Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առարկաներ (օրինակ, դիկտոֆոն, քարտարան ևն), ինչպես նաև տեղեկատու գրականություն, սեղանի օրացույց։

Հեռախոսն ավելի լավ է դնել ոչ թե հենց սեղանի, այլ նրանից ձախ հատուկ պատվանդանի կամ կողասեղանի վրա։ Եթե սենյակի մակերեսը թույլ է տալիս, նպատակահարմար է հիմնական աշխատասեղանից ձախ տեղավորել ավելի փոքր չափի լրացուցիչ սեղան, որի վրա կարելի է դնել գրամեքենան (այդ սեղանի բարձրությունը պետք է 5-8 սմ-ով ցածր լինի հիմնական աշխատասեղանի բարձրությունից)։ Խորհուրդ է տրվում ունենալ պտտվող աթոռ կամ բազկաթոռ։ Արտադրվող աշխատանքային բազկաթոռներն ունեն նստելատեղի և թիկնակի բարձրությունը կարգավորելու հարմարանք, կարող են պտտվել առանցքի շուրջը, ունեն հոլովակավոր հենարաններ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ տեղաշարժել բազկաթոռները սենյակում։

Աշխատասեղանը պետք է ունենա թղթեր և մանր առարկաներ պահելու գզրոցներ։ Առավել հարմար են դուրսքաշովի (այսպես կոչված, գլորաշարժական) կողապահարաններով աշխատասեղանները։ Հարմար են նաև այնպիսի գզրոցներով սեղանները, որոնցում թղթերը կարելի է տեղավորել ուղղաձիգ դիրքով՝ կոշտ թղթապանակներում։

Մեծ նշանակություն ունի աշխատանքային մակերեսի ճիշտ լուսավորությունը։ Այն պետք է լինի բավարար, հնարավորին չափ հավասարաչափ և կտրուկ հակադրություն չստեղծի բուն աշխատանքային մասի և դրա շուրջը եղած տարածության լուսավորվածության միջև։ Նպատակահարմար է օգտագործել այնպիսի լուսամփոփներ, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս պետք եղած ժամանակ փոխել լուսային հոսքի ուղղությունը և լույսի աղբյուրից մինչև աշխատանքային մակերեսը եղած հեռավորությունը (տես Լուսավորություն): Ա-ում կարելի է ստեղծել հանգստի փոքրիկ անկյուն (ինչպես նաև զրուցելու, ընթերցանության տեղ)՝ տեղավորելով այնտեղ բազկաթոռներ, բազմոց, սեղանիկ։

Ա. օգտագործվում է հիմնականում տնային պայմաններում մասնագիտական աշխատանք կատարելիս (գրականությամբ զբաղվողներ, գիտաշխատողներ և ուրիշներ)։ Աշխատատեղը հազվադեպ օգտագործելու դեպքում Ա. կարող է ավելի լայն գործառություն ունենալ։ Այստեղ կարելի է կազմակերպել դպրոցականի աշխատատեղ, տնային ոչ մեծ արհեստանոց։

ԱՊԱԿԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, լուսամուտներից ջերմության կորուստը նվազեցնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է խնամքով տեղադրել ապակիները։

Գործիքները։ Աշխատանքի համար պահանջվում են ապակեկտրիչ, քանոն, անկյունաքանոն, դուր, դանակ, աքցան, մուրճ։ Ապակեկտրիչը կազմված է ալմաստե բյուրեղով կամ կարծր համահալվածքից հոլովակներով մրճիկից (ունի ապակու նեղ եզրերը փրցնելու արանքներ), բռնակից։ Առավել հարմար են ալմաստե ապակեկտրիչները, որոնք օգտագործվում են 3-10 մմ հաստության ապակի կտրելու հաճար։ Ալմաստի կտրող եզրի բթացման դեպքում պետք է կտրիչը մրճիկից հանել, շրջել 90°–ով և կրկին ամրացնել այնպես, որ բյուրեղը մրճիկի իրանից 1-3 մմ դուրս լինի։

Կարծր համահալվածքից եռահոլովակ ապակեկտրիչներն օգտագործում են 1-4 մմ հաստության ապակի կտրելու համար։ Յուրաքանչյուր հոլովակ նախատեսված է ավելի քան 350 մ ապակի կտրելու համար։ Մաշված հոլովակը փոխելու համար պետք է միացնող պտուտակը թուլացնել և թմբուկը 120°–ով շրջել։ Ապակին կտրելիս պետք է քանոնը (ցանկալի է փայտե) ամուր սեղմել ապակուն (կողասահքի դեպքում գործիքը փչանում է)։ Պետք է հաշվի առնել, որ կտրույթի գիծը խազն անցնում է քանոնից մոտ 4 մմ հեռավորությամբ։ Ալմաստե ապակեկտրիչով կտրելիս պետք է մրճիկը պահել բութ մատով և ցուցամատով, առանց ուժեղ սեղմելու (ինչպես մատիտը), մի քանի փորձնական գծեր անել մինչև ապակեկտրիչի լավագույն դիրքը և թեքությունն ընտրելը, որի դեպքում ստացվում է անգույն բարակ ուղիղ գիծ, իսկ ալմաստի շարժումն ուղեկցվում բնորոշ ճրթճրթոցով։ Լայն քերծվածքը և սպիտակ ապակեփոշին վկայում են գործիքի սխալ դիրքի և չափից ավելի ուժ գործադրելու մասին։ 3-5 մմ չհասած կտրույթի ծայրին սեղմման ուժը պետք է փոքրացնել։ Հոլովակավոր ապակեկտրիչը պետք է պահել ապակու հարթությանն ուղղահայաց՝ բթամատի և միջնամատի կամ բթամատի, միջնամատի և մատնեմատի արանքում վերևից ցուցամատով սեղմելով։ Ապակու վրա ստացվում է սպիտակ գիծ։ Առավել հարմար է ապակին կոտրել սեղանի կամ դազգահի եզրին, ապակու բարակ ժապավենները կարելի է փրցնել գործիքով։ Եթե ապակին դժվարությամբ է կոտրվում, ապա խորհուրդ է տրվում խազի տակից ապակեկտրիչի բռնակով կամ գլխիկով թեթևակի հարվածել մինչև ճաքն ի հայտ գա։

Նյութերը։ Ապակեպատելու համար սովորաբար օգտագործում են 2-6 մմ (հաճախ 3-4 մմ) հաստության թերթավոր ապակի։ Հաստ ապակին ավելի լավ է «պահում» ջերմությունը, ավելի դիմացկուն է, սակայն դժվար է մշակվում։

Ապակին անհրաժեշտ է կտրել շրջանակի ակոսատների հիմքերի հեռավորությունից 3-5 մմ պակաս չափով, որպեսզի այն ազատ տեղավորվի շրջանակում և ապակեկալներն ուռչելիս չկոտրվեն։

Գամասեղներն օգտագործվում են ապակին ակոսատներում ամրացնելու համար։ Առավել հարմար են 15-20 մմ երկարության բարակ գամասեղները։ Վերջիններս կարելի է փոխարինել նույն երկարության բարակ մեխերով։ Խորհուրդ է տրվում գամասեղները խփել դուրով։ Սանր մեխերը կամ պողպատալարե գամասեղները խփում են ապակուն զուգահեռ կամ գլխիկները մի փոքր դեպի վեր ուղղված։ Գամասեղների դեպի ներքև շեղվելու և ապակու եզրերի հետ շփվելու դեպքում ապակին կարող է կոտրվել։ Ապակին հուսալիորեն ամրացված կլինի,