆորմատը մագնիսական ժապավենի վրա տարբեր ազդանշանների ազդեցությամբ մագնիսացող տողերի (պատկերի գրանցում) և շավիղների (ձայնի գրանցում) կարգավորված դասավորությունն է։ Մի ֆորմատի տեսագրությունը չի կարող վերարտադրվել այլ ֆորմատի Տ-ով։ Ուստի, տեսաժապավենատուփ և տեսաֆիլմ ձեռք բերելիս պետք է ընտրել Տ-ի ֆորմատին համապատասխանող ժապավեններ։

Գույնի ազդանշանի պարամետրերը որոշվում են գունավոր հեռուստատեսության համակարգի տեսակով։ ԱՊՀ-ում արտադրվող կենցաղային Տ-ները կարող են տեսագրել և վերարտադրել ԱՊՀ-ում ընդունված գունավոր հեռուստատեսության ՍԵԿԱՄ և արտասահմանյան մի շարք երկրներում ընդունված ՊԱԼ համակարգերով ձևավորվող ազդանշաններ։ ՍԵԿԱՄ համակարգով արված տեսագրությունները կարող են վերարտադրվել ցանկացած գունավոր հեռուստացույցով, ՊԱԼ համակարգով արվածները՝ միայն հատուկ ապակոդավորիչ սարք (կոդավերծանիչ) ունեցող հեռուստացույցով։ Առանց կոդավերծանիչի գունավոր տեսագրությունը կարելի է դիտել սև-սպիտակ պատկերմամբ։

Տ-ի պտտվող մագնիսական գլխիկների բլոկը հատուկ ուշադրություն է պահանջում։ Պտտվող գլխիկներն անհամեմատ ավելի արագ են մաշվում, քան անշարժները, և հաճախ հարկ է լինում դրանք փոխարինել։ Պատկերի ազդանշանի գլխիկների մաշվելու հետևանքով պատկերի վերարտադրման որակը վատանում է, առաջանում են տարբեր տեսակի խանգարումներ։ Տ-ի պտտվող և անշարժ գլխիկները փոխարինելը, ներքին հանգույցները քանդելը մասնագետի գործ է։

ՏՐԱԴԵՍԿԱՆՑԻԱ, բամբասանք, կոմելինազգիների ընտանիքի մշտադալար բազմամյա խոտաբույս։ Հայրենիքը Ամերիկան է։ Մշակվում են մի քանի տեսակ և տարատեսակ (սպիտակածաղիկ, կանաչատերև ևն)՝ խոնարհվող կամ ուղղաձիգ ցողուններով, կանաչ կամ խայտաբղետ տերևներով (ձվաձևից մինչև գծային նշտարաձև)։ Խոնարհվող ցողուններով Տ. և կոմելինազգիներին մոտ ցեղակիցները (զեբրինա ևն) աճեցվում են որպես կանթեղային բույսեր: Տ. լավ է աճում ինչպես տաք, այնպես էլ զով սենյակում։ Խայտաբղետ տերևներով Տ. ցանկալի է դնել սենյակի ամենալուսավոր տեղում։ Ամռանը պետք է առատ ջրել, ձմռանը՝ չափավոր։ Բազմացվում է կտրոններով, գարնանից մինչև աշուն. մի քանի կտրոն տնկում են փոքրիկ թաղարներում։ Հողախառնուրդը պատրաստում են հումուսից և տերևահողից։ Որպեսզի կտրոնները շուտ արմատակալեն, դրանք պետք է ծածկել թասակով կամ թղթով ստվերել։ Հետագայում բույսը տեղափոխելու կարիք չկա։

ՏՐԱՆԶԻՍՏՈՐ, կիսահաղորդչային բյուրեղի հիմքով էլեկտրոնային սարք, որն ունի 3 արտանցիչ և նախատեսված է էլեկտրական տատանումների առաջացման, ուժեղացման և կերպափոխման համար։ Նույն գործողությունները կատարող էլեկտրոնային լամպերից (տես Ռադիոլամպ) Տ-ները տարբերվում են զգալիորեն ավելի փոքր չափերով, էլեկտրաէներգիայի սպառման խնայողականությամբ, մեխանիկական ամրությամբ, երկարակեցությամբ, ակնթարթորեն գործարկվելու հատկությամբ։

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, փոփոխական հոսանքի լարումը բարձրացնող կամ իջեցնող էլեկտրական սարք։ Տ-ով կարելի է 220 Վ լարման ցանցին միացնել 127 Վ լարման համար նախատեսված էլեկտրասարքեր (և հակառակը)։ 220 Վ լարման ցանցին չի կարելի բարձրացման ռեժիմում աշխատող Տ. միացնել, քանի որ ելքի բարձր լարումը (380 Վ-ից ավելի) կարող է շարքից հանել Տ. և դրան միացած էլեկտրասարքերը։

Տ. ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրա հզորությունը չպետք է փոքր լինի այն էլեկտրասարքերի ընդհանուր հզորությունից, որոնց միաժամանակյա սնուցման համար Տ. նախատեսված