Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստել բովահացով խյուս, տերևները տապակել ձվով։

Ս-ի աղցան. ընտրել, լվանալ, կտրտել, լցնել եռացող աղաջրի մեջ, եփել։ Այնուհետև քամիչով քամել և թողնել հովանա, լցնել սալաթամանի մեջ, համեմել (աղ, պղպեղ, քացախ)։ Առանձին մատուցել ծեծած սխտոր (կարելի է և սխտորով մածուն)։

ՍՊԱՍ, թանապուր, թանով կամ ջրով բացած մածնով, ձավարով կամ բրնձով և զանազան համեմունքներով ապուր։

Ձուն ու ալյուրը խառնել, ավելացնել ջրով բացած մածուն (1:1) և մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով, եռման հասցնել։ Այնուհետև ավելացնել եփած ցորենի ձավար (եփուկով) կամ բրինձ, սոխառած, համեմ կամ դաղձ, խառնել և եռացնել։

1/2 լ մածունին կամ 1 լ թանին 2 թեյի գդալ ալյուր, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ յուղ, 1/3 բաժակ ցորենի ձավար կամ բրինձ, 1 ձու. կանաչին և աղը՝ ըստ ճաշակի։

Սյունիքի Ս.։ Ցորենի կորկոտը լվանալ և եփել։ Ոսպը լվանալ, եփել։ Հովացած ոսպը խառնել կորկոտին։ Չորթանը բացել ջրով, ավելացնել ոսպի և կորկոտի խառնուրդին, դնել կրակին և, պարբերաբար խառնելով, եռման հասցնել։

Ս. մատուցել սառը՝ վրան համեմ ցանած։

100 գ չորթանին՝ 1 լ ջուր, 1/3 բաժակ ոսպ, 1/3 բաժակ կորկոտ, 2 թեյի գդալ ալյուր. աղը, համեմը՝ ըստ ճաշակի։

ՍՊԻՏԱԿԱՁԱՎԱՐ, տես Ձավար:

ՍՏԱՎՐԻԴԱ, ծովաձուկ։ Ապրում է Սև, Բալթիկ և Ճապոնական ծովերում։ Սև ծովում ապրում են մանր Ս-ներ, խոշորը (միջերկրածովյան) հազվադեպ է հանդիպում։ Զանգվածը 400 գ է։ Վաճառվում է սառեցրած, ապխտած և հազվադեպ աղ դրած։ Ս-ից պատրաստում են տարբեր կերակրատեսակներ, խորհուրդ է տրվում այն եփել համեմված բանջարեղենի արգանակում։ Ս. մշակելիս անհրաժեշտ է հեռացնել ձկան պոչի փշերը։

ՍՏԵՊՂԻՆ, սպիտակ արմատիկ, տապղին, երկամյա խոտաբույս է։ Մշակում են որպես համեմունքային բանջար։ Հայաստանում մշակվում է հիմնականում պահածոների գործարաններին կից գոտիներում։ Տարածված են Ուսանող և Կլոր վաղահաս սորտերը (առավել տարածված է Կլոր սորտը)։ Սննդի մեջ օգտագործում են մսոտ արմատապտուղը, որը պարունակում է շաքար, C (20 մգ %), B1 և B2 վիտամիններ, եթերայուղեր։ Որպես համեմունք օգտագործում են զանազան կերակրատեսակների (շոգեխաշած միս և բանջարեղեն) հետ։

ՍՐՃԱՂԱՑ, լինում են ձեռքի և էլեկտրական Ս-ներ։ Ձեռքի Ս. ունի փայտե կամ մետաղե իրան, որի մեջ տեղադրված է ձեռքի բռնակով շարժման մեջ դրվող ատամնաղացը և աղացվածքի մանրության կարգավորիչ պտուտակը։ Սղացած սուրճը հավաքվում է իրանի ներքևի մասի ամանում։ Բոլոր էլեկտրական Ս-ներն աշխատում են նույն սկզբունքով. թիակներով սկավառակն արագ պտտվելով մանրացնում է սուրճի հատիկները։ Էլեկտրական Ս-ները բաղկացած են երկմաս պլաստմասսայե իրանից, որի մի մասում տեղադրված է էլեկտրաշարժիչը, իսկ մյուսում պտտվող սկավառակով թասիկը (հատիկների համար)։ Թասիկի մեջ կարելի է լցնել 2-3 թեյի գդալ սուրճի հատիկներ և աղալ 1-2 րոպե։ 2-3 անգամ աղալուց հետո պետք է թողնել, որ Ս. հովանա։

Էլեկտրական Ս. օգտագործում են նաև շաքար, պաքսիմատ և այլ մթերք աղալու համար։ Ս. դատարկ միացնելն արգելվում է։ Աղալուց հետո անհրաժեշտ է Ս. մաքրել չոր շորով։ Էլեկտրական Ս. կարելի է երկար ժամանակ չյուղել և չփոխել շարժիչի էլեկտրական խոզանակները։

ՍՐՃԵՓ, լինում է տարբեր տաքացնող սարքերի վրա դրվող, ինչպես նաև գեյզերով և էլեկտրական։ Գեյզերով Ս-ի իրանում տեղադրված է ծակոտկեն գլան, որի մեջ լցնում են աղացած սուրճը։ Գլանի միջով անցնող եռացող ջրով սուրճը եփվում է։ Սուրճի մրուրը մնում է գլանի մեջ։

Էլեկտրական Ս-ները (զտիչ և գեյզերային) ջեռուցվում են 700-1200 Վտ հզորության էլեկտրաջեռուցիչ մարտկոցով։ Ս-ի տարողությունը 0,2-1,5 լ է, սուրճի եփման տևողությունը՝ 10-25 րոպե, զանգվածը՝ 1,5 կգ։ Կան էլեկտրական Ս–ներ, որոնք սնվում են 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Այդ Ս-ի տարողությունը 0,39 լ է, սուրճի եփման տևողությունը՝ 4 րոպե, զանգվածը՝ 0,22 կգ

Ս. օգտագործելուց հետո անհրաժեշտ է լավ լվանալ։

ՍՈՒՋՈՒԽ մսի, տավարի աղացած մսով և համեմունքներով մսամթերք՝ երշիկի տեսակ։

Տավարի փափկամիսը մշակել, ինչպես բաստուրմայինը։

Մսի կտորներին տրորելով քսել աղի և բորակի խառնուրդ, դնել թասի մեջ և թողնել 2 օր։ Այնուհետև միսը թեթևակի լվանալ սառը ջրով, ցամաքեցնել փայտե ցանցի վրա, ապա մանր կտրտել, մսաղացով աղալ, լցնել թասի մեջ, ավելացնել մանրած սխտոր, աղացած կարմիր պղպեղ, դարչին, հիլ, լավ խառնել, շորով ծածկել և այդպես թողնել 2-3 ժամ (հասունանալու համար)։

Խոշոր եղջերավոր անասունի աղիքները լավ լվանալ, կտրտել 40 սմ երկարությամբ, մի ծայրը թելով կապել, մեջը լցնել խճողակը և թելով կապել երկրորդ ծայրը։ Թեթևակի ծռելով պայտաձև դարձնել և ծայրերն իրար կապել։ Պատրաստած Ս. դնել սեղանին, ծածկել թանզիֆով, վրան դնել տախտակ, քար և 3 օր այդպես թողնել, այնուհետև կախել ստվերոտ և լավ քամհարվող տեղում։ 10-15 օր անց Ս. ամրանում է։

Ս. պատրաստելիս կարելի է տավարի մսին նաև դմակ ավելացնել։

10 կգ տավարի փափուկ մսին՝ 250 գ աղ, 10 գ բորակ, 100 գ կարմիր պղպեղ, 150 գ սխտոր, 1 գ դարչին և 2 գ հիլ։

Ս. են անվանում նաև շարոցը.

ՍՈՒՐՃ, արևադարձային սրճենու սերմերը (սրճի ունդեր կամ հատիկներ), ինչպես նաև դրանցից պատրաստած հաճելի համով և նուրբ բույրով ըմպելիքը։

Հատիկները պարունակում են թաղանթանյութ, ազոտային նյութեր, կոֆեին, շաքար, ճարպ և հանքային աղեր։