Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓԻՓԵՐԹ, մոլոշ, բալբա, եղիճկիտակ, Հայաստանում տարածված է անտառային, արհամարհված, ցածր, մանրածաղիկ, սովորական տեսակները։ Պարունակում է թաղանթանյութ, լորձանյութ, պրոտեին, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, սպիտակուցներ, կարոտին (A նախավիտամին), վիտամին E, C, ներկանյութ ևն։ Փ-ի տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (կարելի է պատրաստել ապուրներ, սալաթներ)։ Դրանք չորացնում են նաև ձմռան համար։ Ժողովրդական բժշկության մեջ Փ. օգտագործում են որպես հակաբորբոքային և խխահան միջոց։

ՓԼԱՎ, եփում են ձավարեղենից և լոբազգիներից՝ մսով, ձկով, բանջարեղենով, մրգով, հատապտուղներով ևն։ Փ. լինում է քամովի և քաշովի։ Առավել տարածված է բրնձով Փ.։ Եփելուց առաջ բրինձն անհրաժեշտ է ընտրել, լվանալ և 30-40 րոպե թրջել աղ գցած գոլ ջրով։

Փ. քամովի. թրջած բրինձը լցնել աղ գցած եռացող ջրի մեջ և եփել մինչև բրնձի հատիկների արտաքին շերտի փափկելը (ներսից՝ կիսաեփ)։ Բրինձը լցնել փլավքամիչի մեջ, վրան սառը ջուր լցնել և թողնել, որ ջրքամվի։ Խոր կաթսայի մեջ լցնել յուղի մի մասը (նախատեսվածի կեսը), դաղել, ավելացնել բրինձը, բլրի ձև տալ, ծակծկել և անցքերի մեջ լցնել մնացած յուղը, ապա կաթսան կափարիչով կիպ ծածկել և 40-45 րոպե եփել մարմանդ կրակի վրա։

1 բաժակ բրնձին՝ 4 բաժակ ջուր, 3 ճաշի գդալ հալած յուղ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. քաշովի. յուղի մի մասը (նախատեսվածի կեսը) լցնել աղ գցած եռացող ջրի մեջ, ավելացնել թրջած բրինձը և եփել մարմանդ եռքով։ Երբ բրնձի երեսի ջուրը քաշվի, վրան լցնել մնացած յուղը, կաթսան կափարիչով կիպ ծածկել և 30-40 րոպե եփել մարմանդ կրակի վրա։

Բրնձով քաշովին եփում են նաև սոխառածով։

1 բաժակ բրնձին՝ 2-2 1/2 բաժակ ջուր, 3 ճաշի գդալ հալած յուղ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. ձվածեղով. յուղի մի մասը (նախատեսվածի կեսը) հալել լայն կաթսայի մեջ, վրան հարած ձու լցնել, 1-2 րոպե հետո ավելացնել կիսաեփ բրինձը, ապա՝ մնացած յուղը և եփել մարմանդ կրակի վրա։

Փ. մատուցել՝ ձվածեղի կտորները վրան դրած։

1 բաժակ բրնձին 4 ճաշի գդալ հալած յուղ, 2 ձու. աղը՝ ըստ ճաշակի։

Փ. հոնով. բրնձով քամովի Փ. եփել։ Չորացրած հոնը լվանալ, 25-30 րոպե թրջել, կորիզները հանելուց հետո քամիչով անցկացնել։ Ստացված զանգվածին ավելացնել շաքար, մեկ բաժակ տաք ջուր և եռացնել։ Փ. մատուցել՝ հոնի խյուսը վրան լցրած։

1 բաժակ բրնձին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, մի բուռ չորացրած հոն, 1 թեյի գդալ շաքարավազ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. լավաշով. հատակը յուղած լայն կաթսայի մեջ դնել լավաշի կտորներ, վրան բլրաձև լցնել կիսաեփ բրինձը, ծակծկել և լցնել հալած յուղ։ Կաթսան կիպ ծածկել և եփել մարմանդ կրակի վրա։

1 բաժակ բրնձին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, 1 լավաշ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. տապակած ոչխարի մսով. բրնձով քամովի Փ. եփել։ Ոչխարի միսը լվանալ, մանր կտրտել և յուղով տապակել, ապա ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ, նռան հատիկներ և ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կաթսայի պարունակությունը)։ Տապակը ծածկել, եփել մարմանդ կրակի վրա։

Փ. մատուցել սկուտեղով, ափսեով մատուցել ոչխարի միսը իր հյութով։

1 բաժակ բրնձին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, 300 գ ոչխարի միս, 1 գլուխ սոխ, 1/2 բաժակ նռան հատիկ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. արիշտայով. արիշտան թեթևակի բովել մինչև մուգ դեղնավուն գույն ստանալը, լցնել աղ գցած եռացող ջրի մեջ, եփել, հետո շուռ տալ փլավքամիչի մեջ, վրան գոլ ջուր լցնել և թողնել, որ ջրքամվի։ Յուղի մի մասը հալել լայն կաթսայի մեջ, լցնել եփած արիշտան, վրայից՝ մնացած յուղը։ Կաթսան ծածկել, դնել մարմանդ կրակի վրա և եփել։

1 բաժակ արիշտային՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. մրգաչրով. բրնձով քամովի Փ. եփել։ Յուղը դաղել տապակի մեջ, ավելացնել տաք ջրով լվացած մրգաչիրը, շաքար, մեխակ, կափարիչով ծածկել և թեթևակի տապակել մարմանդ կրակի վրա։

Փ. մատուցել սկուտեղով՝ վրան տապակած մրգաչիր լցրած և դարչին ցանած։ Միրգը կարելի է մատուցել առանձին ափսեով։

1 բաժակ բրնձին՝ 3 ճաշի գդալ յուղ, մեկական բուռ ծիրանաչիր, չամիչ, սև սալորաչիր, 1 թեյի գդալ շաքարավազ, 10 հատիկ մեխակ. դարչինը՝ դանակի ծայրով, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. իշխանով. մաքրած, լվացած իշխանը կտրտել, շարել յուղած տապակի մեջ, վրան լցնել կաթի հետ հարած ձու և տապակել ջեռոցում։

Կիսաեփ բրինձը խառնել եփած կարմիր լոբու հետ։ Յուղի մի մասը (նախատեսվածի կեսը) հալել կաթսայի մեջ, լցնել բրինձն ու լոբին և ավելացնել մնացած յուղը։ Կաթսան կիպ ծածկել և Փ. եփել մարմանդ կրակի վրա։

Փ. մատուցել ձկան կտորներով։

1 բաժակ բրնձին՝ 1 բաժակ լոբի, 600 գ իշխան, 1/2 բաժակ հալած յուղ, 3 ձու, 1/2 բաժակ կաթ. աղը՝ ըստ ճաշակի։

Չալ քաշովի. կիսաեփ բրինձն ու ոսպը խառնել։ Դեղնասալորն ընտրել, լվանալ և յուղով տապակել։ Լայն կաթսայի մեջ հալել նախատեսված յուղի կեսը, վրան լցնել կիսաեփ բրինձն ու ոսպը, ապա մնացած յուղը և եփել մարմանդ կրակի վրա։

Փ. մատուցել տապակած դեղնասալորը վրան լցրած։

1 բաժակ բրնձին՝ 1 բաժակ ոսպ, 1/2 բաժակ հալած յուղ, 1 բաժակ դեղնասալոր, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. սնկով. թարմ սունկը մաքրել, լվանալ և 10-15 րոպե եփել աղ արած ջրի մեջ, ապա ջրքամել և մանր կտրտել։ Սնկի արգանակով կարելի է ապուր եփել։ Նախատեսված յուղի կեսը հալել լայն կաթսայի մեջ, ավելացնել սնկի հետ խառնած բրինձը, վրան լցնել մնացած յուղը, կաթսան ծածկել և եփել մարմանդ կրակի վրա։

300 գ թարմ սնկին՝ 3 ճաշի գդալ յուղ, 1 բաժակ բրինձ, աղը՝ ըստ ճաշակի։

Փ. «Արարատ». բրնձով եփել քամովի Փ.։ Պատրաստի Փ. լցնել ձվաձև սկուտեղի մեջ և բլրի ձև տալ (մեծ ու փոքր երկու բլուր)։ Փ-ի շուրջը խորոված խնձոր և սերկևիլ շարել (արանքում դնել միջուկները հանած մի քանի թարմ խնձոր)։ Բլուրները (գագաթներից բացի) ծածկել յուղով տապակած չամիչով, դեղնասալորով, ծիրանաչրով և կեղևած նուշով։ Թարմ խնձորների փոսիկների մեջ սպիրտ լցնել և վառել։ Փ. մատուցելիս, սենյակի լույսը մարել։

7 բաժակ բրնձին՝ 8 խնձոր, 4 սերկևիլ, 1 բաժակ հալած յուղ, 1 բաժակ չամիչ, 3/4 բաժակ նուշ, 1/2 բաժակ ծիրանաչիր, 1/2 բաժակ դեղնասալոր։ Ձևավորման համար՝ 4-5 թարմ խնձոր, 50-100 գ սպիրտ։

Փ. «Հարսանեկան». բրնձով քամովի Փ. եփել։ Նուշը գցել եռման ջրի մեջ, կեղևել և մանր կտրտել։ Մրգաչիրը լվանալ։ 1:1 հարաբերությամբ մեղրաջուր պատրաստել։ Մրգաչիրն ու նուշը յուղով տապակել, վրան լցնել մեղրաջուրը և եռացնել։

Փ. մատուցել սկուտեղի մեջ՝ մրգի խյուսը վրան լցրած։

1 բաժակ բրնձին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, մեկական բուռ ծիրանաչիր, չամիչ, սև սալոր և նուշ, 2 ճաշի գդալ մեղր, աղը՝ ըստ ճաշակի։