Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետոզոտություններ: Բուժումը. հայտնաբերած ալերգենի հետ շփման դադարեցում և օրգանիզմի զգայունության իջեցում (հիպո- և ապազգայունացման մեթոդներով)։ Առանձնահատուկ ապազգայունացումն անցկացվում է սովորաբար այն շրջանում, երբ հիվանդը չունի հիվանդության ախտանշաններ։ Սրացման շրջանում օգտագործում են բուժման այնպիսի միջոցներ, որոնք դադարեցնում են ալերգիական պրոցեսների զարգացումը, ինչպես նաև վերացնում հիվանդության առանձին ախտանշաններ (օրինակ, բրոնխների կծկանքի ժամանակ տալիս են բրոնխալայնիչ դեղամիջոցներ)։ Ալերգիական հիվանդությունների կանխարգելման նպատակը օրգանիզմի զգայունությունը բարձրացնող նյութերի հետ կրկնակի շփումը և օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների խանգարումները կանխող միջոցառումներն են։ Դրանցից են դեղորայքի օգտագործման սահմանափակումը (ինքնաբուժման դեպքերի կրճատման հաշվին), ձեռնարկություններում ալերգենների հետ աշխատողների շփումը բացառող տեխնոլոգիայի օգտագործումը, բնակարաններում փոշու ժամանակին մաքրումը, օրգանիզմում վարակի օջախների (ատամների, քթի հավելյալ ծոցերի, բրոնխների, լեղապարկի բորբոքային հիվանդությունների բուժում), ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի բնականոնացումը (սննդային Ա-ները կանխելու նպատակով), երեխաներին մայրական կաթով կերակրումը (արհեստական կերակրման ժամանակ ալերգիական ռեակցիաներն ավելի հաճախ են լինում), սննդի և հանգստի կարգի պահպանում և այլն։

ԱԾԵԼԻ, լինում են վտանգավոր՝ շեղբավոր, և անվտանգ՝ փոխովի սայրերով, էլեկտրական և մեխանիկական Ա-ներ։ Շեղբավոր Ա. բաղկացած է սայրից (շեղբից) և բռնակ-պատյանից, որտեղ տեղավորվում է սայրը ոչ աշխատանքային վիճակում։

Շեղբավոր Ա-ով սափրվելիս հարկավոր է լինել ուշադիր և զգույշ։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում Ա. սրել փոկով (բրեզենտե կամ կաշվե)՝ ատամնաքերթերը վերացնելու և անհրաժեշտ սրություն տալու համար։ Կարելի է նաև սկզբում Ա. սրել հեսանով (հղկիչ փոշուց պատրաստված մանրահատիկ սրոցաքար), այնուհետև մաքրասրել փոկով։

Սովորական անվտանգ Ա. կազմված է սայրը պահող մասից (սայրաբռնիչ) և բռնակից։ Անվտանգ Ա-ները լինում են անջատովի՝ հանովի բռնակով (ամբողջական կամ երկու մասից բաղկացած) և քանդովի սայրաբռնիչով, ինչպես նաև ոչ անջատովի երկփեղկ սայրաբռնիչով, որի փեղկերը բացվում են (սայրը տեղադրելու համար) և փակվում բռնակի պտտմամբ։ Սայրը բռնիչի մեջ ամրացվում է այնպես, որ բաց են մնում միայն նրա կտրող եզրերը։

Սայրաբռնիչի այդպիսի կառուցվածքը Ա-ի օգտագործումը դարձնում է անվտանգ, թեև չեն բացառվում թեթև կտրվածքներ։ Սափրվելուց հետո Ա. հարկավոր է քանդել (կամ բացել փեղկերը), սայրը հանել, բոլոր դետալները լվանալ և չորացնել։ Շեղբավոր և անվտանգ Ա-ները (հատկապես սայրերը) անհրաժեշտ է պահել չոր, փոքր երեխաների համար ոչ մատչելի տեղում։

Էլեկտրական Ա. բաղկացած է կտրող մեխանիզմից (դանակային բլոկից կամ գլխիկից), պլաստմասսայե իրանում տեղավորված էլեկտրահաղորդալարից և հանովի լարից՝ էլեկտրաածելին փոփոխական կամ հաստատուն հոսանքի աղբյուրին միացնելու համար։ Կտրիչ մեխանիզմն ունի երկու դանակ, անշարժ (դանակային բլոկի արտաքին մասին ամրացված)՝ ծակոտկեն մետաղե ցանցի, ուղղանկյուն կամ կլոր սանրի տեսքով, և շարժական (դանակային բլոկի ներսում, անշարժ դանակի տակ տեղավորված ֆրեզի կամ սանրի տեսքով)։ Առավել մաքուր են սափրում ցանցավոր դանակներով էլեկտրաածելիները։ Ոչ այնքան մաքուր, բայց ավելի արագ են սափրում պտտվող կլոր դանակ-ֆրեզներ ունեցող էլեկտրաածելիները։ Որոշ էլեկտրաածելիներում նախատեսված են լրացուցիչ դանակներ բեղերի, քունքամազերի և հոնքերի հարդարման համար։

Կլոր դանակ-ֆրեզներով կտրող մեխանիզմը գործողության մեջ է դրվում կոլեկտորային էլեկտրաշարժիչով, իսկ ցանցավորը կամ սանրավորը՝ էլեկտրամագնիսական թրթռիչով։ Էլեկտրաածելիի սպառած հզորությունը չի գերազանցում 12 Վտ։ Էլեկտրաածելիներն աշխատում են 127 և 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից և հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրներից։

Գերտաքացումից խուսափելու համար պետք չէ Ա. միացրած թողնել 10 րոպեից ավելի։ Որպեսզի էլեկտրաածելին փափուկ, արագ և մաքուր սափրի, խորհուրդ է տրվում սափրվելուց առաջ դեմքը մաքրել լոսյոնով կամ այդ նպատակի համար թողարկվող հատուկ հեղուկով։

Շարժական կամ անշարժ դանակները փոխելուց հետո (հատկապես կլոր ֆրեզավորների) Ա. երբեմն վատ է սափրում։ Դա բացատրվում է նրանով, որ աշխատանքի պրոցեսում դանակները մասամբ մաշվում են, և, դրանցից մեկը փոխելիս, կտրող եզրերի միջև արանք է գոյանում, որից խուսափելու համար դանակները հարկավոր է կիպահղկել, ցանցի վրա մի քիչ ատամի փոշի լցնել և 5-7 րոպե Ա. աշխատեցնել պարապ ընթացքով։ Այդ գործողությունը հարկավոր է կրկնել մի քանի անգամ, մինչև դանակները կիպահղկվեն։

Մեխանիկական Ա. բաղկացած է դանակային բլոկից (մեկ զույգ դանակներով) և պլաստմասսայե իրանում տեղադրված զսպանակային մեխանիզմից։ Զսպանակի լարքը նախատեսված է 3-4 րոպե աշխատանքի համար։ Ա. ունի 2 փոխովի դանակային բլոկներ (մեկը սափրվելու, մյուսը՝ երկար մազերը խուզելու համար)։ Մեխանիկական Ա-ի գործողության սկզբունքը նույնն է, ինչ էլեկտրական Ա-ինը։

Սափրվելուց հետո հարկավոր է հանել (բացել) դանակային բլոկը և հատուկ վրձնով խնամքով հեռացնել մազերի մնացորդները։ Դանակային բլոկը չի կարելի հանել և տեղադրել Ա. միացրած վիճակում։ Էլեկտրական և մեխանիկական Ա-ները հարկավոր է պահել պատյանի մեջ, չոր տեղում։

ԱԿԱՆՋԱԲՈՐԲ, օտիտ, ականջի անատոմիական բաժանման համապատասխան տարբերում են արտաքին, միջին և ներքին Ա-եր։ Արտաքին լսողական անցուղու բորբոքային գործընթացներն առաջանում են ականջի մաշկի վնասված հատվածներով վարակի ներթափանցումից։ Դրան նպաստում են ցրտահարությունը, այրվածքները, ականջը վարսակալով, լուցկու հատիկով քչփորելը։ Հաճախ հիվանդության ախտանշանը քորն է։ Ուժեղ ցավը սովորաբար լինում է միայն ականջը սեղմելիս, ականջախեցին ձգելիս, երբեմն բերանը բացելիս։

Միջին ականջի բորբոքումը կարող է լինել սուր և քրոնիկական։ Սուր Ա. տարածված հիվանդություն է, առավել հաճախ