Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյունաբերական թույներից Թ.։ Այդ թույներից են տեխնիկական նպատակներով օգտագործվող պատրաստուկները և հեղուկները (օրինակ, անտիֆրիզը)։ Անտիֆրիզից Թ. շատ վտանգավոր է (մեկ կումն անգամ կարող է մահացու լինել)։ Թ. ի հայտ է գալիս ոչ անմիջապես, այլ 6-8 ժամ հետո. առաջանում են ցավեր որովայնի շրջանում, ուժեղ ծարավ, գլխացավ, փսխում, փորլուծություն, գրգռված վիճակ, հևոց, ծանր դեպքերում՝ գիտակցության կորուստ, ջղացնցումներ, սրտի գործունեության խանգարում։

Ալկոհոլի սիրահարները հաճախ օղու փոխարեն խմում են տեխնիկական սպիրտ և սպիրտ պարունակող այլ հեղուկներ։ Դա շատ վտանգավոր է։ Տեխնիկական սպիրտի տիպի արդյունաբերական հեղուկների մեջ պարունակվում են վնասակար խառնուկներ՝ հացօղու յուղ, մեթիլային սպիրտ, որն իր համով և հոտով հիշեցնում է էթիլային սպիրտ։ Նույնիսկ 5-10 գ մեթիլային սպիրտ խմելիս առաջանում է տեսողական նյարդի ապաճում և տեսողության անդարձելի կորուստ, իսկ 30 գ կարող է լինել մահացու։

Գյուղատնտեսության մեջ կիրառվում են զանազան մետաղների աղեր, հանքային պարարտանյութեր։ Հարկավոր է նկատի ունենալ, որ քիմիկատները (հատկապես, կալիում պարունակող) թունավոր են։ Դրանց հետ գործ ունենալիս պետք է հետևել հատուկ հրահանգների։

Արդյունաբերական թույներով թունավորվելու բոլոր դեպքերում հարկավոր է կատարել ստամոքսի և աղիքների լվացում և անմիջապես բժիշկ կանչել։ Մեթիլային սպիրտով և էթիլենգլիկոլով (պարունակվում է անտիֆրիզի մեջ) Թ-ման դեպքում, բացի այդ. հիվանդին հարկավոր է խմեցնել 100-150 մլ էթիլային սպիրտ (օղի), որն այդ դեպքում հակաթույնի դեր է կատարում։

Միջատասպաններից Թ.։ Քանի որ վնասատու միջատների դեմ պայքարելու համար օգտագործվող թունավոր նյութերը (կարբոֆոս, քլորոֆոս ևն) տարածվում են փոշեցրումով, օդը հագենում է այդ թույների գոլորշիներով, և նրանք հեշտությամբ թափանցում են շնչուղիներ, վնասում աչքերի, բերանի լորձաթաղանթները և մաշկը։ Ուստի, դրանցից օգտվելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկնելով մաշկի վրա՝ թույնը կարող է առաջացնել խոցեր։ Աչքերի լորձաթաղանթի վնասումը հանգեցնում է աչքերի ծանր հիվանդությունների և տեսողության մասնակի կորստի։

Կարբոֆոսի և քլորոֆոսի գոլորշիներով թունավորվելու դեպքում առաջ են գալիս գլխապտույտ, սրտխառնոց, տեսողության խանգարում, գրգռվածություն, ներքին օրգաններ թափանցելու դեպքում՝ փսխում, փորլուծություն, գլխացավեր, առատ լորձարտադրություն բերանից ու քթից, ծանր դեպքերում գիտակցության կորուստ, ջղացնցումներ, շնչառության խանգարում։ Թունաքիմիկատների գոլորշիներից թունավորվելու դեպքում տուժածին հարկավոր է դուրս բերել մաքուր օդ, հանել «վարակված» հագուստը, ջրով լվանալ մարմնի բաց մասերը։ Թունաքիմիկատների ներս թափանցելու դեպքում 4-5 անգամ ստամոքսի լվացում կատարել (3-4 բաժակ թույլ աղաջրով), այնուհետև լուծողական տալ (1 ճաշի գդալ դառը աղ), 5-6 հաբ բեսալոլ կամ բեկարբոն, գոլ թեյ՝ պաքսիմատով։ Գիտակցությունը կորցրած տուժածին հարկավոր է պառկեցնել փորի վրա առանց բարձի՝ գլուխը մի կողմ թեքելով, շնչառական ուղիները մաքրել թքից և լորձից, թույլ շնչառության դեպքում կիրառել արհեստական շնչառություն։

Հաճախ սուր Թ-ման վտանգ է առաջանում ինքնաբուժման հետևանքով։ Վատորակ մթերքից և թունավոր սնկերից Թ-ման մասին տես Սննդային թունավորում հոդվածում։

ԻՆՀԱԼԱՑԻԱ, տարբերում են բնական Ի. (իոններով և օզոնով հարուստ լեռնային օդի, աղերով և խոնավությամբ հարուստ ծովային օդի, բալասանի գոլորշիներով և օզոնով հարուստ փշատերև անտառի օդի շնչառումը) և արհեստական Ի., որը կատարում են հատուկ սարքերի (ինհալյատոր) օգնությամբ։ Գոլորշու կամ խտացրած օդի շիթով մանրացրած դեղանյութերը ինհալյատորից անցնում են հիվանդի շնչառական ուղիներ։ Ի. կիրառվում է միայն բժշկի խորհրդով քիթըմպանի, բրոնխների, թոքերի և այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։

Անհատական օգտագործման համար արտադրվում են տարբեր կառուցվածքի գրպանի ինհալյատորներ, դրանց մի մասը լցված է պատրաստի դեղորայքային խառնուրդով։ Օրինակ, Մախոլդի ինհալյատորը, որն օգտագործելուց առաջ լցնում են անհրաժեշտ դեղորայքի խառնուրդով։ Ի-ի տևողությունը 1-3 րոպե է, հաճախականությունը՝ օրը 3-5 անգամ։

Վերին շնչուղիների՝ կոկորդի չորությամբ ուղեկցվող որոշ հիվանդությունների ժամանակ կարելի է տանը (բժշկի նշանակմամբ) կատարել գոլորշու Ի.՝ եռացող ջրով լցված կաթսայի մեջ ավելացնել բժշկի նշանակած դեղորայքը (45 բաժակի հաշվով)։ Օրինակ, 5-10 կաթիլ յոդի թուրմ կամ 5-10 կաթիլ անուշադրի սպիրտ, նվենու մանր ծեծած տերևներ, փշատերևի մզվածքի մամլած բրիկետի մի կտոր, 10-15 կաթիլ մենթոլային կամ կամֆորային սպիրտ, 1/2 կամ 1 թեյի գդալ մենթոլի, թիմոլի, նվենու կամ այլ յուղ։ Կարելի է ավելացնել 1 թեյի գդալ սխտորի կամ սոխի հյութ (սխտորը կամ սոխը քերում են, քամում երեք շերտ թանզիֆով)։ Կարելի է շնչել նաև կեղևով եփվող կարտոֆիլի գոլորշիները։ հ-ի համար օգտագործում են հաստ թղթից պատրաստած ձագար, որի լայն մասով ծածկում են կաթսան, նեղ լ ուսանցքով շնչում գոլորշին։ Ի. կարելի է կատարել նաև առանց ձագարի՝ գլուխը սրբիչով կամ սավանով ծածկելով։ Ի-ի տևողությունը 1-3 րոպե է։

Երեխաներին (մեծերի հսկողությամբ) խորհուրդ է տրվում Ի. կատարել ոչ թե կաթսայի, այլ փոքրիկ թեյնիկի կամ ջեռակի օգնությամբ։ Այրվածքներից խուսափելու համար հարկավոր է ջրով լցնել անոթի 1/3-ը։ Թեյնիկը հարկավոր է դնել հորիզոնական ամուր մակերևույթի վրա (օրինակ, սեղանին), ծորակին հագցնել կտրած ծայրով ծծակ կամ ռետինե խողովակ, որի միջոցով երեխան պետք է շնչի գոլորշին։ Այդ ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի թեքել թեյնիկը։

ԼՅԱՐԴԱԲՈՐԲ, տես Դեղնախտ:

ԼՈԳԱՆՔՆԵՐ ԲՈՒԺԱԿԱՆ, լոգանքների համար օգտագործում են քաղցրահամ (ավելացնելով բուրավետ նյութեր, դեղորայք կամ այն հագեցնում գազերով թթվածնով, ազոտով և այլն) և հանքային (բնական ու արհեստականորեն պատրաստված) ջրեր, ծովի ջուր, բուժիչ ցեխեր, ավազ։ Օդային և արևային լոգանքների համար օգտագործում են