Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 պճեղ սխտոր. աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

ԴԱՆԱԿՍՐԻՉ, հեսան, լինում է ձեռքի և էլեկտրական։ Ձեռքի Դ-ները լինում են մետաղական և հղկանյութային, շարժական և անշարժ (սեղանին ամրացվող)։ Վերջիններս հարմար են նրանով, որ դանակը սրելիս, այն կարելի է երկու ձեռքով ուղղորդել։ Պարզագույն Դ-ներ են հղկանյութային չորսվակները և մանր քերթերով պողպատե կոնաձև ձողերը։

Էլեկտրական Դ-ով դանակը սրվում է պտտվող հղկասկավառակներով (տես նկ.)։ Դանակը սրում են 1-3 անգամ (ըստ սայրի սրության)՝ Դ-ի երկայնական փորակի մեջ դանդաղ հետ ու առաջ շարժելով։ Մկրատը սրում են կողային փորակի մեջ՝ մկրատի երկու կեսերն առանձին-առանձին տեղաշարժելով հղկասկավառակի մակերևույթով։

ԴԱՆԴՈՒՌ, դանդուռազգիների ընտանիքի միամյա բույսերի ցեղ։ Ցողունները մերկ են, պառկած, շառավղաձև տարածվում են տարբեր կողմեր, հազվադեպ ուղղաձիգ են։ Տերևները երկարավուն են կամ սեպաձև, մսալի։ Դ-ի կուլտուրական տեսակները մշակվում են որպես բանջարանոցային բույսեր։ Տերևներն ու ընձյուղները կտրում են ցանքից 20-30 օր հետո և օգտագործում թարմ կամ պահածոյած։ Հայտնի է ավելի քան 200 տեսակ Դ.։ Սովորական Դ. ամենուրեք տարածված է նաև Հայաստանում։

ԴԱՐՉԻՆ, արևադարձային դարչնածառի չորացրած կեղևը։ Պարունակած եթերայուղերի շնորհիվ Դ. ունի հաճելի հոտ և քաղցրավուն համ։ Դ. վաճառվում է գլանիկների կամ փոշու տեսքով։ Այն պետք է պահել չոր տեղում, պինդ փակվող ամանում։ Դ. լայնորեն օգտագործում են թթու մրգապուր, սոուս, կաթնաշոռի կերակրատեսակներ, խմորեղեն պատրաստելիս։ Սովորաբար Դ. ավելացնում են կերակուրը պատրաստ լինելուց քիչ առաջ։ Շաքարավազի հետ խառնած Դ. մատուցում են կաթնաթթվային որոշ մթերքների հետ։

ԴԱՓՆՈՒ ՏԵՐԵՎ, ազնիվ դափնու մշտադալար ծառի կամ թփի չորացրած տերև։ Աճում է միջերկրածովյան կլիմա ունեցող վայրերում, Անդրկովկասում՝ Սև ծովի ափին։ Խոհարարության մեջ ավելի գործածական են Դ. տ-ի կարճ կոթունով, կծու, բուրավետ, կանաչ տերևները։ Այն պետք է պահել փակ ամանում, չոր տեղ։ Դ. տ. սննդին տալիս է յուրահատուկ համ և հոտ։ Ավելացնում են ապուրներին, տավարի, խոզի, ոչխարի շոգեխաշած մսին, թթուներին, ձկան լցոններին, սոուսներին։

ԴԴՄԻԿ, մշակում են գրեթե ամենուրեք։ Հայաստանում առավել տարածված սորտերն են. Գրիբովյան 37, Հունական 110, Երկայնապտուղը։ Դ-ի վաղահաս սորտերը (օրինակ, Գրիբովյան) հասունանում են ծիլերը դուրս գալուց 40-50 օր հետո։ Կանոնավոր կերպով հավաքում են 7-10 օր հետո՝ հունիսից մինչև սեպտեմբեր։ Սննդի մեջ պիտանի են միայն մատղաշ, 5-10 օրական, նուրբ կեղև, խիտ, ոչ սնամեջ պտղամիս, թերզարգացած կորիզներ ունեցող Դ-ները։

Դ. պարունակում է սպիտակուցներ, շաքար, ճարպեր, վիտամիններ (C և այլ) ու հանքային աղեր։ Սառնարանում Դ. կարելի է պահել մինչև 20 օր, սովորական ջերմաստիճանում՝ 2-3 օր։

Դ-ից կարելի է պատրաստել տարբեր կերակուրներ, տապակել, լցոնել (բանջարեղենով, բրնձով, սնկով, մսով), թթու դնել։ Տես նաև Սեխադդում։

Դ-ի մուրաբա. պատրաստել շաքարաջրի օշարակ, մեջը լցնել նախօրոք կեղևած և կորիզները հանած, կտրտած (քառակուսի, եռանկյունաձև) Դ.։ Եռալուց հետո ավելացնել շատ մանր կտրտած կիտրոն (կեղևով) և եփել 40-50 րոպե։ Կիտրոնը կարելի է նաև ավելացնել պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ։

1 կգ Դ-ին՝ 1 կգ շաքարավազ, 0,5 թեյի բաժակ ջուր, 1 կիտրոն։

Դ. մսով. պատրաստել խճողակ (ինչպես տոլմայի համար)։ Դ. մաքրել, 6-7 սմ հաստությամբ բոլորակներով կտրտել, գդալով հանել միջուկն ու կորիզները, լցոնել խճողակով և դասավորել յուղ քսած կաթսայի մեջ։ Տոմատի մածուկը տապակել յուղով, ավելացնել թթվասեր և 1 բաժակ (նախապես 1 ճաշի գդալ ալյուր լցրած) ջուր։ Աղ ցանել Դ-ներին, վրան լցնել պատրաստած խյուսը և 30-40 րոպե եփել ջեռոցում։ Մատուցելիս վրան ցանել մանրած սամիթ։

2 Դ-ին՝ 200 գ միս, 1/2 բաժակ բրինձ, 1 գլուխ սոխ, 2-ական ճաշի գդալ թթվասեր և տոմատի մածուկ, 1-ական ճաշի գդալ ալյուր և յուղ։

ԴԴՈՒՄ, մշակում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ գլխավորապես տնամերձերում։ Դ. լինում է սեղանի՝ օգտագործում են սննդի մեջ, կերի՝ գործածում են որպես անասնակեր և դեկորատիվ՝ տարբեր գույների և ձևի։ Բացի այդ կան նաև Դ-ի շշանման սորտեր, որոնք ունեն փայտացած կարծր կեղև և օգտագործվում են հեղուկ ու սորուն մթերքներ պահելու համար։

Սեղանի Դ-ի առավել տարածված սորտերն են՝ Մեղրու, Մոլոլեևյան, Մուսկատյան, Բիրյուչեկուտյան, Խոշորապտուղ հարյուրֆունտանոց։ Սեղանի սորտերը պարունակում են 90,3 % ջուր, շաքար, սպիտակուցներ, թաղանթանյութ, մոխիր, 8 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ևն։ Սերմերը պարունակում են մինչև 50 % ճարպ։ Հասուն Դ. ունենում է չորացած պտղակոթ։ Դ-ից պատրաստում են շատ համեղ, սննդարար և դիետիկ կերակրատեսակներ, մուրաբա, հյութ, ջեմ։

Դ-ի սերմերը սննդի մեջ օգտագործում են հում կամ բոված։

Դ-ի աճեցման մասին տես Բանջարանոց հոդվածում։

Դ. լցոնած. Դ. լվանալ, պտղակոթի մասից բոլորաձև կտրել, գդալով հեռացնել կորիզներն ու պտղամսի փափուկ մասերը և նորից լվանալ։

Փափուկ մասերն առանձնացնել կորիզներից, կտրտել, ավելացնել կիսաեփ բրինձ, չամիչ (լվացած), կորիզը հանած սալորաչիր,