ավելի հաճախ էին, քան վերջին ժամանակներս, Երբ կրճատվել է սուլֆանիլամիդների օգտագործումը։ Անտիբիոտիկների լայնորեն (հաճախ անհիմն) օգտագործումը դրանք (առաջին հերթին պենիցիլինը) դարձրել են առավել տարածված դեղորայքային ալերգեններ։ Բացի այդ, պենիցիլինն առավել հաճախ է առաջացնում մահացու ալերգիական ռեակցիաներ։ Ուստի ցանկացած դեղի չհիմնավորված (առանց բժշկի նշանակման, այսպես կոչված ինքնաբուժման դեպքում) ընդունումը չափազանց վտանգավոր է։
Կենցաղային ալերգենների մեջ մեծ դեր է խաղում տնային փոշին, որի բաղադրության մեջ մտնում են գորգի, հագուստի, սպիտակեղենի, բրդի մասնիկներ և կենդանիների մաշկի թեփ։ Վերջին տարիներին ավելացել է կենցաղային քիմիայի պատրաստուկներից (առավել հաճախ լվացքի փոշիներից) առաջացած ալերգիաների թիվը։ Կենցաղային ալերգենները հաճախ առաջացնում են շնչուղիների ալերգիական հիվանդություններ (բրոնխային հեղձուկ, ալերգիական հարբուխ)։ Որոշ բույսերի ծաղկափոշին օրգանիզմ թափանցելիս առաջացնում է պոլինոզ հիվանդությունը։ Առավել ուժեղ ալերգիական հատկություններով օժտված է ամբրոսիա մոլախոտի ծաղկափոշին։ Սննդային ալերգեն կարող է լինել ցանկացած սննդամթերք, բայց ավելի հաճախ Ա. են առաջացնում կաթը, միսը, ձուկը, լոլիկը, ցիտրուսները, շոկոլադը, ելակը, մորին։ Սննդային Ա-ների ժամանակ ալերգիական ռեակցիան կարող է զարգանալ ալերգենը ստամոքսաղիքային համակարգ ընկնելուց մի քանի րոպե անց։ Սովորաբար սննդային Ա. առաջանում է ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա։ Երեխաների սննդային Ա-ին նպաստում է գերսնումը, շատ հաճախ սննդային ալերգեններն առաջացնում են դիաթեզներ։ Սննդային Ա. ընթանում է փսխումով, լուծով, եղնջացանով, տենդով։ Արդունաբերական ալերգեններ են արտադրությունում և կենցաղում օգտագործվող տարբեր նյութերը (բևեկնայուղ, աղաղանյութեր, կուպր, ներկանյութեր, լաքեր, միջատասպան-սնկասպան նյութեր և այլն), որոնց երկարատև գործածումդ առաջացնում է զանազան ալերգիական ռեակցիաներ, հիմնականում մաշկի ախտահարման ձևերով (պրոֆեսիոնալ ալերգիական շփումային մաշկաբորբեր)։ Արտածին ալերգենների հատուկ խումբ են կազմում ֆիզիկական գործոնները՝ ջերմությունը, ցուրտը, մեխանիկական գրգռումը։ Ենթադրում են, որ հաճախ այդ գործոնների ազդեցության տակ օրգանիզմում առաջանում են յուրահատուկ նյութեր, որոնք դառնում են ալերգեններ։
Արտածին ալերգենն օրգանիզմ թափանցելիս զարգանում են առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ ալերգիական ռեակցիաներ։ Առանձնահատուկ ռեակցիային նախորդում է առաջին անգամ օրգանիզմ ընկած ալերգենի հանդեպ օրգանիզմի զգայունության բարձրացման (սենսիբիլացման) փուլը։ Զգայունացումը պայմանավորված է տվյալ ալերգենի հանդեպ օրգանիզմում հակամարմինների սպիտակուցային նյութերի մշակմամբ։ Եթե հակամարմինների առաջացման պահին ալերգենն օրգանիզմից հեռացվի, հիվանդագին որևէ երևույթ չի նկատվի։ Սակայն, նախապես զգայունացած օրգանիզմի վրա ալերգենի կրկնակի ազդեցության ժամանակ առաջանում է ալերգիական ռեակցիա հակամարմինների (մի շարք դեպքերում լիմֆոցիտների) և ալերգենների փոխացդեցության հետևանքով։ Այդ դեպքերում օրգանիզմի բարձրացած զգայունությունը յուրահատուկ է, այսինքն պայմանավորված է այն ալերգենով, որի հետ օրգանիզմի շփումն արդեն առաջացրել է զգայունության բարձրացում։ Այդպիսի ռեակցիաների շարքին է դասվում իդիոսինկրազիան՝ սննդամթերքի և դեղորայքների նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության որոշ դեպքերը։ Մարդու օրգանիզմում հաճախ զարգանում են առանձնահատուկ ալերգիական ռեակցիաներ։ Ալերգիական ռեակցիաները կարող են ընթանալ արագ (բուռն) և դանդաղ։ Արագ ձևի ժամանակ ռեակցիան (մաշկային բշտիկները, բրոնխների կծկանքը, ստամոքսաղիքային խանգարումները և այլն) առաջանում է ալերգենի ազդեցությունից 15-20 րոպե անց։ Դրանք են անաֆիլաքտիկ շոկը, պոլինոզը, եղնջատենդը, բրոնխային հեղձուկը, շիճուկային հիվանդությունը, Կվինկեի այտուցը։ Դանդաղ ձևի ժամանակ ռեակցիաները զարգանում են մի քանի ժամվա, երբեմն՝ մի քանի օրվա ընթացքում։ Դրանք են բակտերիաների (տուբերկուլոզի, տուլարեմիայի, բրուցելոզի և այլն) հանդեպ օրգանիզմի բարձրացած զգայունությունը, քիմիական արդյունաբերության աշխատողների, դեղագործների, բժշկական անձնակազմի շփումային մաշկաբորբերը։
Ա-ների զարգացման գործում որոշակի դեր են կատարում ժառանգականությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի վիճակը։ Նկատվել է, որ ծնողների (մեկի կամ երկուսի) ալերգիական հիվանդությունների (պոլինոզ, բրոնխային հեղձուկի որոշ ձևեր, ալերգիական հարբուխ) դեպքում երեխաների ալերգիական հիվանդությունները զարգանում են ավելի հաճախ։ Այս դեպքում փոխանցվում է վերոհիշյալ ալերգենների հանդեպ օրգանիզմի նախատրամադրվածությունը, որը դրսևորվում է արտածին ալերգենի հանդեպ ալերգիական ռեակցիաներով պատասխանելու օրգանիզմի պատրաստականության բարձրացմամբ. այսպիսով, երեխայի օրգանիզմում կարող է առաջանալ ցանկացած ալերգիական հիվանդություն։ Ա-ի զարգացմանը նպաստում են նաև նյարդային և ներզատիչ համակարգերի ֆունկցիաների խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, բացասական հուզումները ևն։
Ներծին ալերգենի ազդեցության հետևանքով առաջացած Ա. կոչվում է ինքնալերգիա։ Ներծին ալերգեններ կարող են դառնալ օրգանիզմի բնականոն հյուսվածքների կամ այրվածքների, ճառագայթային հիվանդության ժամանակ օտարածին հատկություններ ձեռք բերած որոշ սպիտակուցներ, ինչպես նաև բակտերիային թույները (տոքսիններ) օրգանիզմ ընկնելիս, դեղորայքներ օգտագործելիս։ Սովորական պայմաններում օրգանիզմի սեփական սպիտակուցների հանդեպ գոյություն ունի կայուն վիճակ, որի շնորհիվ հակամարմիններ (կամ լիմֆոցիտներ) չեն առաջանում։ Ինքնալերգիայի դեպքում օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների գործունեությունն ուղղված է սեփական հյուսվածքների դեմ. արտահայտված դեպքերում դա հանգեցնում է ինքնալերգիական հիվանդությունների (սակավարյունության որոշ ձևեր, հոդաբորբեր, կծիկաերիկամաբորբ և այլն)։
Ալերգիական հիվանդությունների ախտորոշման նպատակը ալերգենների հայտնաբերումն է, որի համար օգտագործում են ախտորոշիչ հատուկ փորձանմուշներ և կատարում լաբորատոր