Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ, արյան անոթների քրոնիկական հիվանդություն, որի ժամանակ զարկերակների պատերի վրա նստում են ճարպանման նյութեր, և այդ հատվածներում զարգանում է սպիական հյուսվածք։ Ա-ին բնորոշ է ալիքաձև ընթացքը՝ սրացումներով և հանգստի շրջաններով։ Այս տարածված հիվանդաթյամբ սովորաբար տառապում են 40-45 տարեկանից բարձր անձինք։ Ա-ին հակված են նստակյաց կյանք վարող, ոչ ճիշտ սնվող (կենդանական ճարպեր և ածխաջրեր առատ օգտագործող, բանջարեղեններ և մրգեր քիչ օգտագործող), ծխախոտը չարաշահող, հիպերտոնիկ, շաքարային հիվանդություններով տառապող անձինք։ Առավել հաճախ հիվանդանում են մտավոր աշխատանքով զբաղվողները, քաղաքաբնակները։ Ա-ի զարգացման գործում կարևոր դեր ունեն անոթների ֆունկցիայի նյարդաներզատական կարգավորման, ինչպես նաև ճարպային (հատկապես խոլեստերինային) և սպիտակուցային փոխանակության խանգարումները։ Դրանց հետևանքով խոշոր զարկերակների պատերին առաջանում են ճարպային փոխանակության նյութերի կուտակումներ, այսպես կոչված աթերոսկլերոզային թմբիկներ, որոնք պարունակում են խոլեստերին, ճարպաթթուներ և չեզոք ճարպ։ Թմբիկները հետզհետե շատանում են, դրանցում կուտակվում են կալցիումի աղեր, զարկերակի պատերն անհավասարաչափ հաստանում են, կորցնում առաձգականությունը և կարծրանում։ Դրա հետևանքով նեղանում է անոթի լուսանցքը և խանգարվում օրգանների ու հյուսվածքների արյունամատակարարումը։ Ախտահարվում են հիմնականում գլխուղեղի, սրտի, երիկամների, ոտքերի արյան անոթները։ Գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզի ժամանակ ընկնում է աշխատունակությունը (հատկապես մտավոր), թուլանում են հիշողությունը, ակտիվ ուշադրությունը, և առաջանում է արագ հոգնածություն։ Հիվանդները դառնում են դյուրագրգիռ, գանգատվում են անքնությունից, գլխապտույտներից, գլխում աղմուկի և ծանրության զգացումից։ Բարձիթողի դեպքերում հնարավոր են հոգեկան խանգարումներ. վարքի փոփոխություններ (անհեթեթություն, կպչունություն, բծախնդրություն ևն), ինտելեկտի նվազում ընդհուպ մինչև թուլամտություն։ Հիվանդությունը բարդանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներով (տես Կաթված)։ Սրտի անոթների Ա. (պսակային Ա.) հանգեցնում է այդ անոթների լուսանցքի նեղացման և կծկանքի (սպազմ), որի հետևանքով զարգանում է սրտի մկանների արյունամատակարարման անբավարարություն։ Առաջանում են սրտի շրջանի և կրծոսկրի հետևի նոպայաձև ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ձեռքը, թիակը կամ պարանոցի ձախ կեսը ֆիզիկական և նյարդահոգեկան լարումների, հետագայում նաև հանգստի ժամանակ (տես Կրծքային հեղձուկ, Սրտամկանի ինֆարկտ): Ա-ի բուժման մեջ հիմնական դեր են կատարում առողջ ապրելակերպին նպաստող միջոցառումները։ Անհրաժեշտ է մկանային համակարգի աշխատանքի գործուն ռեժիմ՝ հաշվի առնելով մարդու տարիքը և առողջական վիճակը։ Ա-ով տառապող տարեցներին խորհուրդ է տրվում հիգիենային և բուժական մարմնամարզություն (բժշկի նշանակմամբ), ամենօրյա զբոսանքներ, կենդանական ճարպերով և խոլեստերինով հարուստ սննդամթերքի (ուղեղ, միս, ձուկ), կերակրի աղի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի (շաքար, հրուշակեղեն) սահմանափակում։ Անհրաժեշտ է օգտագործել ճարպերի և ճարպանման միացությունների կուտակումները խոչընդոտող նյութերով հարուստ սնունդ (կաթնաշոռ, վարսակաձավար), բուսական յուղեր, բանջարեղեն և մրգեր։ Մարմնի ավելորդ զանգվածի դեպքում բժիշկը նշանակում է բեռնաթափման օրեր (տես Բուժական սնունդ)։ Հիվանդները պետք է խուսափեն նյարդային գերլարվածությունից, անհրաժեշտ է լիարժեք քուն։

ԱԼԵՐԳԻԱ, օրգանիզմի բարձր զգայունությունը մի շարք գործոնների՝ ալերգենների (քիմիական նյութեր, սննդամթերք, մանրէներ ևն) կրկնակի ազդեցության հանդեպ, որը հանգեցնում է ալերգիական հիվանդությունների զարգացման։

Ալերգիական հիվանդությունները հայտնի են հին ժամանակներից։ Դեռևս «բժշկության հայր» Հիպոկրատը (մ.թ.ա. V-IVդդ.) նկարագրել է որոշ սննդամթերքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր, որոնք արտահայտվել են ստամոքսի խանգարմամբ և ցանով։ Հին հռոմեացի բժիշկ Գալենը (մ.թ. II դ.) հայտնել է վարդի հոտից առաջացած հարբուխի մասին։ XIX դ. նկարագրվել է խոտատենդը և ապացուցվել, որ դա առաջանում է ծաղկափոշի շնչելիս։

Ալերգիական հիվանդությունների շարքին են դասվում բրոնխային հեղձուկը, պոլինոզը, եղնջացանը, ալերգիական հարբուխը և մաշկաբորբերը, դեղորայքային և սննդային Ա-ները և այլն։ Դրանք լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում և գնալով ավելի են շատանում (որոշ երկրներում բնակչության 10 %-ը տառապում է տարբեր ալերգիական հիվանդություններով)։ Պատճառն առաջին հերթին անտիբիոտիկների և այլ դեղամիջոցների չափից ավելի օգտագործումն է, ինչպես նաև քիմիական արդյունաբերության զարգացման հետ կապված մեծ քանակության սինթետիկ նյութերի, ներկանյութերի, լվացքի փոշիների ի հայտ գալը, որոնցից շատերը կարող են ալերգեն լինել։ Ալերգեններն օրգանիզմ են թափանցում արտաքին միջավայրից (այսպես կոչված արտածին ալերգեններ) կամ առաջանում են օրգանիզմում (ներծին կամ ինքնածին ալերգեններ)։ Տարբերում են կենսաբանական, դեղորայքային, կենցաղային, սննդային, արդյունաբերական և այլ ալերգեններ։

Կենսաբանական արտածին ալերգեններ են մանրէները, վիրուսները, սնկերը, որդերը, շիճուկային և վակցինային պատրաստուկները։ Մանրէների, սնկերի կամ վիրուսների առաջացրած հիվանդությունները, որոնց զարգացման գործում մեծ դեր ունի Ա., կոչվում են վարակական-ալերգիական (տուբերկուլոզ, բրուցելոզ ևն)։

Ա-ի պատճառ կարոդ են դառնալ նաև օրգանիզմում առկա վարակի այնպիսի օջախներ, ինչպիսիք են փտած ատամները, քթի հավելյալ ծոցերը՝ օրինակ, հայմորիտի ժամանակ, լեղապարկը՝ բորբոքման ժամանակ և այլն։ Շիճուկները և վակցինաներն օրգանիզմ ներարկելիս կարող են առաջացնել Ա-ի յուրահատուկ տեսակ՝ անաֆիլաքսիա։ Գործնականում դեղորայքային ալերգեն կարող է լինել ցանկացած պատրաստուկ (ասպիրին, նովոկաին, պենիցիլին, վիտամիններ ևն)։ Այդ դեպքում ալերգիական ռեակցիաների հաճախականությունը կախված է պատրաստուկների օգտագործման չափերից։ Նախկինում, երբ լայնորեն կիրառում էին սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ալերգիական ռեակցիաները