Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդանում են երեխաները։ Հիմնականում վերին շնչառական ուղիներն ախտահարող վարակիչ հիվանդությունների (գրիպ, սուր շնչառական հիվանդություններ, կարմրուկ, քութեշ և այլն) բարդություն է։ Բորբոքային պրոցեսը քիթըմպանից անցնում է թմբկախոռոչ։ Միջին ականջի բորբոքմանը նպաստում են նաև գեղձանմանները (ադենոիդներ), պոլիպները, քթի միջնապատի թեքումները, հարբուխը, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։ Նորածինների Ա. կարող է առաջանալ ծննդաբերությունների ժամանակ միջին ականջի մեջ պտղաջրեր ընկնելու հետևանքով։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է ականջի ուժեղ ցավերով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ուղեկցվում լսողության թուլացմամբ։ Ականջից թարախային արտադրության դեպքում (սովորաբար հիվանդության առաջին օրերին) ցավը մեղմանում է, ընդհանուր վիճակը լավանում, մարմնի ջերմաստիճանն իջնում։ Հաջորդ օրերին հիվանդը կարող է գանգատվել միայն լսողության թուլությունից։ Հիվանդությունը հիմնականում ավարտվում է առողջացմամբ և լսողության վերականգնմամբ։ Ականջի ցավերի մեղմացման և բորբոքային օջախի ներծծման նպատակով բժիշկը սովորաբար նշանակում է տաքացնող կոմպրես, որը 4-6 ժամը մեկ հարկավոր է փոխել (երեխաների մոտ այրվածքից խուսափելու նպատակով կոմպրեսը հարկավոր է փոխել ավելի հաճախ) և փոխարինել չոր տաքությամբ։ Երբեմն միջին ականջի սուր բորբոքումն անցնում է քրոնիկական ձևի, որի դեպքում թմբկաթաղանթի չապաքինված բացվածքից մշտապես կամ պարբերաբար լինում է թարախահոսություն, թուլանում է լսողությունը։ Քրոնիկական բորբոքումը հաճախ սրանում է ականջի մեջ ջուր լցվելիս։ Կանխելու համար լողանալիս հարկավոր է ականջները փակել վազելինով կամ այլ յուղով թրջած բամբակով։ Միջին ականջի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական բորբոքման ժամանակ կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ներքին ականջի բորբոքում (այսպես կոչված լաբիրինթաբորբ, որն ուղեկցվում է գլխապտույտով, սրտխառնոցով, հավասարակշռության խանգարումներով, անվստահ, երերուն քայլվածքով և այլն), ուղեղապատյանների բորբոքում (մենինգիտ), դիմային նյարդի լուծանք և այլն։ Որոշ դեպքերում միջին ականջի սուր կամ քրոնիկական բորբոքումից հետո թմբկախոռոչում առաջանում են սպիներ և կպումներ, որոնք խոչընդոտում են ձայնային տատանումների հաղորդմանը և հանգեցնում լսողության կայուն թուլացման։

Սուր Ա-ի կանխմանը նպաստում են օրգանիզմի կոփումը, մարզական վարժանքներով կանոնավոր պարապելը, քթի և քիթըմպանի հիվանդությունների ժամանակին բուժումը։ Բարդությունների կանխարգելումը պայմանավորված է Ա-ի ճիշտ և ժամանակին բուժմամբ. դրա համար հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես անհրաժեշտ է դիմել քիթկոկորդականջաբանին և խստորեն կատարել նրա նշանակումները։ Միջին ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն։

ԱԿՆԱԳԱՐԻԿ, ակնակլունձ, տիկնակլունձ, կոպերի ճարպագեղձերի թարախային բորբոքում։ Հարուցիչները թարախածին մանրէներն են։ Սկզբում կոպի եզրը ուռչում է, դառնում ցավոտ, ապա 2-3 օր անց գագաթին գոյանում է դեղին թարախային գլխիկ։ Ուղեկցվում է կոպի մաշկի և լորձաթաղանթի այտուցով։ Սովորաբար Ա. առաջանում է անձնական հիգիենայի կանոնների խախտման հետևանքով, վարակն աչքի մեջ կարող է ընկնել կեղտոտ սրբիչից, թաշկինակից, ձեռքերից։ Երբեմն առաջանում է ծանր հիվանդություններից հետո՝ օրգանիզմի դիմադրողականության թուլացման հետևանքով։ Ա. առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի։ Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել թարախային գլխիկը, որովհետև թարախը կարող է տարածվել և հանգեցնել ծանր բարդությունների (մենինգիտ և այլն)։ Սովորաբար Ա-ի բուժման համար բժիշկը նշանակում է աչքի կաթիլներ, քսուքներ և չոր տաքություն։ Տնային պայմաններում կարելի է օգտագործել ջեռակ՝ դնել փակ կոպին, անձեռոցիկի վրա։ Կարելի է օգտագործել նաև թավայի մեջ տաքացրած և տոպրակի մեջ լցրած ձավար (հնդկացորեն), կապույտ լույս՝ ցոլարձակ լամպով, որը հարկավոր է պահել աչքից 20-25 սմ հեռու, 15-20 րոպե։

ԱԿՆՈՑ, օպտիկական հարմարանք տեսողությունը լավացնելու (շտկող Ա.) կամ աչքերը վնասակար ներգործությունից պաշտպանելու (պաշտպանական Ա.) համար։ Բաղկացած է ապակիներից (ոսպնյակներից) և շրջանակից։ Շտկող Ա-ի ոսպնյակները լինում են հավաքող (հեռատեսության դեպքում) և ցրող (կարճատեսության դեպքում)։ Ոսպնյակների օպտիկական ուժն արտահայտվում է դիօպտրներով (պլյուս կամ մինուս նշաններով)։ Տեսողության որոշ արատների դեպքում կիրառում են, այսպես կոչված, հպվող ոսպնյակներ, որոնք դրվում են անմիջականորեն ակնագնդի վրա։ Տես նաև Տեսողություն հոդվածը։

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է սուր կամ քրոնիկական կրկնվող ընթացքով, ուղեկցվում հաստ աղիքի ախտահարմամբ։

Հարուցիչները (բակտերիաներ, վիրուսներ) օրգանիզմ են թափանցում բերանով, բազմանում են աղիքներում, որտեղից արտաթորանքների հետ ընկնում են արտաքին միջավայր։ Տարածված են դիզենտերիան, որովայնային տիֆը և պարատիֆերը, վարակիչ դեղնախտը (Բոտկինի հիվանդություն)։ Հարուցիչների աղբյուրը հիվանդ կամ բակտերակիր մարդն է, իսկ սալմոնելոզների և սննդային թունավորումների դեպքում՝ ընտանի կենդանիները և ջրլող թռչունները։ Մանրէներն արտաթորանքների հետ ընկնելով արտաքին միջավայր (ջրի, հողի մեջ, բանջարեղենի, կահավորանքի և տնային գործածության իրերի վրա), կախված միջավայրի պայմաններից (ջերմաստիճան, խոնավություն և այլն), կարող են գոյություն պահպանել մի քանի օրից մինչև մի քանի ամիս։ Որոշ մթերքի մեջ (կաթնամթերք, դոնդողածածկ ճաշատեսակներ, լցոն) համապատասխան ջերմաստիճանում կարող են բազմանալ և կուտակվել։ Վարակվում են կեղտոտ ձեռքերի, դռան բռնակների, սրբիչի, խաղալիքների, ամանեղենի և տնային գործածության իրերի միջոցով։ Վարակի տարածման ուղիներից մեկը սննդամթերքն է, հատկապես չլվացած բանջարեղենը, չեռացրած կաթը, վատ եփած կամ տապակած միսը, ինչպես նաև բաց ջրամբարների ջուրն առանց եռացնելու խմելը կամ աղտոտված ջրամբարներում լողանալը։ Ամռանը վարակը փոխանցում են նաև ճանճերը։ Դիզենտերիայի գաղտնի շրջանը 1-7,