Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձուլվելով առաջացնում են դեղնավուն փառ), լակունային Ա. (բնորոշվում է նշագեղձերի սահմանը չանցնող տարածուն թարախային փառի առաջացմամբ)։ Մեծամասնությունը Ա-ով հիվանդանում է հազվադեպ՝ մի քանի տարվա ընդմիջումով։ Հաճախակի կրկնվող Ա. հանգեցնում է քրոնիկական բորբոքային պրոցեսի՝ քրոնիկական նշիկաբորբի: Երբեմն առաջացնում է սրտային, երիկամային, հոդային բարդություններ։ Ա-ի դեղորայքային բուժումը նշանակում է բժիշկը՝ ըստ հիվանդի վիճակի և հիվանդության տեսակի։ Հարկավոր է կոկորդը ողողել օրական 5-6 անգամ։ Դրա համար օգտագործում են բորաթթվի 2 %-անոց, ջրածնի գերօքսիդի 3 %-անոց, կալիումի գերմանգանատի բաց վարդագույն, ռիվանոլի (1 հաբ 1 բաժակ ջրին) լուծույթներ, ինչպես նաև եղեսպակի և երիցուկի եփուկներ։ Խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի բազմատեսակ, պարունակի բավարար չափով վիտամիններ։ Հարկավոր է սնունդն (ապուրներ, կարտոֆիլի խյուս, շիլաներ, անուշապուր) ընդունել տաք վիճակում և լավ մանրացված, սուր և կոշտ սնունդը բացառել։ Խորհուրդ է տրվում առատ ըմպելիք (կիտրոնով տաք թեյ, կաթ, հանքային ջուր)։

Հնարավորության դեպքում հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, առանձնացնել նրա ամանեղենն ու սրբիչը։ Ուտելուց հետո ամանեղենը պետք է լվանալ և եռացնել 10-15 րոպե։ Սպիտակեղենը հարկավոր է լվանալ առանձին, սենյակը լավ օդափոխել և կատարել խոնավ հարդարում (տես Հիվանդի խնամք):

Հիվանդին խնամողը պետք է ձեռքերը հաճախ լվանա և ախտահանի սպիրտով, օծանելիքով և այլն։ Խիստ կարևոր է երեխաներին վարակումից զերծ պահելը։ Բժշկին ժամանակին դիմելը և նրա խորհուրդները խստորեն կատարելը նպաստում են արագ առողջացմանն ու բարդությունների (հարնշագեղձային թարախակույտ, երիկամաբորբ, ռևմատիզմ) կանխմանը։ Ինքնաբուժումն անթույլատրելի է։

Ա-ի կանխման նպատակով խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կոփել օրգանիզմը (սառը շփումներ, օդային լոգանքներ)։ Հիվանդության կանխմանը նպաստում են նաև մարզական վարժանքներով պարապելը, մաքուր օդում զբոսնելը։ Հարկավոր է խուսափել օրգանիզմի տեղային և ընդհանուր սառեցումից։ Ա-ի կանխարգելման համար մեծ նշանակություն ունի նրա առաջացմանը նպաստող հիվանդությունների ժամանակին բուժումը։

ԱՆԵՄԻԱ, տես Սակավարյունություն:

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ, գիշերային քնի տարբեր խանգարումների ընդհանուր անվանումը։ Առավել հաճախ դրսևորվում է արթուն վիճակից քնի անցման փուլի խանգարումներով, ընդհատվող մակերեսային քնով կամ վաղ արթնացմամբ։ Ա-յան պատճառները տարբեր են։ Երբեմն Ա. կարող է ունենալ նաև առողջ մարդը՝ գերհոգնածության, հուզումների, քնի նույնատիպության խախտումների (գիշերային աշխատանք, ուշ ժամի պարապմունքներ), քնատեղի փոփոխության և այլ պատճառներով։ Տարեցների և ծերերի քունը սովորաբար ավելի մակերեսային և կարճատև է՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Դյուրագրգիռ մարդկանց քունը կարող է խանգարվել նույնիսկ չնչին հուզումից։ Ա. նկատվում է նաև տարբեր ծագման ընդհանուր հիվանդությունների, մարմնի ջերմաստիճանի բարձրացման, արյան շրջանառության խանգարումների, շնչառական համակարգի հազի և հևոցի նոպաներով ուղեկցվող հիվանդությունների, նևրոզների և այլ դեպքերում։

Ա. բուժում են այն առաջացնող պատճառները վերացնելով։ Առողջ մարդկանց քունը վերականգնվում է առանց դեղորայքի օգտագործման, բավական է դադարեցնել աղմուկը, մարել լույսը, օդափոխել սենյակը։ Ա-ից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում քնելուց անմիջապես առաջ հրաժարվել ուտելուց և թունդ թեյ կամ սուրճ խմելուց։ Դյուրագրգիռ մարդկանց խորհուրդ է տրվում քնից առաջ զբոսնել, հանգստանալ, ընդունել ընդհանուր կամ ոտքերի տաք լոգանքներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում ընդունել բժշկի նշանակած հանգստացնող կամ քնաբեր դեղամիջոցներ։ Եթե Ա. կապված է ընդհանուր հիվանդությունների հետ, անպայման պետք է դիմել բժշկի։ Տես նաև Քուն:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, սկզբնական օգնության պարզագույն միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող սուր զարգացող հիվանդությունների, դժբախտ պատահարների, կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող այլ վիճակների ժամանակ՝ մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկություն հասցնելը։ Հաճախ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը)։ Օրինակ, եթե հիվանդն ունի կրծքային հեղձուկի նոպա, նա կանգ է առնում և ընդունում վալիդոլի կամ նիտրոգլիցերինի հաբ լեզվի տակ, թունավորումների ժամանակ (տես Թունավորում, Սննդային թունավորում) կատարում է ստամոքսի լվացում (խմում է 1լ ջուր), այնուհետև առաջացնում փսխում՝ մատներով լեզվի արմատը մի քանի անգամ սեղմելով, վիրավորումների ժամանակ (տես Վերք) լվանում և մշակում է մաշկը և այլն։

Դժբախտ պատահարների, վնասվածքների, արյունահոսությունների, գիտակցության հանկարծակի կորստի դեպքերում հաճախ հարկ է լինում փոխօգնության, որի առաջին խնդիրը վնասակար գործոնի ազդեցության ընդհատումն է. արևահարությունից (տես Արևահարություն և ջերմահարություն) տուժածին ստվերոտ տեղ, շմոլ գազով թունավորվածին մաքուր օդ տեղափոխելը, խեղդվողին (տես Ջրահեղձություն)՝ ջրից դուրս բերելը, հոսանքի աղբյուրից տուժածին հեռացնելը (տես Էլեկտրահարություն և կայծակնահարություն), հրդեհի ժամանակ տուժածի հագուստի կրակը հանգցնելը և այլն։ Երկրորդ խնդիրը դեպքի վայրում անհետաձգելի բուժօգնության կազմակերպումն է՝ կիրառելով պարզագույն բժշկական սարքեր կամ ձեռքի տակ գտնվող միջոցներ։ Երրորդ խնդիրը անհապաղ շտապ բուժօգնության բժշկի հրավիրելն է կամ հիվանդին մոտակա բաժհիմնարկություն տեղափոխելը։ Այդ նպատակի համար չնախատեսված տրանսպորտից օգտվելիս հնարավորության սահմաններում այն հարկավոր է հարմարեցնել, օրինակ, բեռնատարի թափքին խոտ փռել, ապա վրան պատգարակ դնել։ Տուժածին կարելի է փոխադրել նաև խաչաձև բռնած ձեռքերի վրա։ Այդ խնդիրների ժամանակին և գրագետ կատարումից են կախված հետագա անհետաձգելի բուժօգնության արդյունքները, որոշ դեպքերում նաև տուժածի կյանքը։

Ա. օ-յան միջոցների և դրանց կիրառման հաջորդականության ընտրության