Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաթնատամներն ունեն նույն ձևը, ինչ մնայունները, սակայն փոքր են չափերով և արմատներն էլ բավականին կարճ են։ Կաթնատամները յուրաքանչյուր շարքում տասն են. 4 կտրիչ, 2 ժանիք, 4 աղորիք։ Կաթնատամների զարգացումն սկսվում է պտղի սաղմնային կյանքի 6-7-րդ շաբաթում։ Ուստի երեխայի առողջ ատամների ձևավորման համար շատ կարևոր է, որ ապագա մոր սնունդը լինի լիարժեք և պարունակի անհրաժեշտ քանակության սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, կալցիումի և ֆոսֆորի աղեր։

Ատամը կազմված է պսակից, որը լնդի մակերևույթից բարձր է, և արմատից, որը տեղակայված է ծնոտոսկրի ատամնաբնային փոսում։ Պսակը և արմատն իրարից բաժանված են վզիկով լնդին հարող մասով։ Ատամը հիմնականում կազմված է դենտինից, որը պսակի շրջանում ծածկված է պինդ, փայլուն էմալով և ատամը պաշտպանում է վնասվածքներից, իսկ ատամի վզիկի և արմատի շրջանում՝ ցեմենտով, որը կառուցվածքով նման է ոսկրի։ Պսակի և արմատի ներսում գոյություն ունի խոռոչ (ատամի խոռոչ և արմատային խողովակներ)՝ լցված փափուկ հյուսվածքով՝ կակղենիով (պուլպա)։ Արմատային խողովակներն արմատի ծայրին վերջանում են անցքով, որտեղից ատամի խոռոչ են մտնում անոթներ ու նյարդեր։

Ատամները ծկթում են որոշակի ժամկետներում և խիստ հաջորդականությամբ։ Կաթնատամները ծկթում են կյանքի 6-8-րդ ամիսներում և ավարտվում 2,5-3 տարեկանում։ Նախ ծկթում են ներքևի, այնուհետև վերևի կենտրոնական կտրիչները, որից հետո, հաջորդաբար վերին և ստորին կողմնային կտրիչները, առաջին աղորիքները, ժանիքները և երկրորդ աղորիքները։ Ծկթման ժամկետներում հնարավոր են ոչ մեծ շեղումներ (1-2 ամիս)։ Սովորաբար ատամների ծկթումը չի անդրադառնում երեխայի առողջության վրա։ Սակայն առանձին երեխաներ այդ ժամանակաշրջանում դառնում են քմահաճ, նկատվում է ախորժակի վատացում, առատ թքահոսություն, լնդերի քոր։ Այդ ժամանակ հարկավոր է հետևել, որ երեխան բերանի խոռոչի լորձաթաղանթը կոշտ առարկաներով չվնասի, կարելի է երեխային տալ ռետինե օղակ։ Մնայուն ատամների ծկթումն սկսվում է 6-7 տարեկանում (կամ ավելի բարձր) և ավարտվում է հիմնականում 14-16 տարեկանում։

Երբեմն կաթնատամների կողքին հայտնվում են նաև մնայուն ատամները, նման դեպքերում հարկավոր է համապատասխան կաթնատամը հեռացնել (կաթնատամների ժամանակից շուտ, անհարկի հեռացումը վտանգավոր է, քանի որ այն կարող է հանգեցնել ծնոտի անկանոն ձևավորման)։ Երբեմն ատամը, տեղը չբավարարելու պատճառով, կարող է ծկթել ատամնաշարից դուրս։ Հաճախ կենտրոնական կտրիչները միմյանցից մի քիչ հեռու են գտնվում։ Ատամների ծկթման խանգարումների պատճառով կարող է զարգանալ ատամնակծվածքի անկանոնություն։ Ատամների ծկթման ցանկացած խանգարման ժամանակ հարկավոր է դիմել բժշկի, քանի որ 16-18 տարեկանից հետո բուժումը բավականին դժվարանում է։

Ատամների հիվանդություններ։ Ամենատարածված հիվանդությունը ատամի կարծր հյուսվածքների ոսկրափուտն է՝ խոռոչի առաջացմամբ։ Ոսկրափուտն ախտահարում է ինչպես մնայուն ատամները, այնպես էլ կաթնատամները, որոնցում պրոցեսն ընթանում է ավելի արագ։ Հիվանդության զարգացմանը նպաստում են անկանոն սնունդը (սննդի մեջ ածխաջրերի գերակշռությունը և սպիտակուցների, վիտամինների, կալցիումի ու ֆոսֆորի աղերի անբավարարությունը), ատամների ոչ ճիշտ խնամքը։ Հիվանդությունն սկսվում է ատամի մակերևույթին փոքր սպիտակ բծի առաջացմամբ, որն աստիճանաբար մեծանում է՝ տեղում առաջացնելով խոռոչ։ Եթե ժամանակին չդիմեն բժշկի, պրոցեսը կարող է ընդգրկել ատամի խոռոչի փափուկ հյուսվածքները՝ առաջացնելով կակղենու բորբոքում (պուլպիտ)։ Հնարավոր են նաև ոսկրափուտի հետագա բարդություններ՝ հարատամնաբորբ (պարօդոնտիտ) և շրջոսկրի բորբոքում (պերիօստիտ)։ Առավել ծանր բարդություններ են ծնոտոսկրի բորբոքումը (օստեոմիելիտ), ինչպես նաև փափուկ հյուսվածքների տարածուն թարախակալումը, որը ծակում անցնում է ծնոտը (թարախակույտ, ֆլեգմոնա)։ Փտած ատամի սննդով լցված խոռոչում կուտակվում են մեծ քանակության մանրէներ։ Այդպիսի ատամը վարակի մշտական աղբյուր է, մանրէները հեշտությամբ ընկնում են նշիկների վրա՝ հաճախակի առաջացնելով անգինաներ։ Հարատամնային հյուսվածքների տարածված և լուրջ հիվանդություն է պարօդոնտոզը, որի դեպքում ատամների արմատները մերկանում են, դրանց վրա գոյանում են ատամի քարեր, լնդերն այտուցվում են, առաջացնում թարախահոսություն, ի վերջո ատամներն սկսում են շարժվել և թափվել։ Հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում գոնե 2 տարին մեկ դիմել ստոմատոլոգի։

Ատամների խնամքը։ Որպեսզի ատամներն առողջ լինեն, անհրաժեշտ է բերանի խոռոչի մանրակրկիտ խնամք։ Այդ նպատակով օգտագործում են ատամի խոզանակ, մածուկ կամ փոշի, բերանը ողողելու հատուկ միջոցներ։ Ավելի լավ է օգտագործել փափուկ խոզանակներ։ Ատամները մաքրելուց հետո հարկավոր է այն լվանալ տաք ջրով։ Որպեսզի խոզանակը լավ չորանա, այն հարկավոր է պահել խոզանակի բաժակում, դեպի վեր դիրքով։

Ատամի փոշիներն ունեն մաքրող հատկություն, խորհուրդ է տրվում դրանք օգտագործել ատամի առատ փառի և ատամի քարի ժամանակ։ Ատամի մածուկները նույնպես ունեն մաքրող հատկություն։ Թողարկվում են հակաոսկրափուտային ֆտոր պարունակող, ինչպես նաև հակաոսկրափուտային բարձր արդյունավետությամբ օժտված, քլորոֆիլ պարունակող հակաբորբոքային, տարբեր աղեր պարունակող, հակասնկային