Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ-ում: Իբրև կլանիչ օգտագործվող ակտիվացված ածուխը որոշակի ժամանակամիջոցից հետո հարկ է փոխարինել նորով։

ՕԴԱՓՈԽԻՉ, տարբերում են սեղանի, պատի, առաստաղի, սեղանի-պատի, ավտոմեքենայի, հատակադիր, ձեռքի, լուսամուտի և օդափոխման անցուղիների համար նախատեսված Օ-ներ։ Օ. բաղկացած է էլեկտրաշարժիչից, թևանիվից, հիմքին ամրացված կանգնակից (կամ տեղակայման հարմարանքներից) և ցանցին միացնելու լարից (երկժանիով)։ Թողարկում են օդի հոսքի ուղղության ավտոմատ և ոչ ավտոմատ փոփոխմամբ (շարժիչի իրանի շրջադարձի հաշվին) Օ-ներ։ Սպառվող հզորությունը 25-ից մինչև 50 Վտ է, մղվող օդը րոպեում՝ 5-ից մինչև 20 մ³։ Թողարկում են մեկ, երկու և երեք արագություններով Օ-ներ։ Կոշտ թևանիվներով Օ-ներն ունեն պաշտպանական ցանց։

Էլեկտրական ջերմաօդափոխիչը համակցված սարք է, որը բաղկացած է Օ-ից և էլեկտրաջեռուցիչ տարրից։ Վերջինս տաքացնում է Օ-ի ստեղծած օդային հոսքը։

Անհրաժեշտ է Օ. պարբերաբար մաքրել փոշուց և երեք ամիսը մեկ էլեկտրաշարժիչի առանցքակալները յուղել մեքենայի յուղով։

ՕԴԻ ԽՈՆԱՎԱՐԱՐ էլեկտրական, բնակելի շինություններում հիգիենիկ պայմանները բարելավող սարք, որն ապահովում է օդի՝ մարդու առողջության համար օգտակար խոնավություն (հատկապես ձմռանը) և միաժամանակ օդը հագեցնում բացասական իոններով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օրգանիզմի կենսագործունեության համար։ Օ.խ. տեղադրում են պատերից, լուսամուտներից, կահույքից առնվազն 0,5 մ հեռու։

Էլեկտրացանցին միացնելիս Օ.խ–ի միջի ջուրը դուրս է մղվում մանրահատիկ փոշու տեսքով և օդը հագեցնում խոնավությամբ։ Օ.խ–ի անոթները լինում են բաց՝ ափսեի կամ շրջած կոնի տեսքով և փակ՝ ջուր լցնելու ու փոշեցրելու անցք ունեցող կափարիչով։ Բաց տեսակի Օ.խ-ները թեթև են (զանգվածը մինչև 800 գ) և խնայողական (սպառվող հզորությունը՝ 4-6 Վտ)։ Փակ տեսակի Օ.խ–ների արտադրողականությունն ավելի մեծ է, քան բացինը, սակայն դրանք ավելի ծանր են (2-2,5 կգ) և ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում (սպառվող հզորությունը՝ 25-30 Վտ)։

ՕԼԻՖ, թողարկում են Օ-ի զանազան տեսակներ։ Տանը առավել հաճախ կիրառում են բնական և «Օքսոլ» Օ.։

Բնական Օ. պատրաստում են կանեփի և կտավատի ձեթից՝ տաքացնելու ընթացքում սիկատիվ ավելացնելով։ Օգտագործում են ներկելուց առաջ՝ փայտե մակերևույթների տոգորման, թանձրալեսած յուղաներկի և սպիտականերկի լուծման (տես Յուղաներկեր), ներկաստառի պատրաստման համար։

«Օքսոլ» Օ. պատրաստվում է ձեթի (արևածաղկի, սոյայի ևն) օքսիդացման եղանակով՝ սիկատիվի և լուծիչների (բևեկնայուղ, ուայթ-սպիրտ) ավելացմամբ։ «Օքսոլ» Օ-ով նոսրացրած ներկն ավելի ուշ է չորանում, քան բնական Օ-ով նոսրացրածը, ներկաթաղանթն ստացվում է նվազ փայլուն և կարծր։ Հատակի համար նախատեսված ներկերը խորհուրդ չի տրվում նոսրացնել «Օքսոլ» Օ-ով։

ՖՈՒՔՍԻԱ, ապուզանազգիների ընտանիքի թուփ կամ ծառ։ Տերևները մանր են, հակադիր։ Ծաղիկները նրբագեղ են՝ խոնարհվող բարակ ծաղկակրի վրա։ Տարածված են Ֆ-ի բազմաթիվ մշակովի ձևեր բազմերանգ ծաղիկներով (պսակը պարզ է կամ բազմաթերթ, սպիտակ, երկնագույն կամ մանուշակագույն, իսկ բաժակը՝ հիմնականում կարմիր)։ Ֆ. լավ է աճում կիսաստվերոտ պատուհանի գոգին։ Ամռանը բույսը պետք է առատ ջրել, ջրցողել և պարարտացնել յուրաքանչյուր 10 օրը մեկ։ Ձմռանը, երբ սկսում են տաքացնել բնակարանները, պետք է բույսը տեղադրել զով պատուհանի մոտ՝ միաժամանակ պաշտպանելով այն մարտկոցից փչող տաք օդից։ Ծաղկման շրջանում խորհուրդ չի տրվում բույսը տեղափոխել, որպեսզի կոկոնները չթափվեն։ Ֆ. վերատնկում են գարնանը՝ կավաճմային և հումուսի (կես-կես) հողախառնուրդում ավելացնելով ավազ։ Միաժամանակ էտում են, կտրում ընձյուղները իրենց երկարության 1/3-ի չափով։ Ֆ. բազմացվում է սերմերով և կտրոններով։ Ճիշտ էտելով կարելի է ձևավորել գնդաձև պսակով գեղեցիկ ծառ։