Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համալարելիս և փոքրացնել եզրաչափքը ոչ աշխատանքային վիճակում (տեղափոխելիս, պահելիս ևն)։

Գյուղական վայրերի համար առավել հարմար է Г-աձև Ա., որը հենարանների տվյալ բարձրության դեպքում ապահովում է բավականաչափ մեծ ելքային ազդանշան, ինչպես նաև ցանկացած ուղղությունից ռադիոազդանշանները միատեսակ լավ ընդունելու հնարավորություն։ Ա-ի 15-ից մինչև 30 մ երկարության հորիզոնական հաղորդալարը կախվում է գետնին կամ հարևան տների տանիքներին տեղակայված երկու հենարանների միջև։ Ա-ի հորիզոնական մասը և իջեցվածքը (Ա-ի մոտավորապես 15 մ երկարության ուղղաձիգ մասը) պատրաստում են 1,5-2,3 մմ տրամագծով անտենային ճոպանի մի կտորից։ Կարելի է օգտագործել նաև պղնձե և երկմետաղական ցանկացած հաղորդալար (լերկ կամ մեկուսացված) 1,5-ից մինչև 4 մմ տրամագծով։ Հնարավոր է կիրառել և երկաթե (պողպատե) լար, սակայն այդպիսի Ա-ի օգտակար ազդանշանի լարումն ավելի փոքր կլինի։ Ա-ի հորիզոնական մասը երկու ծայրից մեկուսացվում է ընկուզաձև կամ չորսվակածև մեկուսիչների օգնությամբ։ Այդպիսի մեկուսիչների բացակայության դեպքում կարելի է օգտագործել, օրինակ, սովորական ճենապակե հոլովակներ։ Ա-ի իջեցվածքը պետք է հեռացված լինի տանիքի եզրից 1,5-2 մ մեկուսիչով ձողի օգնությամբ։ Ա-ի հորիզոնական մասի ծայրերը ծառերին ամրացնելիս անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի բացառվի անտենային հաղորդալարի խզումը քամու ժամանակ ծառերի ճոճվելու կամ հանդարտ եղանակին հաղորդալարի կախվելու հետևանքով։ Կարելի է հակակշիռ կիրառել, որը ձգում է Ա-ի հաղորդալարը ճախարակի միջոցով։ Ա-ի իջեցվածքը տուն է ներանցվում լուսամատի շրջանակի մեջ բացված անցքով։ Հաղորդալարն անհրաժեշտ է մեկուսացնել ճենապակե ականոցի կամ ռետինե խողովակի օգնությամբ։

+ամանակակից ռադիոընդունիչները, որպես կանոն, հողակցման կարիք չունեն։ Սակայն գյուղական վայրերում արտաքին Ա-ից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ շանթապաշտպան հողակցում:

Գերկարճ ալիքների (ԳԿԱ) ընդգրկույթում ընդունելու անտենաներ։ Մենահունչ հաղորդման ծրագրերի ազդանշանները բավականաչափ լավ որակով ընդունվում են ՀԿԸՀ-ում կիրառվող հեռուստատեսային, ինչպես նաև անհատական Ա-ներով։ Սակայն ծավալահնչական ռադիոհաղորդման ազդանշաններն ընդունելու համար անհրաժեշտ են բավականաչափ լավ (հավասարաչափ) հաճախային բնութագրեր և լավ խանգարումապաշտպանվածություն ունեցող Ա-ներ։ Այս պահանջները բավարարում են ՀԿԸՀ-ում օգտագործվող ԳԿԱ Ա-ները, ինչպես նաև «ալիքային» տեսակի անհատական հեռուստատեսային Ա-ները, որոնք նախատեսված են ԳԿԱ ընդգրկույթի համար։ Երկստացիոնար արբանյակներից հեռուստատեսային հաղորդումների ընդունման Ա-ները լինում են մեկհայելային (առանցքասիմետրիկ կամ շեղված ճառագայթիչներով) և երկհայելային (պարաբոլական ռեֆլեկտորով ու հիպերբոլական հակառեֆլեկտորով)։

ԱՆՏԻՖՐԻԶ, ավտոմեքենայի հովացման համակարգի մեջ լցվող հատուկ հեղուկ, որը էթիլենգլիկոլի և ջրի խառնուրդ է, սառչում է ցածր ջերմաստիճանում։ 40 և 65 մակնիշի (սառչելու ջերմաստիճանները համապատասխանաբար -40 °C և -65 °C) Ա-ները խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր ավտոմեքենաներում, բացի «Ժիգուլի», «Նիվա» և «Մոսկվիչ-2140» ավտոմեքենաներից տարվա ցուրտ եղանակին։

«Ժիգուլի», «Նիվա» և «Մոսկվիչ-2140» ավտոմեքենաներում կիրառվում են ՏՕՍՕԼ-Ա40 և ՏՕՍՕԼ-Ա65 Ա-ները, որոնք ստացվում են ՏՕՍՕԼ-Ա թանձր հեղուկի և ջրի խառնումից։ Դրանց սառչելու ջերմաստիճանը կախված է հեղուկի և ջրի տոկոսային հարաբերությունից (ըստ ծավալի), համապատասխանորեն 56:44 -40 °C և 65:35 -65 °C դրսի ջերմաստիճանների համար։

Գործարանում «Ժիգուլի», «Նիվա» և «Մոսկվիչ-2140» ավտոմեքենաների հովացման համակարգում լցվում է ՏՕՍՕԼ-Ա40 Ա., որն ապահովում է շարժիչների բնականոն շահագործումը -40 °C դրսի ջերմաստիճանում։ ՏՕՍՕԼ Ա-ներն ավտոմեքենաներում օգտագործում են ողջ տարին, առանց ամռանը ջրով փոխարինելու, ինչպես 40 և 65 մակնիշի Ա-ների դեպքում։ Ամռանը, երբ գոլոշիացման հետևանքով հեղուկի քանակությունը նվազում է, անհրաժեշտ մակարդակը վերականգնվում է թորած ջուր ավելացնելով։ Երեք տարին մեկ կամ 60.000 կմ վազք կատարելուց հետո հովացման համակարգում եղած ՏՕՍՕԼ-ը փոխարինվում է նորով։

Ա-ները թունավոր են, այդ պատճառով էլ դրանք օգտագործելիս անհրաժեշտ է զգույշ լինել։


ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ, առանձնասենյակ, աշխատասենյակների հիմնական կահավորանքը աշխատասեղաններն ու բազկաթոռներն են, գրապահարաններն ու գրաղարակները։ Առանձնասենյակում աշխատասեղանի մակերեսի չափերը պետք է լինեն առնվազն 140x70 սմ։ Մեծ նշանակություն ունի աշխատանքային մակերեսի ճիշտ օգտագործումը։ Աշխատանքային տարածության հիմնական մասն անմիջականորեն նստողի առջևի մակերեսն է իրենից 50-60 սմ դեպի աջ ու ձախ և սեղանի առջևի եզրից 70 սմ հեռավորությամբ։ Այստեղ պետք է տեղավորվեն աշխատանքի ժամանակ օգտագործվող անհրաժեշտ նյութերը։ Սեղանի աջ և ձախ անկյուններում ավելի հարմար է տեղավորել կազմակերպական տեխնիկայի