Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երրորդ աստիճանի Ա-ի դեպքում մաշկից բացի ախտահարվում են նաև ավելի խոր հյուսվածքներ, իսկ չորրորդ աստիճանի դեպքում խոր հյուսվածքները մեռուկանում են (ածխանում), որոնց հեռացումից առաջանում են մեծ վերքեր, ծանր ինքնաթունավորում, ընդհանուր վարակում և վերքային հյուծում։ Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում տուժածին հարկավոր է անհապաղ տեղափոխել բուժհիմնարկություն։

Առաջին օգնությունը Ա. առաջացնող պատճառների վերացումն է։ Եթե այրվում է հագուստը, ապա հարկավոր է ջրի հոսքով հանգցնել կրակը, տուժածին փաթաթել ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով։ Այրվող հագուստով չի կարելի վազել, քանի որ, քամին բորբելով կրակը ուժեղացնում է այրվածքը։ Չի կարելի այրված հատվածից հագուստը պոկելով հանել, այլ պետք է կտրտել և զգույշ հեռացնել այն, իսկ մաշկին կպած լաթերի եզրերը մկրատով կարճ կտրել։ Եթե Ա. առաջացել է քիմիական նյութերից, մարմնի այրված հատվածներն անմիջապես պետք է լվանալ սառը ջրի շիթով (15-20 րոպե), թթուներով առաջացած Ա-ների դեպքում սոդայի լուծույթով (1 թեյի գդալ սոդա 1 բաժակ ջրին), իսկ հիմքերով առաջացածի դեպքում քացախաթթվի կամ բորաթթվի թույլ լուծույթով (1 թեյի գդալ քացախ 1 բաժակ ջրին) թրջած վիրակապ դնել։ Ցանկացած աստիճանի տարածուն այրվածքների դեպքում տուժածին անհրաժեշտ է որքան հնարավոր է շտապ տեղափոխել բուժհիմնարկություն։ Քանի որ նման դեպքերում այրված հատվածին վիրակապ դնել չի թույլատրվում, տուժածին պետք է փաթաթել մաքուր սավանով, ծածկել ծածկոցով և տեղափոխել պատգարակով։ Շնչառական ուղիների և աչքերի Ա-ների դեպքում, անկախ մաշկի այրվածքի աստիճանից, տուժածին պետք է անհապաղ հասցնել բուժհիմնարկություն։ Արևային Ա-ների մասին տես Արևայրուկ, էլեկտրականի մասին՝ Էլեկտրահարություն և կայծակնահարություն, կերակրափողի և ներքին օրգանների քիմիական Ա-ների մասին՝ Թունավորում հոդվածներում։

ԱՆԳԱՐ, միգրեն, հիվանդություն, բնորոշվում է նոպայաձև, հաճախ գլխի մի կեսի ցավերով։ Նոպաները լինում են տարբեր ուժգնության, հաճախականության և տևողության (2-3 ժամից մինչև մի քանի օր), ուղեկցվում են վեգետատիվ խանգարումներով (սրտխառնոց, փսխում, դող և այլն), տեսողության, լսողության, զգացողության խանգարումներով, գլխապտույտով։ Հիվանդությունը հիմնականում սկսվում է պատանեկան տարիքում, կանանց Ա. ավարտվում է դաշտանադադարի շրջանում, իսկ տղամարդկանցը՝ 50-60 տարեկանում։ Կանայք հիվանդանում են առավել հաճախ։ Նոպային նախորդում են ինքնազգացողության վատացումը, գրգռվածությունը, քնկոտությունը։ Հիվանդության հիմքում ընկած է անոթային տոնուսի նյարդային կարգավորման խանգարումը՝ հաճախ անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական նախատրամադրվածության զուգակցմամբ։ Նոպաները սովորաբար սկսվում են հուզումներից կամ գերհոգնածությունից հետո։ Դրանց հաճախականությունը և ուժգնությունը կախված են նաև ապրելակերպից (աշխատանքի և հանգստի ոչ ճիշտ ռեժիմ և այլն), որոշ սննդամթերքի օգտագործումից (ապուխտներ, շոկոլադ), ծխելուց, ուժեղ աղմուկից և լույսից։ Կանանց Ա. հաճախ կապված է դաշտանային ցիկլի հետ։ Հիվանդները ենթակա են նյարդախտաբանի հսկողության։ Բուժումը հիմնականում հիվանդի ընդհանուր ռեժիմի կարգավորումն է։ Նոպաների ժամանակ կարելի է կատարել ոտքերի տաք լոգանք, գլխին դնել տաք կամ սառը կոմպրես, խմել տաք թեյ, ծոծրակին դնել մանանեխի ծեփուկ, ընդունել ցավը հանգստացնող (անալգին, ամիդոպիրին) և անոթալայնիչ դեղամիջոցներ։

ԱՆԳԻՆԱ, սուր վարակիչ հիվանդություն. բնորոշվում է քմային ավշահանգույցների (նշագեղձերի) առավելապես բորբոքային ախտահարմամբ։ Տարածված հիվանդություն է. հաճախ հիվանդանում են երեխաները և 35-40 տարեկան անձինք։ Հարուցիչները հիմնականում ստաֆիլոկոկերն ու ստրեպտոկոկերն են։ Վարակը կարող է օրգանիզմ թափանցել հիվանդի գործածած տարբեր առարկաների (օրինակ, ամանեղեն) միջոցով։ Այլ դեպքերում Ա. կարող է առաջանալ նշիկների փոսիկներում (լակունաներ)՝ բերանի խոռոչում և ըմպանում մշտապես գտնվող մանրէների ակտիվացման հետևանքով։ Դրան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության իջեցումը՝ ընդհանուր կամ տեղային չափից ավելի մրսածության, երկարատև գերհոգնածության, կրած հիվանդությունների (հաճախ գրիպից հետո) և այլ դեպքերում։ Որոշ մարդիկ Ա-ով հիվանդանում են պաղպաղակ ուտելուց, ոտքերը թրջելուց կամ ջրամբարում լողանալուց։ Հաճախակի Ա-ներին նախատրամադրում են քթի և հավելյալ ծոցերի (օրինակ, հայմորիտ), բերանի խոռոչի (լնդերի, ատամների հիվանդությունները) բորբոքային պրոցեսները, գեղձանմանների առկայությունը, քրոնիկական հարբուխը, որոնց ժամանակ խանգարվում է քթային շնչառությունը։ Ա-ով առավել հաճախ հիվանդանում են ձմռանը։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, կոկորդում առաջանում է քերծման զգացում, այնուհետև ցավեր՝ կլման ժամանակ։ Առաջին օրը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 38-39 °C (երբեմն 40 °C) և ուղեկցվել գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, հաճախ՝ դողով։ Հիվանդության երկրորդ-երրորդ օրը կոկորդի ցավերն ուժեղանում են, այնուհետև աստիճանաբար անցնում։

Ա. սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Տարբերում են կատառային (դմային կամ հասարակ) Ա. (բնորոշվում է նշագեղձերի կարմրությամբ), ֆոլիկուլային (պատճուկային) Ա. (նշագեղծերը այտուցված են, արնալեցուն, մակերեսը ծածկված է դեղնասպիտակ կետերով՝ թարախակալված պատճուկներով, որոնք