Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղ դրած Հ.՝ սոուսով տապակած. նախապես թրջած Հ-ի փորոտիքը հանել, գլուխը կտրել (կարելի է անջատել սուկին), թավալել ալյուրի մեջ և ձեթով տապակել։ Այնուհետև պատրաստել սոուսը. 1 գլուխ սոխը մանր կտրտել և յուղով տապակել, ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր և 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնել և եռման հասցնել։ Պատրաստի սոուսը լցնել տապակած ձկան վրա և մատուցել խաշած կարտոֆիլի հետ։

Աղ դրած Հ.՝ ջեռեփած. յուղոտ Հ. նախապես թրջել, ապա անջատել սուկին։ Խաշած և կտրտած կարտոֆիլը լցնել յուղած կաթսայի մեջ։ Մանր կտրտած սոխը (1 Հ-ին՝ միջին չափի 2 գլուխ սոխ) տապակել կարագով (կամ յուղով), ավելացնել 4-5 ճաշի գդալ թթվասեր, 2 րոպե եփելուց հետո՝ մանր կտրտած մաղադանոս։ Այնուհետև կաթսայում եղած կարտոֆիլի վրա շերտ-շերտ շարել Հ-ի կտրտած սուկին, մանր կտրտած խաշած ձու, լցնել սոուսը, ցանել աղացած պաքսիմատ, վրան դնել մի քանի կտոր կարագ (կամ մարգարին) և 20 րոպե եփել նախապես տաքացրած ջեռոցում։

Խավարտը՝ կտրտած պոմիդոր։

Հ. աղացած. Հ-ի սուկին, նախապես թրջած սպիտակ հացը և գլուխ սոխը 2-3 անգամ աղալ մսաղացով, ապա ավելացնել ձեթ, քացախ, շաքարավազ և լավ խառնել։

500 գ Հ-ին (250 գ սուկի)՝ 2 գլուխ սոխ, 1–2 ճաշի գդալ ձեթ, 100 գ սպիտակ հաց, 1 թեյի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ քացախ։

Թարմ Հ. տապակած. թարմ Հ-ի սուկին կամ կտորները գործվածքի վրա ցամաքեցնել, վրան ցողել կիտրոնի հյութ (ըստ ցանկության), թողնել 30 րոպե, այնուհետև թավալել ալյուրի կամ աղացած պաքսիմատի մեջ և տապակել։

Խավարտը՝ եփած բրինձ, բանջարեղեն կամ տապակած կարտոֆիլ։

Տապակած Հ-ի հետ կարելի է մատուցել հալած յուղ կամ թթվասեր։

ՀԱՐԻՉ, միքսեր, էլեկտրական, կիրառում են սառը ըմպելիքներ, ձու արագ հարելու, կոկտեյլ, կրեմ, սոուս, խմոր, խյուս պատրաստելու համար։ Հ–ի իրանի մեջ տեղադրված է կոլեկտորավոր էլեկտրաշարժիչ։ Մթերքը հարում և մանրացնում են Հ-ին ամրացվող հատուկ գլխադիրներով։ Որոշ Հ-ների լրակազմի մեջ կան հարելու հարմար ամաններ, Հ. պատին կամ սեղանին ամրացնելու հարմարանքներ։ Հ. ունի պտտման արագության կարգավորիչ։

Հեղուկ մթերք հարելիս պետք է լցվի ամանի ծավալի 3/4-ը, իսկ պինդ մթերքի դեպքում՝ 1/2-ը։ Բանջարեղեն և միրգ մանրացնելու համար նախապես հեռացնում են պտղակոթերը, կորիզները և միջուկը։

ՀԱՐԻՍԱ, ցորենի կորկոտով և մսով պատրաստված կերակրատեսակ։

Հավը եփելուց հետո ոսկրահան անել և կտրտել։ Եռացող արգանակի մեջ լցնել ընտրած և լվացած կորկոտը, ավելացնել մսի կտորները և շարունակել եփել մարմանդ կրակի վրա։ Երբ զանգվածը սկսի թանձրանալ, շերեփով պարբերաբար հարել այնքան, մինչև դառնա համասեռ։ Վերջում աղ ավելացնել և խառնել։

Առանձին կարելի է մատուցել սոխառած կամ դարչին և հալած յուղ։

1 կգ հավին՝ 3 բաժակ կորկոտ, 1 բաժակ յուղ, 3 գլուխ սոխ. աղը և դարչինը՝ ըստ ճաշակի։

Նավասարդի Հ. եփում են ոչխարի մսով և մանրաձավարով (բլղուր)՝ վերը նկարագրված եղանակով։

1 կգ ոչխարի մսին՝ 3 բաժակ մանրաձավար, 1 բաժակ յուղ, 3 գլուխ սոխ. աղը՝ ըստ ճաշակի։

ՀԻԼ, թունդ բույրով ու համով, արևադարձային կոճապղպեղային բույսի ընկուզիկանման պտուղ, որի սերմերը պարունակում են եթերայուղեր։

ՀՅՈՒԹԱՄԶԻՉ, թողարկում են ձեռքի (կոնաձև, պտուտակավոր, լծակավոր, պարուրակավոր փոխարկիչով, մսաղացի գլխադիրների տեսքով) և էլեկտրական Հ-ներ։

Կոնաձև Հ. ունի պարզ կառուցվածք և նախատեսված է ցիտրուսների համար, պատրաստում են ապակուց կամ պլաստմասսայից։ Չմաքրած կիտրոնը կամ նարինջը լայնակի կիսում են, մի մասը դնում կոնի վրա և սեղմելով պտտում 2 ուղղությամբ այնքան, մինչև ամբողջ հյութը մզվի տակը դրված անոթի մեջ։

Պտուտակավոր Հ. օգտագործելիս տրորած զանգվածը կամ հատապտուղները լցնում են ծակոտկեն ամանի մեջ և քամում պտուտակավոր մամլիչով։

Լծակավոր Հ. ունի շերեփի ձև, որը հոդակապով միացված է մամլիչ բռնակին։ Շերեփի մեջ տեղադրում են ծակոտկեն գլանաձև անոթը։ Տրորած բանջարեղենը կամ հատապտուղները լցնում են անոթի մեջ, ծածկում մամլիչ կափարիչով և սեղմում բռնակը։

Պարուրակավոր փոխարկիչով Հ. ունի մսաղացի տեսք, սեղանին ամրացվում է պտուտակամամուլով։ Նախատեսված է հատապտուղների հյութը մզելու համար։ Լվացած հատապտուղները լցնում են Հ-ի զետեղարանի մեջ։ Հյութը մետաղացանցի միջով հոսում է տակի անոթի մեջ, իսկ մզված զանգվածը ճզմվելով դուրս է մղվում իրանի անցքով։

Այս տեսակի Հ-ները թողարկում են նաև մսաղացի գլխադիրի տեսքով, որը բաղկացած է պարուրաձև միջուկից, կոնաձև ցանցից և կարգավորիչ պտուտակով իրանից։