Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդի և արևի ճառագայթման բուժիչ ազդեցությունը։ Լոգանքներ ընդունում են միայն բժշկի նշանակմամբ, մեծամասամբ առողջարանա-առողջավայրային և բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժանձնակազմի հսկողությամբ։ Տանը կարելի է ընդունել հիմնականում քաղցրահամ (ջրմուղի) ջրի և որոշ դեղամիջոցների լոգանքներ` կատարելով բժշկի բոլոր խորհուրդները ընտանիքի անդամներից մեկի հսկողությամբ։ Լոգանք ընդունող հիվանդի լավ լուսավորված դեմքի մաշկի անոթների ռեակցիայով որոշում են օրգանիզմի վիճակը։ Լ-ի ժամանակ հարկավոր է պառկել հանգիստ, առանց լարվածության՝ գլխի տակ դնելով սրբիչ կամ ռետինե փչովի բարձ։ Լոգանքից հետո հարկավոր է մարմինը սրբել չոր, ավելի լավ է տաք սրբիչով կամ սավանով և հանգստանալ 30 րոպեից ոչ պակաս։ Լոգանքների բուժիչ ազդեցությունը պայմանավորված է ջրի ջերմաստիճանով, որքան մեծ է մարմնի և ջրի ջերմաստիճանների տարբերությունը, այնքան ուժեղ է լոգանքի ազդեցությունը։ Մասամբ դրա վրա է հիմնված հակադրական (ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով) և ջրի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացումով կամ իջեցումով ուղեկցվող լոգանքների ազդեցությունը։ Սառը (20 °C) և գոլ (20-33 °C) լոգանքներն օրգանիզմի վրա ունեն հանգստացնող ազդեցություն, իսկ տաքը (40-42 °C) ուժեղացնում է քրտնարտադրությունը։ Ըստ հիվանդության բնույթի կարելի է ընդունել ընդհանուր լոգանք (ջրի մեջ ընկղմվում է ամբողջ մարմինը բացառությամբ միայն գլխի, վզի, կրծքավանդակի վերին մասի, սրտի շրջանի), տեղային (հաճախ ձեռքերի, ոտքերի), ինչպես նաև կիսալոգանքներ (ընկղմվում է ջրի մեջ մինչև գոտկատեղը)։ Հակադրական տեղային լոգանք հաճախ նշանակում են մրսելուց առաջացող հիվանդությունները կանխելու, օրգանիզմը կոփելու նպատակով։ Այդ լոգանքի համար մի դույլի կամ թասի մեջ լցնում են տաք (40-42 °C), մյուսի մեջ՝ սառը (10-12 °C) ջուր։ 10 րոպեի ընթացքում վերջույթները հաջորդաբար ընկղմում են մերթ տաք (1-2 րոպե), մերթ սառը (15-20 վրկ) ջրի մեջ ավարտելով` սառը ջրի մեջ ընկղմելով։

Երբեմն միզապարկի սուր և քրոնիկական, սեռական օրգանների քրոնիկական բորբոքումների, թութքի և այլ հիվանդությունների ժամանակ տանը նշանակում են լոգանքներ նստած դիրքում։ Դրա համար օգտագործում են խոր թաս, որը լցվում է պահանջվող ջերմաստիճանի ջրով և դրվում աթոռի վրա։ Հիվանդը պետք է նստի այդ թասի մեջ, ոտքերը ընկղմի հատակին դրված տաք ջրով լցված մեկ ուրիշ թասի մեջ։ Գոլ լոգանքները տևում են 20-30, տաքը` 10-15, սառը` 5-10 րոպե։ Քաղցրահամ ջրի բուժիչ ազդեցությունն ուժեղացնելու համար ավելացնում են դեղորայք և բուրավետ նյութեր փշատերևի մզվածք, եղեսպակ, մանանեխ, բևեկնախեժ, կալիումի գերմանգանատ, օսլա և այլն։

Փշատերևային լոգանքն ունի հանգստացնող ազդեցություն։ Այն կարելի է պատրաստել տաք (35-37 °C) ջրի մեջ ավելացնելով փշատերևի մզվածք (100 մլ հեղուկը, 50-70 գ փոշին կամ 12 հաբը 200 լ ջրին)։ Լոգանքի տևողությունը 10-15 րոպե է։

Մանանեխային լոգանքները նշանակում են վերին շնչուղիների մրսելուց առաջացած հիվանդությունների (ընդհանուր և ոտքերի Լ.), բրոնխային հեղձուկի (ձեռքերի Լ.), արյան ճնշման բարձրացման (ոտքերի Լ.) դեպքերում։ Մանանեխային լոգանքները հակացուցված են մաշկային հիվանդությունների և մանանեխի հոտի նկատմամբ անհանդուրժողականության ժամանակ։ Լոգանքների համար չոր մանանեխը (100-250 գ 200 լ ջրին կամ 5-10 գ մեկ դույլ ջրին) հարկավոր է լուծել ջրի մեջ, քամել թանզիֆով, լցնել լոգնոցի մեջ և խառնել։ Ընդհանուր լոգանքների ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 36-38 °C, տևողությունը` 5-7 րոպե, տեղայինինը՝ ջերմաստիճանը 39-40 °C, տևողությունը` 10-15 րոպե։ Ընդհանուր լոգանքից առաջ մարմնի զգայուն հատվածներին պետք է վազելին քսել։ Աչքերը և շնչուղիները մանանեխի գրգռող ազդեցությունից պաշտպանելու համար լոգնոցը վերևից հարկավոր է ծածկել սավանով։ Լոգանքից հետո մարմինը անհրաժեշտ է լվանալ տաք ջրով և 30-60 րոպե փաթաթվել վերմակով։

Երեխաների բուժիչ լոգանքները պետք է կատարել շատ զգույշ` հաշվի առնելով ջերմային ազդեցությունների հանդեպ նրանց օրգանիզմի բարձր զգայունությունը։ Չափահասների համեմատ երեխաների գոլ և տաք լոգանքների ջրի ջերմաստիճանը պետք է 1-2 °C–ով ցածր լինի։ Ընդհանուր գոլ և հատկապես սառը լոգանքներ երեխաներին չի թույլատրվում։ Տանը երեխաների համար նպատակահարմար են փշատերևային (կալիումի գերմանգանատի հետ), աղային, աղափշատերևային, օսլային, սոդային, մանանեխային, երիցուկի, կատվալեզվի եփուկներով և այլ լոգանքները։

Կալիումի գերմանգանատով լոգանքները մաշկը վարակազերծում և չորացնում են. դրանք ընդունում են ամեն օր կամ օրընդմեջ 5-10 րոպե, հետագա ջրցողումներով։ Հարկավոր է ջրին ավելացնել կալիումի գերմանգանատի խիտ լուծույթի մի քանի կաթիլ, մինչև ջուրը դառնա վարդագույն։ Ոչ մի դեպքում չի կարելի ջրին ավելացնել բյուրեղներ, որոնք ընկնելով մաշկի վրա առաջացնում են ուժեղ այրվածքներ։

Աղային լոգանքները (50-100 գ ծովի կամ կերակրի աղ 10 լ ջրին) ցուցված են ռախիտի ժամանակ՝ 6 ամսականից բարձր երեխաներին։ Տևողությունը 3-10 րոպե է, ջրի ջերմաստիճանը` 36-37 °C։

Օսլային և սոդային լոգանքները կիրառում են մաշկային մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ՝ գրգռվածությունը և քորը մեղմացնելու նպատակով։ 3 ճաշի գդալ օսլան լուծում են սառը ջրի մեջ, եփում եռացրած ջրով, այնուհետև լուծում 1 դույլ ջրի մեջ։ Սոդային լոգանքի համար 1 թեյի գդալ սոդան լուծում են 1 դույլ ջրի մեջ։ Լոգանքի տևողությունը 8-10 րոպե է, ջրի ջերմաստիճանը` 36-37 °C։ Օսլային կամ սոդային լոգանքներից հետո երեխայի մարմինը հարկավոր է առանց շփելու չորացնել սրբիչով։

ԼՈՂԱՆԱԼԸ, ցանկացած տարիքի մարդկանց համար կոփման և հանգստի տարածված ձև։ Լ. կիրառում են նաև բուժկանխարգելիչ նպատակով։ Լողանում են ինչպես բնական (լիճ, գետ, ծով), այնպես էլ արհեստական (բաց և փակ) ջրավազաններում։ Լողանալը, ջրում խաղալը և շարժվելը պահանջում են մկանային մեծ ակտիվություն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի, նախ և առաջ հենաշարժական օրգանների համակարգի վրա։ Բաց ավազաններում լողանալիս ջրի ազդեցությանը գումարվում է նաև օդի, արևի ճառագայթների ազդեցությունը, աղի ջրավազաններում (ծով,