Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատամի մածուկներ։ Օգտագործում են նաև դեղաբույսերի թուրմերն ու մզվածքները (նշանակում է բժիշկը՝ լնդերի բորբոքումների, հարատամնաբորբերի և բերանաբորբերի ժամանակ)։ Ատամները մաքրելիս հարկավոր է խնայել լնդերի եզրերը։ Որպեսզի ատամների մակերևույթը լրիվ մաքրվի, պետք է հորիզոնական, ուղղաձիգ և շրջանաձև շարժումները զուգակցել։ Ատամի շրթնային, այտային, լեզվային և քմային մակերևույթներն սկսում են մաքրել հորիզոնական, այնուհետև ուղղաձիգ շարժումներով (ատամի վզիկից դեպի ծամող մակերևույթը)։ Ծամող մակերևույթը մշակում են շրջանաձև շարժումներով։ Արարողության տևողությունը 1-2 րոպե։ Մաքրելուց հետո բերանը լավ ողողել։ Խորհուրդ է տրվում ատամները մաքրել օրը 2 անգամ, առավոտյան՝ մածուկով, երեկոյան՝ խոզանակով և առանց մածուկի։ Քնելուց առաջ բերանի խոռոչը ողողել ջրով։

Երեխաներին պետք է սովորեցնել ատամները խնամել 2-3 տարեկանից։ 2 տարեկանում սովորեցնել ուտելուց հետո բերանը ողողել, իսկ 3 տարեկանում՝ օգտվել խոզանակից (փոքր և փափուկ), սկզբում մածուկ չօգտագործել։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ատամների պրոթեզների խնամքին, քանի որ դրանց տակ հավաքվում են սննդի մնացորդներ։ Հանովի պրոթեզներից խոզանակով և ատամի փոշիով կարելի է դրանք հեշտությամբ մաքրել։ Ձուլածո, ոչ հանովի պրոթեզների տակից սննդի մնացորդների մեծ մասը հեռացվում է բերանի խոռոչը ողողելիս, իսկ մի մասը կպչում է մետաղի ներքին մակերևույթին։ Այդ դեպքում օգտակար է բերանի խոռոչը պարբերաբար ողողել ջրածնի գերօքսիդով (1 թեյի գդալը՝ 1 բաժակ ջրին)։ Հանովի և կամրջաձև պրոթեզների բոլոր տեսակի անհարմարությունների ժամանակ պետք է դիմել բժշկին։ Ատամների ու բերանի խոռոչի ճիշտ խնամքը և ատամների հիվանդությունների ժամանակին բուժումը, բժշկի խորհուրդներին հետևելը առողջ ատամներ ունենալու նախադրյալներն են։

ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի գերտաքացման հետևանքով առաջացող հիվանդագին վիճակ։ Ջերմահարության հատկապես նախատրամադրված են երեխաները, գեր մարդիկ, սիրտանոթային և ներզատիչ գեղձերի հիվանդություն ունեցող անձինք։

Արևահարության պատճառն օրգանիզմի (հատկապես գլխի) գերտաքացումն է արևի ուղիղ ճառագայթների ազդեցության հետևանքով։


Օրգանիզմի գերտաքացման առաջին նշաններն են թուլությունը, ջարդվածության զգացումը, սրտխառնոցը, գլխացավը, գլխապտույտը։ Հետագայում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (մինչև 38-40°C), հնարավոր են փսխում, ուշագնացություն, ջղաձգություններ։

Ջերմահարությունը ամենից շատ տեղի է ունենում շոգ, անհողմ եղանակին։ Ջերմահարության նկատմամբ հատկապես զգայուն են շոգը դժվար տանող և ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվող մարդիկ։ Ջերմահարության առաջացմանը նպաստում է նաև մուգ գույնի (արեգակնային ճառագայթները վատ անդրադարձնող) կամ անօդանցիկ (մարմնի գոլորշիացումն արգելակող) հագուստը։ Ջերմահարվում են նաև փակ շինությունում՝ բարձր ջերմաստիճանի և օդի բարձր խոնավության դեպքում (օրինակ, տաք արտադրամասերում աշխատելիս)։

Ջերմահարության կամ արևահարության նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Մինչ այդ տուժածին հարկավոր է պառկեցնել ստվերում կամ զով սենյակում, հանել կաշկանդող հագուստը (թուլացնել գոտին, արձակել կոճակները)։ Գլխին, վզի կողմնային մասերին, թևատակերին և աճուկային շրջանում հարկավոր է սառույց դնել։ Կարելի է հիվանդին փաթաթել թաց սավանով, խորհուրդ է տրվում շատ հեղուկ տալ (թեթևակի աղիացրած սառը ջուր, սառը թեյ, սուրճ)։ Շնչառությունը խթանելու համար կարելի է տուժածի դեմքին թեթևակի հարվածել սառը ջրով թրջած սրբիչով կամ թաշկինակով, անուշադրի սպիրտ կամ թթվածին տալ շնչելու, շփել մարմինը։ Մինչև բժշկի ժամանումը կարելի է հիվանդին տալ մեկ թեյի գդալ կորդիամին, 1-2 սրվակ կոֆեինի 10 %-անոց լուծույթ։ Դժվարացած շնչառության կամ դրա բացակայության դեպքում անհրաժեշտ է կիրառել արհեստական շնչառության մեթոդներ (տես Առաջին օգնություն):

Ա. և ջ. կանխելու համար անհրաժեշտ է տաք եղանակին հագնել թեթև, շարժումները չկաշկանդող բաց գույնի հագուստ, գլխարկ դնել կան գլխաշոր կապել։ Շոգ եղանակին երկարատև քայլելուց առաջ ստամոքսը չի կարելի ծանրաբեռնել սննդամթերքով կամ օգտագործել ոգելից խմիչք։ Չի կարելի նաև քնել արևի տակ։ Լողափին հանգստանալիս հարկավոր է զգուշանալ, երկար ժամանակով արևի տակ (տես Արևայրուկ) կամ տաք շինություններում մնալուց։

ԱՐԵՎԱՅՐՈՒԿ, մաշկի թխացում, որն առաջանում է անդրամանուշակագույն ճառագայթների կամ լույսի արհեստական աղբյուրների (օրինակ, քվարցային լամպ) ներգործության հետևանքով։ Մաշկը թխանում է արևի թե՛ ուղիղ, թե՛ անդրադարձած (վրանածածկի, հովանոցի տակ) ճառագայթներից։ Ստվերում մաշկը նույնպես մի փոքր թխանում է։ Ա-ի շնորհիվ կարգավորվում է սիրտանոթային և նյարդային համակարգերի գործունեությունը, բարելավվում նյութափոխանակությունը, լավանում ախորժակը ևն։ Բացի այդ, օրգանիզմում ավելանում է D վիտամինի առաջացումը։ Սակայն, Ա-ի աստիճանը և առաջացման արագությունը միշտ չէ, որ առողջության ցուցանիշ է։

Ա. հարկավոր է ձեռք բերել աստիճանաբար։ Առաջին օրը կարելի է արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվել 10-15 րոպեից ոչ ավելի։ Արդեն թխացած մաշկով մարդու արևի տակ գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 1-1 1/2 ժամ։ Հարավում Ա. ստանալու համար առավել նպաստավոր ժամանակը առավոտվա ժամերն են (մինչև 11-12-ը)՝ ուտելուց առնվազն մեկ ժամ անց։ Հարկավոր է գլխարկ դնել կամ գլխաշոր կապել։ Արևի տակ քնել չի կարելի։ Աչքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է մուգ ակնոց դնել, քանի որ արևային ճառագայթներից կարող է աչքերի լորձաթաղանթը բորբոքվել (տես Շաղկապենաբորբ)։ Հավասարաչափ Ա. ստանալու համար խորհուրդ է տրվում մաշկին քսել ընկույզի, մեխակի կամ այլ բուսական յուղ (ձեթ)։ Դեմքի մաշկը Ա-ից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում գարնանը և ամռանը օգտվել պաշտպանական մաշկաքսուքներից։

Արևի տակ գտնվելու ռեժիմը չպահպանելու դեպքում կարող են առաջանալ արևային մաշկաբորբ (մաշկի այրվածք), օրգանիզմի գերտաքացում,