է։ Տես նաև Ավտոտրանսֆորմատոր, Կայունարար լարման։
ՑԵՑԵՐ, Ց-ի որոշ տեսակներ (հագուստի, մուշտակի, գորգի ևն) փչացնում են բրդեղենը, մորթեղենը, գորգերը և այլ իրեր։ Թիթեռները ձվադրում են բրդե գործվածքների, գորգերի, մորթու և այլ իրերի վրա, հատակին, պահարանների մեջ և այլուր։ Հասուն թրթուրները հարսնեկավորման համար պատյանավորվում են և ամրանում սենյակի անկյուններում, պահարանների պատերին, առաստաղին կամ անմիջապես իրերի վրա։ Հարսնեկավորումից որոշ ժամանակ անց պատյանից թռչում է նոր թիթեռը։ Թիթեռները ցերեկը թաքնվում են կահույքի, հագուստի մութ, փակ տեղերում և գորգերի ծալքերում։ Ձվադրման համար Ց. թաքստոցներից թռչում են երեկոյան, իսկ եթե շատ են, թռչում են նաև ցերեկը։
Ց-ի դեմ պայքարելիս հիմնականում պետք է ոչնչացնել թրթուրները, որոնք փչացնում են իրերը։ Իրերը պետք է մշտապես մաքրել, օդափոխել և չորացնել, հատկապես մարտին՝ Ց-ի ձվադրման շրջանում։ Փակ պահարաններում և հագուստի մյուս պահոցներում Ց-ի թիթեռի և թրթուրի, կաշեկերի թրթուրի դեմ պայքարի միջոց է «Մոլեմորը», որը փաթեթավորված թիթեղ է (նախապես փաթեթի վրա պետք է անցք բացել). կախել պահարանի վերին մասում, 6 ամսից թիթեղը դեն նետել։ Մեկ սենյակում կարելի է օգտագործել 1-2 թիթեղ։
Արդյունավետ պատրաստուկ է «Անտիմոլը», ոչնչացնում է Ց-ին զարգացման բոլոր փուլերում։ Պետք է 3-4 հաբ փաթաթել (մեկական) մեկ շերտ թանզիֆի մեջ և տեղադրել զգեստապահարանի տարբեր մասերում։ 15 օրից հաբերը հանել և պահարանը լավ օդափոխել։ Հաբերը երկար պահելուց պատրաստուկի խտությունը նվազում է և Ց-ի համար հաբը ոչ միայն անվտանգ չի դառնում, այլև ընդհակառակը՝ ուրիշ տեղերից նրանց հրապուրում է։ Պատրաստուկը թունավոր է, անհրաժեշտ է պահել երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղերում։
«Դեզմոլը» Ց-ի, թրթուրի և թիթեռի ոչնչացման արդյունավետ միջոց է։ 3-4 հաբ պետք է փաթաթել թանզիֆի մեջ և տեղադրել պահարանի տարբեր մասերում։
«Սուպրոմիտը» հաճելի հոտով հեղուկ պատրաստուկ է։ Հեղուկացիրով պետք է մշակել պահարանի պատերը, ինչպես նաև վերնազգեստները և գորգերը։ Այն իրերը պահպանում է Ց-ից մի քանի ամիս, ոչնչացնում է Ց-ի ձուն, թրթուրը, թիթեռը և գորգի բզեզի թրթուրը։
«Սուպրոզոլը» նույնպես Ց-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց է (աերոզոլային փաթեթ)։
«Աերոանտիմոլը» Ց-ի ձվի, թրթուրի, թիթեռի, գորգի բզեզի թրթուրի ոչնչացման հեղուկ միջոց է, որով պետք է մշակել գորգերը, փափուկ կահույքի պաստառները, տաք կոշիկները։ Պատրաստուկը թողարկվում է պոլիմերային սրվակով՝ ձեռքի փոշեցիրով։
ՈՒԺԵՂԱՐԱՐ, էլեկտրական ազդանշանների լարումը և հզորությունը մեծացնող սարք։ Յուրաքանչյուր կենցաղային ռադիոսարք ունի տարբեր տեսակի Ու-ներ (օրինակ, հեռուստացույցն ունի տեսահաճախության, բարձր, միջանկյալ և ցածր հաճախության, մագնիտոֆոնը ձայնագրման, վերարտադրման, ցածր հաճախության Ու-ներ)։ Կենցաղային ռադիոէլեկտրոնային և հատկապես ձայնավերարտադրող սարքերում կիրառվում են ձայնային ցածր հաճախության Ու-ներ՝ ներքին էլեկտրոնային բլոկների և առանձին ինքնուրույն սարքերի տեսքով։
Ցածր հաճախության ժամանակակից Ու-ներն ունեն 4-6 մուտք, որոնց ելքերին կարելի է միացնել մեկ կամ երկու մագնիտոֆոն, ծավալահնչական ականջակալներ ևն։
ՓԱՅՏՈՋԻԼՆԵՐ, անկողնու մլուկ, արյունածուծ միջատներ են, բնադրում են բնակարաններում, երբեմն նաև հավանոցներում և այլուր։ Էգը դնում է 200–250 (երբեմն՝ 540) ձու։ Փ-ի ոչնչացման համար անհրաժեշտ է նախապես հայտնաբերել դրանց բնակման հնարավոր տեղերը, լավ ստուգել ամբողջ կահույքը, պատերը, լինօլեումի, շրիշակների եզրերն ու կարերը ևն։ Իսկ եթե նախատեսվում է բնակարանը վերանորոգել, ապա այն սկսելուց մի քանի օր առաջ պետք է միջատազերծել։
Փ-ի ոչնչացման համար կարելի է օգտագործել քլորոֆոսի փոշի կամ դուստ, հեղուկ միջոցներ, ինչպես նաև «Պրիմա–71» և «Պրիմա–V» աերոզոլային պատրաստուկները։ Խորհուրդ է տրվում պատրաստուկներն օգտագործել փոխ առ փոխ։ Աշխատանքը վերջացնելուց հետո ձեռքերը և երեսը պետք է լավ լվանալ օճառով, իսկ սենյակը օդափոխել։
ՓՈՇԵԾՈՒԾ, Փ-ի հիմնական աշխատանքային մասը օդածծիչ ագրեգատն է (կոլեկտորային էլեկտրաշարժիչից գործի դրվող օդափոխիչը), որն օդը Փ–ի պատյանի մեջ ներծծելու համար նոսրացում է ստեղծում մուտքի անցքի մոտ։ Բացի այդ, Փ-ի լրակազմի մեջ մտնամ է ծալքավոր ճկափողը՝ տարբեր գլխադիրների հավաքածուով։
Թողարկվում են հատակադիր, ձեռքի, ավտոմեքենայի Փ-ներ և խոզանակ-փոշեծուծներ (էլեկտրախոզանակներ)։ Առավել տարածված են հատակադիր ուղղահոս և մրրկային Փ-ները։ Ուղղահոս Փ-ներում փոշին և մանր աղբը, որոնք օդի հետ ներքաշվում են խոզանակ-գլխադիրի և ճկափողի միջով, նստում են լաթե զտիչի վրա։ Մաքրված օդը շրջահոսում է էլեկտրաշարժիչը (մասնակիորեն հովացնելով այն) և, չփոխելով ուղղությունը, օդափոխիչով և ելքի անցքով դուրս է գալիս։
Մրրկային Փ-ներում ներծծվող օդը, շրջահոսելով էլեկտրաշարժիչի ստորին մասը, ազատվում է փոշու ծանր և խոշոր մասնիկներից, այնուհետև անցնում է լաթե զտիչով, որի վրա նստում են փոշին ու մանր աղբը, և ապա օդափոխիչով դուրս է գալիս, ինչպես ուղղահոս Փ-ում։
Ձեռքի Փ-ները, որպես կանոն, ուղղահոս են և հատակադիր Փ-ներից տարբերվում են հիմնականում փոքր չափերով, զանգվածով ու հզորությամբ, ինչպես նաև Փ-ի լրակազմի մեջ մտնող գլխադիրների սահմանափակ հավաքածուով։
Ավտոմեքենայի Փ-ները կառուցվածքով նման են ձեռքի Փ-ներին և նախատեսված են գլխավորապես մարդատար ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը մաքրելու համար։ Ավտոմեքենայի Փ-ները սնվում են ավտոմոբիլի կուտակչից (լարումը՝ 12 Վ)։
Փ-ի կառուցվածքից կախված՝ կարող են օգտագործվել 1 կամ 2 լաթե զտիչներ, որոնցից մեկը սովորաբար լինում է վելվետոնից, երկրորդը՝ արտաքինը, միտկալից։ Ամեն անգամ, Փ. օգտագործելուց հետո, զտիչն անհրաժեշտ է