Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանգստի գոտին երկու բազկաթոռը և լրագրասեղանը, ամբողջացնում է հատակին փռած գորգը։ Հեռուստացույցը դրված է պատի պահարանի խորշում։ Պահարանի հետգցովի դռնակով բաժանմունքը լուսամուտի մոտ դնելով կարելի է ստեղծել աշխատանքային գոտի։ Անկյունում դրված են զգեստապահարանը և սպիտակեղենի պահարանը, դռան աջ կողմում՝ ծալովի ճաշասեղանը։ Նախասենյակը կահավորված է ներկառուցված պահարանով։ Դիմացի պատին կարելի է ամրացնել կախիչը և հայելին։ Խոհանոցի տարածքն օգտագործվում է արդյունավետ կահավորանքի անկյունային դասավորության շնորհիվ։

Երկու սենյականոց բնակարանի (նկ. 2) ընդարձակ նախասենյակը կահավորված է անտրեսոլ ունեցող երկբաժանմունք պահարանով։ Խոհանոցում տեղակայված է էլեկտրական սալօջախ և օդամաքրիչ: Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանող շարժամիջնորմը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում մեծացնել ընդհանուր սենյակի տարածությունը։ Ընդհանուր սենյակի կենտրոնական մասում հանգստի գոտին է, որը կահավորված է բազմոցով, բազկաթոռներով և լրագրասեղանով։ Պատի մոտ դրված բաժանմունքավոր պահարանը նախատեսված է գրքերի և ռադիոսարքերի համար։ Հեռուստացույցը դրված է բազմոցի դիմաց՝ պատվանդանի վրա, բացովի ճաշասեղանը՝ լուսամատի մոտ։ Հնարավոր է ընդհանուր սենյակի կահավորման մեկ այլ տարբերակ, երբ ճաշասեղանի փոխարեն լուսամուտի մոտ դրվում է գրասեղան և բազկաթոռ։

Լողասենյակի դիմացի պատի ներկառուցված պահարանը կարելի է օգտագործել հագուստ կամ տնտեսական ապրանքներ պահելու համար։ Ննջասենյակը նույնպես կահավորված է դռան վերևում անտրեսոլային բաժանմունք ունեցող ներկառուցված պահարանով։ Ննջասենյակի կահույքը բաղկացած է երկտեղ մահճակալից, որի գլխավերևում կա փոքրիկ դարակ գիշերալամպի և գրքերի համար, մահճակալամերձ ցածր պահարանից, հարդարանքի հայելիավոր սեղանից։ Դիմացի պատի մոտ տեղադրված է մանկական մահճակալ՝ մինչև երեք տարեկան երեխայի համար, և կահույքի ցածր բաժանմունք՝ երեխայի իրերի և խաղալիքների համար։

Երեք սենյականոց բնակարանում (նկ. 3) ապրում է 4 անձից բաղկացած ընտանիք՝ ծնողներ և դպրոցահասակ երկու երեխա։ Նախասենյակի պատերից մեկն ամբողջությամբ զբաղեցնում է ներկառուցված պահարանը, որի խորշում խոհանոց տանող դուռն է։ Դիմացի պատին փակցված են կախիչն ու հայելին, որի մոտ աթոռ է դրված։ Խոհանոցի կահավորանքն ունի անկյունային դասավորություն։ Մուտքից աջ դրված է բարձր պահարանը։ Ընդհանուր սենյակում դռան դիմաց բացովի ճաշասեղանն է։ Պատերից մեկն զբաղեցնում է հագուստի, գրքերի և այլ իրերի համար նախատեսված բաժանմունքներով պահարանը, որի դիմաց, լուսամուտի մոտ անկյունային բազմոցն է։

Փոքր-ինչ երկարուկ մանկական սենյակը նախատեսված է երկու դպրոցականի համար։ Սենյակի անհամաչափությունը շտկվում է լուսամատի դիմացի պատի ներկառուցված պահարանի առկայությամբ։ Կողք-կողքի դրված մահճակալների գլխավերևի ցածր պահարանները նախատեսված են սպիտակեղենի համար։ Լուսամուտի մոտ դրված է մեծ գրասեղան, որը կարելի է համատեղել լուսամուտագոգի հետ։ Աշխատասեղանի վերևում կախված են գրադարակներ։ Դռան դիմացի պատի մոտ նույնպես կարելի է աշխատասեղան դնել։

Ծնողների ննջասենյակի լողասենյակի հետ ընդհանուր պատն զբաղեցնում են ներկառուցված կամ բաժանմունքավոր պահարանները սպիտակեղենի և հագուստի համար։ Մահճակալի գլխավերևի նեղ պահարանը ներառում է գրադարակը, գիշերալամպերը, մահճակալամերձ ցածր պահարանը, հարդարանքի հայելիավոր սեղանը և փոքր գզրոցները։

Չորս սենյականոց բնակարանի (նկ. 4) երկարավուն նախասենյակը բաժանված է գոտիների։ Մուտքի մոտ խոհանոցի