Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհուրդ չի տրվում եփելու ժամանակ ընդհատել եռքը և սառը ջուր ավելացնել, դրանից Լ-ու հատիկները ճաքճքում են և ավելի դանդաղ եփվում։

Լ-ու համը լավացնելու համար, երբեմն այն եփում են գազարի, մաղադանոսի, նեխուրի, մանր քառակուսիներով կտրտած սոխի հետ։ Այդ նպատակով օգտագործվող մաղադանոսը և նեխուրը կապում են փնջով ու եփում Լ-ու հետ, եփվելուց հետո փունջը հանում են:

Եփած Լ. օգտագործում են ամբողջական հատիկներով կամ դրանցով պատրաստում են խյուս։ Ամբողջական հատիկներին ավելացնում են ճարպ (ձեթ, խոզի, տավարի ճարպ, դմակ կամ սերուցքային ու սեղանի մարգարին), սոխ, սոխով կամ առանց սոխի կաթի կամ տոմատի սոուս։

Կանաչ Լ. մսով. կանաչ Լ. լվանալ, մաքրել, կիսաեփել։ Կաթսայում սոխառած անել, ավելացնել աղացած միս (տապակել 10-15 րոպե), ջուր, կիսաեփ Լ. և եփել։ Պատրաստ լինելուց 15-20 րոպե առաջ ավելացնել կեղևը հանած լոլիկ և մանր կտրտած մաղադանոս (անմիջապես կրակից վերցնելուց հետո)։

1 կգ կանաչ Լ-ին՝ 250 գ միս, 1/2 բաժակ յուղ, 2 գլուխ սոխ, 1/2 բաժակ ջուր, 2-3 լոլիկ. աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Կանաչ Լ. կարտոֆիլով. Լ. լվանալ, կտրտել և եփել թույլ կրակի վրա։ Կարտոֆիլը մաքրել, կտրտել 1,5 սմ շերտերով և տապակել յուղով։ Սոխառած անել, ավելացնել լոլիկ և բոլորը խառնել իրար։ Եփել 10-15 րոպե։

1,5 կգ կանաչ Լ-ին՝ 0,5 կգ կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, 300 գ յուղ, 4 լոլիկ։ Աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի։

ԼՈՌ, կաթնաշոռ, կաթնաթթվային դիետիկ մթերք, ստացվում է կովի կաթի թթվեցմամբ և շիճուկի մասնակի հեռացմամբ։ Պատրաստում են անարատ, ինչպես նաև մասամբ կամ լրիվ յուղազրկված պաստերացված կաթից։ Թթվեցնող մակարդը պատրաստում են կաթնաթթվային ստրեպտոկոկերի մաքուր կուլտուրաներից՝ երբեմն ավելացնելով շրդանային ֆերմենտ։ Տարբերում են սովորական շերտավոր Լ., որն ստանում են մամլումով շիճուկի հեռացմամբ, և մածուկանման փափուկ դիետիկ Լ., որն ստանում են զատիչով շիճուկի հեռացմամբ:

Սովորական Լ. լինում է 18 % (յուղալի), 9 % (կիսայուղալի) յուղայնության և յուղազրկված։ Գյուղական Լ. պատրաստում են յուղազրկված կաթից, ապա խառնում սերուցքի հետ՝ յուղայնությունը հասցնելով 5 %-ի։ Սեղանի Լ. (2 % յուղայնություն) պատրաստում են յուղազրկված կաթի և թանի խառնուրդից մամլումով շիճուկի հեռացմամբ։ Փափուկ դիետիկ Լ. թողարկում են 11 %, 4 % յուղայնության և անյուղ, ինչպես նաև մրգահատապտղային հավելանյութերով։

Յուղալի Լ. կաթնաճարպի և սպիտակուցի խտածո է, անյուղը՝ սպիտակուցի խտածո։ Լ-ի սպիտակուցում պարունակվում են անհրաժեշտ բոլոր ամինաթթուները, որի շնորհիվ Լ. բացառիկ արժեքավոր սննդամթերք է բոլոր տարիքի մարդկանց համար։ Լ. առավել օգտակար է երեխաներին, հղի և կերակրող կանանց, քանի որ հարուստ է ոսկորների աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով։ Որպես բուժիչ միջոց Լ-ի օգտագործման մասին տես Բուժական սնունդ հոդվածում։

Լ. կարելի է պատրաստել տան պայմաններում. 3-4 լ եռացրած գոլ կաթը կաթսայի մեջ խառնել 1 բաժակ մածնի հետ և թողնել սենյակի ջերմաստիճանում՝ մինչև թանձրանալը։ Գոյացած թանձրուկը կտրտել խոշոր կտորների, կաթսան տեղավորել ջրով լի թասի մեջ և դնել մարմանդ կրակի վրա։ Զանգվածը տաքացնել (չհասցնելով եռման)՝ վերին շերտերը զգուշորեն խառնելով։ Թանձրուկի ստորին շերտերը վեր են բարձրանում, իսկ վերինները՝ իջնում, որի շնորհիվ զանգվածը տաքանում է հավասարաչափ, շիճուկն էլ լիովին անջատվում է։ Երես ելած թանձրուկը լցնել երկտակ թանզիֆով ծածկված մաքուր (եռման ջրով լվացած) մաղի կամ քամիչի մեջ։

Շիճուկը քամվելուց հետո, Լ. հովացնել և դնել մամլիչի տակ (փաթաթել թանզիֆով կամ կտավով, վրան տախտակ և ծանրություն դնել)։

Սառնարանում Լ. կարելի է պահել 2-3 օր։ Լ. ուտում են թթվասերով, կաթով, դրանից պատրաստում են զանազան կերակրատեսակներ։ Լոռապանրիկները և լոռազանգվածը թողարկում են յուղի և շաքարի տարբեր պարունակությամբ, ինչպես նաև շաքարաջրի, շոկոլադի, ընկույզի, չամիչի և վանիլինի հավելումներով։

ԼՈՌԱԲԼԻԹ, լոռն անցկացնել մաղով կամ աղալ մսաղացով, ավելացնել ալյուր, շաքարավազ, աղ, ձու և լավ խառնել։ Կարելի է ավելացնել նաև ցիտրուսակեղև։ Սեղանին (տախտակին) ալյուր ցանել, լոռազանգվածը լցնել սեղանին, գլանի տեսք տալ և լայնակի կտրտել։ Ստացված գնդիկներին բլիթների ձև տալ, ապա թավալել ալյուրի կամ մանրած պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել նախապես տաքացրած յուղով։

Մատուցելուց առաջ Լ-ի վրա ցանել շաքարավազ կամ վանիլինով շաքարափոշի։ Առանձին կարելի է մատուցել թթվասեր։

500 գ լոռին՝ 1 ձու, 2 ճաշի գդալ կարագ, 1/4 բաժակ ցորենի ալյուր, 3 ճաշի գդալ շաքարավազ (կամ շաքարափոշի), 1/2 բաժակ թթվասեր, վանիլինը՝ ըստ ճաշակի:

ԼՈՐ, վայրի թռչուն։ Նախնական մշակման մասին տես Թռչնամիս հոդվածում։

Լ. տապակած. մսեղիքին աղ ցանել, յուրաքանչյուրը փաթաթել խոզի անալի ճարպի բարակ շերտով և կապել թելով։ Թուջե խոր տապակում տաքացնել խոզի հալած ճարպը կամ հալած յուղը, ապա դնել Լ-ի մսեղիքը և 10-15 րոպե տապակել մարմանդ կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ շրջելով և վրան ցողելով առաջացած հյութը։ Այնուհետև թելը և ճարպը հանել, մսեղիքը դնել սկուտեղի վրա, յուրաքանչյուրը ծածկել վրայից հանած ճարպաշերտով, ցողել տապակելիս առաջացած քամած հյութը և հալած յուղ, զարդարել մաղադանոսով։ Խավարտը՝ բրնձով քամովի փլավ, հազար։

Տես նաև Որսամիս: