Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելացնել 1 1/2 բաժակ շաքարավազ, 2 բանկա թթվասեր և 200 գ կտրտած ընկույզ։

Տ. «Թռչնի կաթ», խմորը. 6 ձուն, 2 բաժակ շաքարավազը, 50 գ կարագը, 2 ճաշի գդալ մեղրը և 1 թեյի գդալ սոդան խառնել ամանի մեջ, դնել եռացող ջրով կաթսայի մեջ և ժամանակ առ ժամանակ խառնել։ Երբ խառնուրդը սկսի փրփրել, քիչ-քիչ ավելացնել 4 բաժակ ալյուր և խմոր հունցել։ Խմորը բաժանել 4 մասի, տարածել սաճի չափով կտրած մոմաթղթի վրա և թխել մինչև վարդագունելը։

Շերտերի վրա կրեմ քսել (մեկից բացի), դնել իրար վրա, վրայի շերտը պատել օշարակով (պատրաստել նույն եղանակով, ինչ «Վասպուրական» Տ-ի օշարակը)։

Կրեմը. 2 բաժակ կաթն ու 2 ճաշի գդալ ալյուրը խառնել, որ ստացվի համասեռ զանգված, և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ 200 գ կարագը հարել մինչև սպիտակելը, հարելով քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ, ապա՝ եփած հովացած զանգվածը։ Վերջում գցել 2 պտղունց վանիլին։

Տ. շոկոլադով, խմորը. 4 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ մանրահատիկ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, հարելով ավելացնել 200 գ կարագ, 2-2 1/2 բաժակ ալյուր, խմոր հունցել, բաժանել 3 մասի, բացել 1,2 սմ հաստության շերտով և թխել մինչև վարդագունելը։

Լցոնը. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, հարելով ավելացնել 1/2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ մանրած ընկույզ, 1 կիտրոնի կեղև (քերած)։ Լցոնը բաժանել 2 մասի և քսել թխվածքաշերտերին։ Վրայի շերտը պատել շոկոլադի կրեմով:

Կիտրոնով Տ., խմորը. 4 ձվի դեղնուցը և 1 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 200 գ կարագ, 1 բանկա թթվասեր՝ 1 թեյի գդալ սոդայով, 2 1/2 բաժակ ալյուր և 2 պտղունց վանիլին։ Խմորը լցնել մոմաթղթով սաճի մեջ և թխել։ Հովանալուց հետո թխվածքը լայնակի կիսել, երկու կեսը դնել իրար վրա, չոր եզրերը կտրել և պահել վրան փշրելու համար։ Շերտերին կրեմ քսել, դնել իրար վրա, կողքերը պատել կրեմով և զարդարել փշրանքով։

Կրեմը. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, հարելով քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 1 աղացած կիտրոն (կեղևով)։

Տ. «Իդեալ», խմորը. 4 ձուն և 1 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 1/2 թեյի գդալ դարչին, 2 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր, 1 բաժակ մանրած ընկույզ և 2 բաժակ ալյուր՝ 2 թեյի գդալ սոդայի հետ խառնած։ Ստացված թույլ խմորը բաժանել 3 մասի, տարածել մոմաթղթի վրա և թխել ջեռոցում մինչև վարդագունելը։

Հովացած շերտերին կրեմ քսել, դնել իրար վրա, և Տ. զարդարել ընկույզով։

Կրեմը. 200 գ կարագը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, 2 ճաշի գդալ կակաո և 1 թեյի գդալ լուծվող սուրճ։

Տ. մատուցել կրեմը քսելուց 2-3 ժամ հետո։

Տ. դոնդողաշերտով, խմորը. 6 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 100 գ կարագ, մի պտղունց աղ, 1/2 թեյի գդալ սոդա, 3/4 բաժակ ալյուր։ Խմորը բաժանել 2 մասի և թխել ջեռոցում (մոմաթղթի վրա) մինչև վարդագունելը։

Դոնդողազանգվածը. 1/3 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ դոնդողանյութ և թողնել 2-3 ժամ, ապա ավելացնել ևս 1/3 բաժակ ջուր, 1 1/4 բաժակ շաքարավազ, 1/3 թեյի գդալ կիտրոնաթթու, խառնել, դնել մարմանդ կրակի վրա և խառնելով եռման հասցնել։

6 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, խառնելով քիչ-քիչ ավելացնել հովացած դոնդողը։

Դոնդողազանգվածը լցնել հովացած թխվածքաշերտի վրա, ծածկել երկրորդ շերտով, ձեռքով սեղմել, որպեսզի դոնդողազանգվածը հավասարաչափ տարածվի շերտերի միջև և վրայի շերտը պատել օշարակով (պատրաստել նույն եղանակով, ինչ «Վասպուրական» Տ-ի օշարակը)։ Պատրաստի Տ. պահել սառնարանում։

ՑԱԽԱՔԼՈՐ, մայրահավ, որսաթռչուն։ Ց-ի նախնական մշակման և մսի կտրտելու մասին տես Թռչնամիս հոդվածում։ Խաշելիս միսը պետք է ողնաշարի ոսկրերից անջատել, որովհետև դրանք արգանակը դառնահամ են դարձնում։

ՈՒՂԵՂ, օգտագործում են տապակած, եփած, ջեռեփած ևն։

Ու. տապակած. մինչև պատրաստելը Ու. 1-2 ժամ թողնել սառը ջրի մեջ, այնուհետև զգուշորեն հանել թաղանթը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել քացախ, աղ, դափնու տերև, հատիկավոր պղպեղ և վրան ջուր լցնել։ Եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփել ևս 25-30 րոպե։ Թողնել, որ հովանա, ապա հանել եփուկի միջից, կիսել, աղ և պղպեղ ցանել, թավալել ալյուրի մեջ, 2 կողմից տապակել տաքացրած յուղով տապակի մեջ մինչև կարմրելը։ Մատուցելիս վրան լցնել տաքացրած յուղ (կարելի է նաև կիտրոնի հյութ), ցանել կտրտած մաղադանոս և սամիթ։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, կանաչ ոլոռ։

Ու. կարելի է պատրաստել նաև աղացած պաքսիմատով, խաշած Ու. թավալել ալյուրի մեջ, թաթախել հարած ձվի մեջ, ապա կրկին թավալել աղացած պաքսիմատի մեջ։ Տապակել, ինչպես նկարագրված է վերևում։

150 գ Ու-ին՝ 2-3 ճաշի գդալ յուղ, 1 ճաշի գդալ ցորենի ալյուր, 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 1-2 ճաշի գդալ քացախ, 2-3 դափնու տերև, 5-6 հատիկավոր պղպեղ, 1 ձու։


ՈՒՐՑ, դաշտուրց, թյում, Հայաստանում աճում է ամենուրեք։ Առավել տարածված են Կոչի, անդրկովկասյան, նոսրածաղիկ, բլրածաղիկ տեսակները։ Ունի սուր հաճելի հոտ ու համ։

Պարունակում է եթերայուղեր (0,51 %), խեժ, թթուներ, աղաղանյութեր, կալցիում, կալիում, մագնեզիում ևն։ Թարմ կամ չորացրած Ու-ով համեմում են լոբով և մսով կերակրատեսակները, երշիկը, թանապուրը, սալաթները, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները ևն։ Ու-ի եթերայուղն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոյի, օծանելիքի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ։

ՓԱՍԻԱՆ, որսաթռչուն, զանգվածը՝ մինչև 1,7 կգ։ Փ-ի նախնական մշակումը և մսի կտրտումը տես Թռչնամիս հոդվածում։ Փ-ի միսն ավելի համեղ է տապակած։

Փ. տապակած. մսեղիքին աղ ցանել, հյութեղ լինելու համար գիրուցել կամ փաթաթել խոզի անալի ճարպաշերտով (թելով կապել)։ Թուջե խոր տապակի մեջ տաքացնել յուղ կամ ճարպ (2-3 ճաշի գդալ) և մսեղիքը տապակել մինչև վարդագույն կեղևի գոյանալը, այնուհետև դնել ջեռոցը և 40-45 րոպե տապակել (ընթացքում վրան լցնել տապակելուց գոյացած հյութը)։

Պատրաստի մսեղիքը կտրտել հատուկ մկրատով, կտորները դնել սկուտեղի մեջ, վրան ցողել տապակելիս գոյացած հյութը և զարդարել մաղադանոսի տերևներով։

Տես նաև Որսամիս: