Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառնել, լցնել մսի տաք արգանակ և 15-20 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Վերցնել կրակից, աղ անել, քամել, ավելացնել ջրով բացած տոմատի մածուկ, կարագի մանր կտորներ, աղացած կարմիր պղպեղ, շաքարավազ և խառնել։

2 բաժակ մսի արգանակին՝ 1/2 բաժակ տոմատախյուս, 1 ճաշի գղալ ցորենի ալյուր, 1-ական գազար, մաղադանոս, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ջրով բացած (1:1) տոմատի մածուկ, պղպեղը, շաքարավազը և աղը՝ ըստ ճաշակի։

Սոխով Ս.՝ տապակած կամ շոգեխաշած մսի, կոտլետի, տապակած լյարդի համար։ Սոխը մանր կտրտել և յուղով տապակել (մինչև վարդագույն դառնալը), ավելացնել աղ, պղպեղ, շաքարավազ և տապակել ևս 2-3 րոպե, այնուհետև ավելացնել քացախ և եփել մինչև թթվասերի թանձրության դառնալը։ Ալյուրը յուղով բովել, բացել արգանակով, եռացնել և քամել։ Ավելացնել քացախի ու սոխի խառնուրդը, դափնու տերև, խառնել, եփել ևս 10 րոպե, ապա վերցնել կրակից, ավելացնել կարագ, անհրաժեշտության դեպքում՝ նաև աղ, պղպեղ և շաքարավազ։

2 բաժակ մսի արգանակին՝ 2 գլուխ սոխ, 1 1/2 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2-3 ճաշի գդալ քացախ, աղը, շաքարավազը, պղպեղը և դափնու տերևը՝ ըստ ճաշակի։

Սպիտակ Ս.՝ եփած մսի, հավի, ճագարի համար։ Ալյուրը բովել կարագով (մինչև բաց դեղնավուն դառնալը) և բացել արգանակով, ավելացնել մանր կտրտած և թեթևակի տապակած արմտիք (մաղադանոս, նեխուր), սոխ, դափնու տերև, հատիկավոր պղպեղ, ապա 25-30 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Այնուհետև քամել, արմտիքը քերել, խառնել Ս-ին, ավելացնել աղ, կիտրոնաթթու կամ կիտրոնի հյութ, կարագ և խառնել։

1 1/2 բաժակ մսի կամ հավի արգանակին՝ 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2 ճաշի գդալ կարագ, 1-ական մաղադանոս և նեխուր, կիտրոնի հյութը կամ կիտրոնաթթուն, աղը, պղպեղը և դափնու տերևը՝ ըստ ճաշակի։

Թթվասերով Ս.՝ մսով կոտլետի, տապակած լյարդի համար։ Ալյուրը կարագով բովել, բացել մսի տաք արգանակով կամ ջրով, ավելացնել թթվասեր, ապա 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Վերցնել կրակից, աղ անել, քամել, ավելացնել կարագ և խառնել։

1/2 բաժակ արգանակին՝ 1/2 բաժակ թթվասեր, 1 1/2 ճաշի գդալ կարագ և 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, աղը՝ ըստ ճաշակի։

Ծովաբողկով Ս.՝ եփած մսի համար։ Ալյուրը կարագով բովել, բացել 1 բաժակ տաք արգանակով, ավելացնել թթվասեր և 5-10 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Ծովաբողկը քերել մանր քերիչով, բացել քացախով և ջրով, ավելացնել դափնու տերև, սև պղպեղ, եփել այնքան, որ հեղուկը գոլորշիանա։ Այնուհետև խառնել Ս-ին և եռացնել։ Վերցնել կրակից, աղ անել, ավելացնել կարագ և խառնել։

1 բաժակ արգանակին՝ 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2-ական ճաշի գդալ կարագ, ծովաբողկ, քացախ, ջուր, 1/2 բաժակ թթվասեր. դափնու տերևը, հատիկավոր սև պղպեղը, աղը՝ ըստ ճաշակի։

Ս-ներ ձկնային կերակուրների համար։

Սպիտակ Ս.՝ խաշած և շոգեխաշած տաք ձկան համար։ Ալյուրը թեթևակի բովել կարագով, բացել մկան տաք արգանակով, լավ խառնել և 15-20 րոպե եփել, վերցնել կրակից, աղ անել, ավելացնել կիտրոնի հյութ կամ բացած կիտրոնաթթու, քամել, ավելացնել կարագ և խառնել։ Կիտրոնի հյութի կամ կիտրոնաթթվի փոխարեն կարելի է օգտագործել վարունգի քամած և եռացրած թթվաջուր (1-2 ճաշի գդալ)։

2 բաժակ ձկան արգանակին 1 1/2 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր. կիտրոնի հյութը կամ կիտրոնաթթուն, աղը՝ ըստ ճաշակի։

Սպիտակ գինով Ս.՝ շոգեխաշած ձկան համար։ Մանր կտրտած մաղադանոսը և սոխը թեթևակի տապակել կարագով (1 ճաշի գդալ), առանց կրակից վերցնելու ալյուր ցանել, խառնել, տապակել ևս 2-3 րոպե, ավելացնել ձկան տաք արգանակ և 15–20 րոպե եփել մարմանդ կրակի վրա, ապա վերցնել կրակից, քամել, խառնելով ավելացնել 1 ճաշի գդալ կարագի հետ խառնած հում դեղնուց։ Այնուհետև աղ անել և ավելացնել սպիտակ գինի։

2 բաժակ ձկան արգանակին՝ 1 դեղնուց, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2 ճաշի գդալ կարագ, 1-2 ճաշի գդալ սպիտակ անապակ գինի, 1 մաղադանոս, 1 գլուխ սոխ. աղը՝ ըստ ճաշակի։

Տոմատով Ս.՝ խաշած կամ շոգեխաշած տաք ձկան համար։ Մանր կտրտած արմտիքը թեթևակի տապակել 1 ճաշի գդալ յուղով, ավելացնել ալյուր, տոմատախյուս և տապակել ևս 2-3 րոպե, ապա ավելացնել տաք արգանակ, աղ անել, խառնել և 15-20 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Վերցնել կրակից, քամել, ավելացնել 1 ճաշի գդալ կարագ և խառնել։

2 բաժակ ձկան արգանակին՝ 2 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 3 ճաշի գդալ տոմատախյուս, 1/2-ական գազար, մաղադանոս, 1/2 գլուխ սոխ. աղը՝ ըստ ճաշակի։

Հոլանդական Ս. (ձվով և կարագով)՝ խաշած ձկան համար։ Հում դեղնուցը հարել սառը ջրով, ավելացնել կարագի փոքր կտորներ, դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանալը (եռման չհասցնել)։ Կրակից վերցնել, աղ անել, ավելացնել կիտրոնի հյութ կամ ջրով բացած կիտրոնաթթու։ Հոլանդական Ս. չի կարելի եռացնել կամ շատ տաքացնել։ Եթե Ս. պատրաստելուց անմիջապես հետո չի օգտագործվում, ապա այն ամանով դնում են տաք ջրով մեկ այլ ամանի մեջ։ Այսպես կարելի է պահել 1 1/2-2 ժամ։

150 գ կարագին՝ 2 դեղնուց, 2 ճաշի գդալ ջուր, 1/2 կիտրոնի հյութ (կամ ջրով բացած 1 թեյի գդալ կիտրոնաթթու), աղը՝ ըստ ճաշակի։

Լեհական Ս. (ձվով և կարագով)՝ խաշած ձկան համար։ Խաշած ձուն մանր կտրտել և լցնել տաքացրած յուղի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ, մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ, աղ անել և խառնել։

100 գ կարագին՝ 2 խաշած ձու. կիտրոնի հյութը, կանաչին և աղը՝ ըստ ճաշակի։

Ս-ներ բանջարեղենով և ձավարեղենով կերակուրների համար։

Թթվասերով Ս.՝ բանջարեղենով կոտլետի և ջեռեփուկի համար։ Ալյուրը կարագով թեթևակի բովել, խառնելով ավելացնել բանջարեղենի եփուկ, թթվասեր, խառնել, դնել մարմանդ կրակի վրա, 5-10 րոպե եփել, վերցնել կրակից, աղ անել և քամել։

1/2 բաժակ բանջարեղենի եփուկին՝ 1 բաժակ թթվասեր, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 1 ճաշի գդալ կարագ, աղը՝ ըստ ճաշակի։

Կաթով Ս-ի համար ալյուրը բովել կարագով, խառնելով ավելացնել տաք կաթ և եփել 10 րոպե, վերցնել կրակից, աղ անել և քամել։

1 1/2 բաժակ կաթին՝ 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 1 ճաշի գդալ կարագ, աղը՝ ըստ ճաշակի։

Սնկով Ս.՝ կարտոֆիլով, բրնձով և սպիտակաձավարով կոտլետների համար։ Ալյուրը բովել կարագով մինչև դարչնագույն դառնալը, խառնելով ավելացնել սնկի արգանակ և եռացնել 10-15 րոպե, այնուհետև ավելացնել մանր կտրտած և խաշած սունկ (թարմ կամ չորացրած), սոխառած, աղ և աղացած պղպեղ։

2 բաժակ սնկի արգանակին՝ 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2 ճաշի գդալ կարագ կամ 1/4 բաժակ ձեթ, 1-2 գլուխ սոխ, 5-6 սունկ, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Տոմատով Ս.՝ լցոնած բանջարեղենի, մսով և կարտոֆիլով կոլոլակի համար։ Մանր կտրտած արմտիքը և սոխը թեթևակի