Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են երկարատև փորկապությունը, արգանդի թեքումները, ուղիղ աղիքի բորբոքային պրոցեսները, մասամբ նստակյաց կյանքը։ Սովորաբար Թ-ով հիվանդանում են միջին և տարեց հասակում, հաճախ՝ տղամարդիկ։ Հիվանդության ընթացքը քրոնիկական է՝ պարբերաբար սրացումներով։

Թ-ի թեթև ձևի ժամանակ հիվանդները տհաճ զգացողություն չեն ունենում, հիվանդության սաստկացման դեպքում առաջանում է հետանցքի քոր, այրոց, ցավ, երբեմն արյունահոսություն։ Կղման ակտի ժամանակ ներքին հանգույցները կարող են արտանկել, ճմլվել։ Թ-ով տառապողները պետք է անպայման դիմեն բժշկի, հանգույցների բորբոքման և ճմլման կամ հաճախակի արյունահոսությունների ժամանակ անհապաղ հետազոտվեն։

Թ-ի բուժումը պատճառների վերացումն է։ Փորկապության հակման ժամանակ նշանակում են մրգերով և բանջարեղենով հարուստ համապատասխան սննդակարգ՝ բացառելով սուր համեմունքները, թույլ ազդեցության լուծողականներ։ Արգելվում է ալկոհոլի օգտագործումը։ Ցավերը հանգստացնում են բժշկի նշանակած մոմերով։ Թ-ով հիվանդները յուրաքանչյուր կղման ակտից հետո հետանցքը և շեքը պետք է լվանան եռացրած սառը ջրով։ Թ-ի ծանր ձևերի ժամանակ անհրաժեշտ է վիրահատություն։ Կանխարգելման համար կարևոր են հիգիենայի կանոնների ուսուցումը մանկական տարիքից սկսած, փորկապության վերացումը, մարմնամարզությունը։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, օրգանիզմի մեջ թունավոր նյութեր թափանցելու հետևանքով առաջացող հիվանդագին վիճակ։ Առավել հաճախ են սուր Թ-ները, որոնք շտապ միջամտություն են պահանջում։ Մեծ թիվ են կազմում զանազան քիմիական նյութերից (դեղեր, կենցաղային քիմիայի միջոցներ, թունաքիմիկատներ ևն) առաջացող կենցաղային Թ-ները։ Թ-ման կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

Ցանկացած բնույթի Թ-ման դեպքում առաջին հերթին պետք է օրգանիզմից հեռացնել կամ վնասազերծել թույնը։ Շատ հաճախ թույնի հեռացման համար արդյունավետ միջոց է ստամոքսի լվացումը։ Հարկավոր է անմիջապես հիվանդին խմեցնել մի քանի բաժակ ջուր և, մատով լեզվի հիմքը սեղմելով, փսխում առաջացնել։ Առաջին օգնության միջոցառումները կարելի է կիրառել միայն այն դեպքում, եթե կասկած չկա, որ դա իրոք Թ. է։ Մի շարք սուր հիվանդություններ (կույր աղիքի բորբոքում, սրտամկանի ինֆարկտ ևն) նույնպես կարող են ուղեկցվել նման երևույթներով, և այնպիսի միջոցառումների կիրառումը, ինչպիսիք են ստամոքսի լվացումը, լուծողական միջոցների ընդունումը ևն, կարող է հանգեցնել անցանկալի, երբեմն ծանր հետևանքների։

Թթուներից և կծու ալկալիներից Թ.։ Թ-ման ախտանշաններն են շրթունքների, բերանի լորձաթաղանթի սուր ցավը և այրոցը, ցավը՝ կուլ տալու ժամանակ, առատ թքարտադրությունը, արյունախառն փսխումները։ Մինչև շտապ օգնության գալը հարկավոր է հեռացնել տուժածի բերանում կուտակված թուքը և լորձը՝ թանզիֆով կամ անձեռոցիկով փաթաթած թեյի գդալով։ Շնչահեղձության դեպքում անհրաժեշտ է կիրառել արհեստական շնչառություն՝ ցանկալի է «բերան-քթի» եղանակով, քանի որ բերանի լորձաթաղանթը այրված է (տես Առաջին օգնություն): Ստամոքսն ինքնուրույն լվանալ չի կարելի, քանի որ դա կարող է ուժեղացնել փսխումները և հանգեցնել թթուների կամ ալկալիների ներթափանցմանը շնչառական ուղիներ։ Կարելի է միայն տուժածին 2-3 բաժակ (ոչ ավելի) ջուր տալ խմելու՝ թթուն կամ ալկալին նոսրացնելու և նրանց ներգործությունը թուլացնելու նպատակով։ Չի կարելի նաև փորձել «չեզոքացնել» թունավոր հեղուկները, այսինքն խմեցնել նոսրացրած ալկալի՝ թթվով թունավորման և նոսրացրած թթու՝ ալկալիով թունավորման ժամանակ, քանի որ այդ դեպքում գոյանում է մեծ քանակության ածխաթթու գազ, որը հանգեցնում է ստամոքսի ձգման, ցավերի ուժեղացման և արյունահոսության։

Ալկոհոլից և նրա փոխնյութերից (տեխնիկական հեղուկներ, օդեկոլոն ևն) Թ.։ Ախտանշաններն են գրգռվածությունը, դեմքի կարմրությունը, այնուհետև գունատվելը, բերանից ալկոհոլի հոտ գալը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումը, գիտակցության կորուստը, երբեմն ջղացնցումները։ Եթե հիվանդը գիտակցությունը չի կորցրել, անհրաժեշտ է շտապ կերպով ստամոքսի լվացում կատարել՝ 3-4 բաժակ ջուր խմեցնելով (ցանկալի է յուրաքանչյուր բաժակին ավելացնել 1 թեյի գդալ սոդա)։ Ստամոքսի լվացումից հետո հարկավոր է հիվանդին թունդ թեյ կամ սուրճ խմեցնել։ Գիտակցությունը կորցրած հիվանդին անհրաժեշտ է պառկեցնել առանց բարձի, ավելի լավ է փորի վրա, գլուխը մի կողմ թեքել, որպեսզի փսխման ժամանակ չխեղդվի, և անուշադրի սպիրտ տալ շնչելու։

Թմրամիջոցներից և քնաբերներից (մորֆին, պանտոպոն, լյումինալ, նեմբուտալ ևն) Թ.։ Ախտանշաններն են քնկոտությունը, գլխապտույտները, աղմուկը ականջներում, փսխումը, դանդաղ և թույլ անոթազարկը, գիտակցության կորուստը, ջղացնցումները։ Ստամոքսի լվացումից հետո (1-2 լ գոլ ջուր խմեցնելով) տուժածին հարկավոր է տալ թունդ թեյ կամ սուրճ, 100 գ սև հացի պաքսիմատ։ Ոչ մի դեպքում պետք չէ կաթ տալ, որը խոչընդոտում է թունավոր նյութի դուրս բերմանը օրգանիզմից։ Գիտակցությունը կորցրած հիվանդին պետք է կողքի պառկեցնել, գլուխը կախել՝ փսխման զանգվածի և լորձի թափանցումը շնչառական ուղիներ կանխելու համար, այնուհետև բերանի խոռոչից հեռացնել լորձն ու թուքը, ժամանակ առ ժամանակ քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, մինչև որ շնչառությունը դառնա հավասարաչափ։ Շնչառության խիստ դժվարացման դեպքում (երբ այն գրեթե չի զգացվում) հարկավոր է արհեստական շնչառություն կատարել։

Ածխածնի օքսիդից (շմոլ գազ) Թ-ման դեպքում առաջանում են գլխացավ, աղմուկ ականջներում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, հևոց, անոթազարկի թուլացում, սրտխառնոց, ծանր դեպքերում ջղացնցումներ և գիտակցության կորուստ։ Հիվանդին հարկավոր է դուրս բերել մաքուր օդ, պառկեցնել մեջքի վրա, գլխին և կրծքին դնել սառը կոմպրես, խմեցնել տաք թեյ կամ սուրճ։ Գիտակցության կորստի դեպքում տալ շնչելու անուշադրի սպիրտ։ Շմոլ գազից թունավորվելու դեպքում հակազդեցության ամենալավ միջոցը թթվածնի երկարատև ներշնչումն է (թթվածնային բարձի կիրառմամբ)։ Եթե շնչառությունը բացակայում է կամ խիստ դժվարացած է, անհրաժեշտ է արհեստական շնչառություն («բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակներով)։