Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանքային լճեր և ավազաններ, լճուցքներ) լողանալիս` նաև ջրում լուծված աղերի քիմիական ազդեցությունը։ Աղերի գրգռիչ ներգործությունը շարունակվում է նաև ջրից դուրս գալուց հետո (աղերի բյուրեղիկները բարակ շերտով նստում են մաշկի վրա)։ Լ. ամրացնում է օրգանիզմը, բարելավում արյան և ավշի շրջանառությունը, նյարդամկանային ապարատի աշխատանքը, մարզում է շնչառությունը, կատարելագործում ջերմակարգավորման մեխանիզմը։ Սակայն, Լ. չարաշահելը և Լ-ու կանոններին չհետևելը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Հյուծված, հիվանդությունից հետո նոր կազդուրվող և տարեց մարդիկ, մինչ լողանալը, պետք է անցնեն բժշկական քննություն։ Լողանալուց առաջ խորհուրդ է տրվում անցնել 3-5 օր տևողության նախապատրաստական շրջան (մինչև գոտկատեղը ջրային շփումներ, ջրցողում և ջրասուզում)։ Սիրտանոթային և շնչառական համակարգերի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև հղիության երկրորդ կեսի ընթացքում պետք է խուսափել բաց ջրավազաններում լողանալուց։

Բնական ջրավազաններում կարելի է լողանալ, եթե օդի ջերմաստիճանը ցածր չէ 22-20 °C–ից, իսկ ջրինը՝ 20-18 °C–ից։ Մարզված, լողով կանոնավոր զբաղվող մարդիկ կարող են լողանալ մինչև ցրտերն սկսվելը։ Խորհուրդ է տրվում լողանալ օրական մեկ անգամ, առավոտյան՝ նախաճաշից 1-1,5 ժամ առաջ կամ հետո, կամ էլ ճաշից 2-3 ժամ հետո։ Գերադասելի է լողանալ օրվա երկրորդ կեսին, երբ ջուրը և օդը զգալիորեն տաքացել են։ Առողջ և մարզված մարդիկ կարող են լողանալ օրական 2-3 անգամ` 3-4 ժամ ընդմիջումով։ Թուլակազմ անձանց խորհուրդ չի տրվում լողանալ անոթի վիճակում, ուտելուց հետո մեկ ժամից շուտ, լարված ֆիզիկական և մտավոր աշխատանքից, արևային լոգանքից անմիջապես հետո։ Լողանալուց առաջ պետք է 15-20 րոպե հանգստանալ, ֆիզիկական վարժություններ կատարել, քրտնելու դեպքում՝ մաշկը չորացնել։ Անհրաժեշտ է ջուրը մտնել աստիճանաբար` սկզբից թրջելով դեմքը և կուրծքը։ Միանգամից ջուրը մտնել կարող են միայն մարզված մարդիկ։ Թեպետ գոյություն չունի ջրում մնալու խիստ սահմանված ժամկետ (հատկապես առողջ մարդկանց համար), սակայն անհրաժեշտ է պահպանել որոշակի կարգ։ Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում ջրում մնալ 5 րոպե, իսկ հետագայում այն կարելի է հասցնել 10-15 րոպեի։ Ամեն դեպքում չի կարելի լողանալ այնքան, որ դող առաջանա։ Ջրից դուրս գալուց հետո անմիջապես պետք է սրբվել սրբիչով կամ սավանով և ոչ թե չորանալ ստվերում կամ արևի տակ։

Բաց ջրավազաններում երեխաներին կարելի է լողացնել սկսած 2 տարեկանից։ Քանի որ երեխաների ջերմային հավասարակշռությունն ավելի շուտ է խախտվում, ուստի նրանք պետք է լողանալ սկսեն ավելի տաք (22-24 °C) ջրում։ Սկզբնական շրջանում խորհուրդ չի տրվում երեխային ամբողջովին ընկղմել ջրի մեջ։ 2-3 րոպե լողանալուց հետո երեխային անմիջապես պետք է սրբիչով չորացնել։

Դժբախտ դեպքերից խուսափելու համար (տես Ջրահեղձություն) պետք է խստորեն հետևել ջրում գտնվելու կանոններին. լողանալ միայն սթափ վիճակում, լողանալու համար հատկացված տեղերում։

ԼՈՍՅՈՆ կոսմետիկական, օրգանական և անօրգանական տարբեր նյութերի ջրասպիրտային լուծույթ։ Լինում է անգույն կամ անվնաս ներկանյութերով (կամ էլ օգտագործվող բաղադրանյութերի գույնի հաշվին) գունավորված։ Լ. ունի օծանելիքի անուշահոտություն։ Արտադրվում են հիգիենային և հատուկ նշանակման Լ-ներ։ Հիգիենային Լ. կիրառվում է մաշկը մաքրելու, թարմացնելու և ախտահանելու համար։ Այն բաղկացած է (բացի ջրից, սպիրտից և բուրավետ նյութերից) գլիցերինից, թթուներից, թորակից, դոնդողացնող նյութերից։

Հատուկ նշանակման Լ-ները կիրառվում են գլխի մաշկը, մազերը, եղունգները, ձեռքերի մաշկը խնամելու, սափրվելու համար, մոծակների, արևային այրվածքների դեմ։ Այդ Լ-ները, նշված բաղադրանյութերից բացի, պարունակում են հատուկ հավելանյութեր (օրինակ, վիտամիններ, մրգերի, բանջարեղենի հյութեր, դեղաբույսերի մզվածքներ և մաշկի կենսագործունեությունը խթանող կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր)։

Լ. կարելի է պատրաստել նաև տան պայմաններում։

Վարունգի Լ. (ճարպոտ մաշկի համար)։ Միջին չափի 1 վարունգ լվանալ, քերել, ավելացնել ստացված զանգվածի ծավալի չափով սպիրտ, լցնել ապակե կամ ճենապակե ամանի մեջ, 3 օր պահել մութ, զով տեղում, ապա քամել երկտակ թանզիֆով։

ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, անհատական օգտագործման սարք, որը կիրառվում է թույլ լսողության կամ խլության դեպքում ձայնի ուժեղացման համար։ Սարքը բաղկացած է միկրոֆոնից, էլեկտրական տատանումների ուժեղարարից, հեռախոսից և էլեկտրասնման աղբյուրից։

Ձայնային տատանումներն ընկալվում են միկրոֆոնով և նրա միջոցով կերպափոխվում ձայնային հաճախության էլեկտրական տատանումների։ Էլեկտրոնային ուժեղարարում այդ տատանումներն ուժեղացվում են մինչև պահանջվող մակարդակը և փոխանցվում հեռախոսին, որտեղ նրանք կրկին կերպափոխվում են ձայնի։ Ըստ լսողության խախտման բնույթի, Լ. ա-ում կիրառվում են օդային (ուժեղացված ձայնային ազդանշան է հաղորդվում արտաքին ականջին) և ոսկրային (ձայնը հաղորդվում է գանգի ոսկրերի միջոցով ներքին ականջին) ձայնափոխանցման հեռախոսներ։ Օդային հեռախոսը դրվում է անմիջականորեն արտաքին լսողական անցուղու մեջ, ոսկրայինը սեղմվում է պտկաձև ելուստին։

Թողարկվում են տարբեր Լ. ա-ներ։ Օրինակ, գրպանի Լ.ա. մետաղե կամ պլաստմասսայե տափակ տուփ է (լուցկու տուփից փոքր-ինչ մեծ), որը տեղավորվում է վերնաշապիկի լանջագրպանում։ Տուփի մեջ տեղավորված է միկրոֆոնը, ուժեղարարը և սնման աղբյուրը։ Բարակ ճկուն լարով ապարատի իրանին միացած հեռախոսը ականջաներդրակի օգնությամբ դրվում է արտաքին լսողական անցուղու մեջ։ Առավել տարածված է ականջի հետևում դրվող Լ.ա.։ Այն ունի կորացված ձայնահաղորդիչ, որի ծայրը ներդրակի միջոցով դրվում է արտաքին լսողական անցուղու մեջ։

Թողարկում է ակնոցի տեսքով Լ. ա., որի բոլոր տարրերը, բացի հեռախոսից, ներսարված են ակնոցի շրջանակի մեջ։ Թողարկվում է նաև ներդնովի միկրոմանրաչափ ապարատ՝ մեկ իրանի մեջ տեղավորված միկրոֆոնով, ուժեղարարով,