Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտքերը տեղավորել դրանց մեջ, իսկ թևերը ծալել դեպի հետ։ Որպեսզի Թ. հյութալի լինի, տապակելուց առաջ պետք է գիրուցել կամ պատել ճարպի բարակ շերտերով (թելով փաթաթել)։ Թ-ի պատրաստ լինելը որոշում են նրա առավել հաստ մասում պատառաքաղով մինչև ոսկորը ծակելով։ Եթե դուրս ցայտող հյութը թափանցիկ է, Թ. պատրաստ է, իսկ եթե այն վարդագույն է կամ պղտոր, պետք է շարունակել եփելը կամ տապակելը։

Թ. (մանր թռչուններից և մատղաշ ճտերից բացի) մատուցում են կտրտած։ Սկզբից անջատում են թևերն ու ոտքերը, այնուհետև մսեղիքը կտրում երկայնքով, ապա բաժանում առջևի և հետևի մասերի, այնուհետև դրանցից յուրաքանչյուրը դարձյալ բաժանում կտորների։

Թ-ից զանազան կերակրատեսակների պատրաստման մասին տես Բադ, Հավ, Ազգային կերակրատեսակներ, Սագ, Ճուտ հոդվածներում։

ԹՐԹՆՋՈՒԿ, տես Ավելուկ:

ԹՐՄՕՂԻ, ալկոհոլային քաղցր խմիչք, որը պատրաստում են պտուղների և հատապտուղների բնական հյութերից և գերմաքուր սպիրտից՝ ավելացնելով շաքարավազ և կիտրոնաթթու։ Պարունակում է 28-ից մինչև 40 % շաքար և 18-ից մինչև 20 % սպիրտ։ Թ. մատուցում են անուշեղենի, թեյի, հրուշակեղենի հետ։ Թ. կարելի է պատրաստել նաև տան պայմաններում։

Բալի Թ.։ Բալը պտղակոթերից անջատելուց հետո սառը ջրով լվանալ և լցնել լայն բկանցքով ապակե բանկայի մեջ՝ շերտերի միջև շաքարավազ ցանելով։ Շշի բերանը ծածկել մագաղաթաթղթով կամ շորով և դնել արևի տակ։ Մի քանի օրից բալի հյութը դուրս կտա։ Որպեսզի բալը ծածկված լինի հյութով, բանկան անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափահարել։ Հյութ գոյանալուց և շաքարավազը լուծվելուց հետո կարելի է մի քիչ օղի ավելացնել, որպեսզի պտուղներն ամբողջովին ծածկվեն հեղուկով, 2 օր պահել, ապա թանզիֆով քամել։

1 կգ բալին՝ 400 գ շաքարավազ, օղին՝ ըստ ճաշակի (կարելի է և առանց օղու), մի քիչ կիտրոնաթթու։

Բալի պտղակոթերի Թ.։ Բալի կոթերը լվանալ, ցամաքեցնել, լցնել բանկայի մեջ, ավելացնել շաքարավազ, թափահարել, բանկայի բերանը շորով կապել և 30 օր պահել սենյակում, որից հետո շշի մեջ օղի լցնել, խառնել, երկու օր թողնել, ապա թանզիֆով քամել։

500 գ բալի պոչին՝ 200 գ շաքարավազ, 2 լ օղի:

Թ. կարելի է պատրաստել նաև սև հաղարջից, ելակից, մոռից և այլ հատապտուղներից։

ԹՈՒԶ, Հայաստանում աճեցնում են Սյունիքի և Տավուշի մարզերում։ Պտուղները տարբեր գույնի (սև, մուգ դարչնագույն, դեղին, կանաչ) և ձևի (կլորավուն, տափակ, տանձանման) են։

Թ-ի որոշ սորտեր տարվա ընթացքում 2 անգամ են բերք տալիս (ամռանը և աշնանը), սակայն բերքի մեծ մասը հավաքում են օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Թ-ի հասունացման և բերքահավաքի ժամկետը որոշում են պտղակեղևի վրա երկայնակի ճեղքերի և պտղաբույսի ծայրի «աչքերից» թանձր հյութի առաջացմամբ։ Այդ ընթացքում պտղամիսը քաղցրանում, լցվում է շաքարաշատ հյութով։ Թ. պետք է հավաքել առավոտվա ժամերին, ցողը վերանալուց հետո, մինչև շոգն ընկնելը, քանի որ տաքացած պտուղներն ավելի շուտ են փչանում։ Թ-ի որոշ սորտերի պտուղները չորանում են ծառին (չորացնելու համար դրանք ավելի արժեքավոր են)։

Հասուն Թ. արժեքավոր սննդամթերք է, պարունակում է 12-18 % շաքարներ, 2 մգ % C վիտամին։ Դրանցից պատրաստում են չիր, եփում ջեմ և մուրաբա։

Չիրն ունի հաճելի համ և բարձր շաքարայնություն (70 %): Օգտագործվում է նաև որպես աղանդեր և այլ չորացրած մրգերի ու հատապտուղների հետ կոմպոտ եփելու համար։

ԹՈՒԹ, Հայաստանում տարածված է սպիտակ և սև Թ.։ Սպիտակ պտուղներով թթենի մշակվում է Արարատյան դաշտում, հյուսիս-արևելյան և հարավային գոտիներում, Կոտայքի, Արագածոտնի և այլ մարզերում։ Ընտիր թթենու ծառաստաններ կան Արցախում։ Պտուղները հասունանում են մայիսի վերջին, հունիսի սկզբին։ Սև պտղով թթենի մշակվում է Արարատյան դաշտի, Զանգեզուրի, Վայքի, կենտրոնական և հյուսիս-արևելյան շրջաններում։ Պտուղները վարդագույն են, կարմիր, նուրբ, հյութալի, քաղցր, հասունանամ են հանիս-հուլիսին։ Պարունակում են մինչև 22 % շաքարներ, վիտամիններ, ներկանյութ։ Օգտագործվում են թարմ և չորացրած։ Պատրաստում են դոշաբ, մուրաբա, չիր, ստանում օղի, գինի։

ԹՈՒՆԱՎՈՐ ՍՆԿԵՐ, տես Սնկեր:

ԹՈՒՐԻՆՋ, գրեյպֆրուտ, աճեցնում են մերձարևադարձային շրջաններում։ Պտուղները հասունանում են նոյեմբեր-դեկտեմբերին, մոտ 5 ջերմաստիճանում։ Ծխախոտի թղթի մեջ փաթաթված պտուղները պահվում են 4-5 ամիս։ Թ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ։ Հյութը հարուստ է C վիտամինով (45 մգ %): Օգտագործելիս պտուղը կտրում են լայնակի, հեռացնում միջուկն ու դրան հարող բարակ թաղանթը և առաջացած փոսի մեջ շաքարավազ ցանում։ Շաքարավազը լուծվելուց հետո կարելի է թեյի գդալով հանել հյութը կամ քամել հյութամզիչով։ Թ-ի հյութն արժեքավոր և դիետիկ սննդանյութ է։ Թ. օգտագործում են թարմ և մուրաբա, կոմպոտ եփելու համար։