Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրեմի համար՝ 400 գ թթվասերը հարել, քիչ-քիչ ավելացնել 200 գ մանրահատիկ շաքարավազ և 1 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր։

Խնձորով կարկանդակի Խ. նույնն է, ինչ բալով թխվածքինը։ Խ. բաժանել 2 հավասար մասերի և բացել գրտնակով։ Շերտերից մեկը դնել կաղապարի մեջ, վրան հարած սպիտակուց քսել, վրան լցնել շաքարավազի և քերած կիտրոնակեղևի հետ խառնած կտրտած խնձորը (կեղևով), ծածկել Խ-ի երկրորդ շերտով, վրան քսել հարած սպիտակուց և թխել։

Խ-ի համար օգտագործվող 2 ձվի 1 սպիտակուցն առանձնացնել խմորաշերտերին քսելու համար։ Տաք կարկանդակի վրա բարակ շերտով կարագ քսել և վրան ցանել վանիլի հետ խառնած շաքարափոշի։

Լցոնի համար՝ 600 գ խնձոր, 1/2 բաժակ շաքարավազ, 1 կիտրոնի կեղև։

Կիտրոնով փխրուն թխվածք։ Կարագն ալյուրի հետ խառնելով կտրտել, ավելացնել շաքարավազ, աղ, սոդա, թթվասեր և Խ. հունցել։ Խ. դնել կաղապարի մեջ և 2 սմ բարձրության կողավոր ամանի ձև տալ։ Խմորաշերտը մի քանի տեղ պատառաքաղով ծակծկել և թխել մինչև բաց ոսկեգույն դառնալը։ Թխված խմորակաղապարի մեջ կրեմ լցնել, վրայից՝ քաղցրաշերտ (հարթեցնել կամ դանակով ձևավորել), դնել ոչ տաք ջեռոցի մեջ և թխել մինչև կարմրելը։

Խ-ի համար՝ 250 գ ցորենի ալյուր, 100 գ կարագ, 50 գ թթվասեր, 1/4 թեյի գդալ սոդա, մի պտղունց աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, կրեմի համար՝ 3 ձվի դեղնուցը և 200 գ շաքարավազը տրորել, ավելացնել 1 կիտրոնի հյութ և 1/2 կիտրոնի կեղև (քերած), 1 1/2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր, լավ խառնել և բացել 1/2 բաժակ սառը ջրով։ Ստացված զանգվածին ավելացնել 2 բաժակ եռման ջուր և անընդհատ խառնելով, եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Քաղցրաշերտը՝ 3 ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել 100 գ շաքարափոշի և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։

Ընկույզով և քիշմիշով փխրաբլիթ։ Կարագն ու շաքարավազը հարել, ավելացնել ձու, սոդայի հետ խառնած թթվասեր կամ մածուն, խառնել, ավելացնել ալյուր և Խ. հունցել։ Վերջում ավելացնել խոշոր ծեծած ընկույզ և քիշմիշ։ Խ-ից պատրաստել 4-5 սմ լայնության և 2 սմ բարձրության գլանիկներ և թխել ջեռոցում (200-220 °C) 20-25 րոպե։ Տաք գլանիկները շեղ կտրվածքներով բաժանել 2 սմ լայնության կտորների, հովացնել, շարել սաճի մեջ իրարից 1 սմ հեռավորությամբ և դնել ջեռոցը չորանալու։ Նախապես ջեռոցի ջերմաստիճանը հասցնել 250 °C–ի, անջատել և թխվածքը թողնել մեջը 10-15 րոպե։

3 բաժակ ալյուրին՝ 200 գ կարագ կամ մարգարին, 200 գ շաքարավազ, 2 ձու, 1/4 բաժակ մածուն կամ թթվասեր, 1/4 թեյի գդալ սոդա, 1/2 բաժակ քիշմիշ, 1/2 բաժակ ընկույզ։

Ընկույզով փխրաբլիթ։ Ձվի դեղնուցն ու շաքարավազը տրորել, ավելացնել ընկույզ, ալյուր և հարած սպիտակուց։ Խ. դնել թաց տախտակի վրա, 3 սմ լայնության գլանիկներ ձևավորել, բաժանել 1 1/2 սմ լայնության կտորների, դնել յուղած սաճի մեջ, վրան ընկույզ ցանել և թխել ջեռոցի մեջ (180-200 °C) 20-25 րոպե։

1 1/2 բաժակ ընկույզ, 180 գ շաքարավազ, 2 1/2 ճաշի գդալ ալյուր, 3 ձու։

Լոռազանգվածով փխրաբլիթ։ 200 գ լոռազանգվածը, 300 գ կարագը կամ մարգարինը, 1/2 բաժակ շաքարավազը և 2 1/2 բաժակ ցորենի ալյուրը խառնել և Խ. հունցել։ Խ. սառեցնել, բացել 1 սմ հաստության շերտով և կտրտել բաժակով կամ հատուկ ձևավորիչներով։ Թխել 5-7 րոպե։

Լոռազանգվածը կարելի է պատրաստել տան պայմաններում. լոռը մաղով անցկացնել, խառնելով ավելացնել շաքարաջուր, վանիլ և քիշմիշ։

150 գ լոռին՝ 3 թեյի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ ջուր, 1 ճաշի գդալ քիշմիշ, վանիլը ըստ ճաշակի։

Թեթև հրուշակ (բեզե)։ Այս թխվածքը կարելի է պատրաստել սառը կամ տաք եղանակով։

Սառը եղանակ. սպիտակուցը հարել այնքան, որ ստացվի խիտ փրփուր։ Շարունակելով հարել՝ քիչ-քիչ ավելացնել շաքարափոշի կամ մանրահատիկ շաքարավազ։

Տաք եղանակ. սպիտակուցն ու շաքարավազը խառնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակի վրա և հարել այնքան, որ ստացվի խիտ փրփուր։

Սաճի մեջ մաքուր թուղթ փռել և զանգվածը գդալով գունդ-գունդ դնել թղթի վրա։ Կարելի է թղթից պատրաստել ձագարաձև տոպրակ, զանգվածը լցնել մեջը և սեղմելով դուրս մղել տոպրակի սուր մասում բացած անցքից։ Երկու դեպքում էլ ջեռոցը պետք է լինի ոչ շատ տաք (80-100 °C)։ Թխվածքը պետք է բարձրանա և լավ չորանա։ Պատրաստի թխվածքը հեշտությամբ պոկվում է թղթից։

4 ձվի սպիտակուցին՝ 1 բաժակ շաքարավազ կամ շաքարափոշի։

Այս թխվածքը կարելի է պատրաստել նաև շոկոլադով՝ հարած զանգվածին ավելացնելով 30-35 գ քերած շոկոլադ։ Կարելի է նաև պատրաստի թխվածքը լցոնել հատապտուղներից պատրաստած կրեմով, լավ չորացած թխվածքի միջին մասը հանել բարակ սուր դանակով, լցոնել կրեմով և վրայից դնել երկրորդ բլիթը։

Կրեմը կարելի է պատրաստել ցանկացած օշարակից, ինչպես նաև ելակի, գետնաելակի և հաղարջի մուրաբայից։ 1-2 լիքը ճաշի գդալ օշարակին ավելացնել 1 սպիտակուց և հարել ճենապակյա թասի կամ խոր ափսեի մեջ այնքան ժամանակ, մինչև ստացվի խիտ զանգված։

Ականջ։ Ձվի դեղնուցը և թթվասերը խառնել, ավելացնել աղ, կոնյակ կամ օղի, ալյուր և Խ. հունցել։ Խ. բաժանել 50 գ-անոց կտորների և գրտնակել 1,5-2 մմ հաստության բլիթներ, եզրերը 2-3 տեղ դանակով կտրել, ապա տապակել եռացող յուղի մեջ մինչև բաց դարչնագույն դառնալը։

Պատրաստի թխվածքը հանել կաթսայից, թողնել, որ յուղը հոսի, դնել սկուտեղի մեջ և վրան շաքարափոշի ցանել։ Որպեսզի թխվածքը գեղեցիկ տեսք ունենա, պետք է կաթսայի տրամագիծը մի քիչ փոքր լինի բլիթի տրամագծից։

Խ-ի համար՝ 300 գ ալյուր, 50 գ թթվասեր, 3 ձվի դեղնուց, 50 գ կոնյակ, աղը՝ ըստ ճաշակի, տապակելու համար 150 գ հալած յուղ, վրան զանելու համար՝ 70 գ շաքարափոշի։

Արիշտա-հալվա։ Ձուն հարել, ավելացնել աղ, սոդա, ալյուր և Խ. հունցել։ Բաժանել 4