Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Դրանք, առավել վտանգավոր են վաղ մանկական տարիքում, երբ երեխան դեռ չի խոսում կամ նոր է սկսել խոսել (լսողության խանգարումը հանգեցնում է խոսքի ձևավորման խանգարման): Գլխի սալջարդը (հատկապես վտանգավոր է մանկական հասակում), որը կարող է ուղեկցվել ուղեղի ցնցման թեթև ձևով, երբեմն հանգեցնում է լսողության կայուն խանգարումների։ Լսողության խանգարումների ժամանակին և ճիշտ բուժումը հաճախ կանխում է ծանրալուրաթյան կամ խլության զարգացումը։

Բացարձակ խլությունը (կամ խուլհամրությունը) բուժելն անհնար է։ Եթե բուժումից հետո էլ երեխայի մոտ առկա է խլություն կամ լսողության խիստ նվազում, հարկավոր է նրան ուղարկել խուլերի կամ խուլհամրերի համար նախատեսված հատուկ մանկական հիմնարկություն։

Լսողության խիստ նվազման դեպքում նշանակալի օգնություն են ցույց տալիս հատուկ լսողական վարժությունները։ «Շրթունքներից ընթերցման» զուգակցումը ձայնաուժեղացուցիչ ապարատներով կատարվող վարժություններով զարգացնում է լսողական ուշադրությունը և երեխաներին հնարավորություն է տալիս օգտագործել լսողության մնացորդները։ Ձայնաուժեղացուցիչ ապարատների շնորհիվ երեխան կարող է լսել շրջապատող մարդկանց և իր սեփական խոսքը։

Պրոֆեսիոնալ ծանրալուրությունը սովորաբար առաջանում է լսողության օրգանի վրա արտադրական աղմուկի և թրթռումների (վիբրացիա) երկարատև ազդեցության հետևանքով։ Այն կանխվում է հակաաղմուկային և հակավիբրացիոն կանխարգելիչ միջոցառումներով, տեխնոլոգիական միջոցառումների կատարելագործումով։ Ցանրալուրության առաջընթացը կանխելու համար նպատակահարմար է հիվանդին տեղափոխել այլ աշխատանքի։

Լսողության կայուն (չբուժվող) խանգարումների ժամանակ հարկավոր է օգտագործել լսողական ապարատներ, որոնց օգնությամբ մեծամասամբ հաջողվում է փոխհատուցել լսողության արատները։ Ապարատն ունի օդային կամ ոսկրային հեռախոս։ Գործածվում են նաև, այսպես կոչված, լսողական ակնոցներ (միայն օդային հեռախոսով)։ Անհրաժեշտ լսողական ապարատը որոշում է բժիշկը։ Ոչ մի դեպքում չի կարելի այն ձեռքբերել առանց բժշկական հետազոտության, քանի որ դա կարող է մեկին օգնել, մյուսին վնասել։

ԼՈՒԾ, կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների ժամանակ մարսողության ֆունկցիոնալ խանգարումների (ստամոքսահյութի, ենթաստամոքսային գեղձի հյութի, լեզու և այլ անբավարար արտադրության), ինչպես նաև աղիքների ախտահարման (սննդային թունավորումների, սուր աղիքային վարակների) և այլ դեպքերում։ Երբեմն Լ. առաջանում է հուզական ցնցումների (օրինակ, վախի) հետևանքով։ Այն կարող է պայմանավորված լինել նաև որոշ սննդանյութերի (կաթ, ձու, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն) հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։

Լ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Մինչև բժշկի այցելելը խորհուրդ է տրվում հիվանդին տալ առատ հեղուկներ։ Բժշկի համար կարևոր են հիվանդության մասին հիվանդի հաղորդած ճշգրիտ տվյալները։ Հարկավոր է ուշադրություն դարձնել կղանքի հաճախականության և բնույթի, հաճախակի ցավոտ նքոցների առկայության վրա։ Հաճախ Լ-ով հիվանդները կամ նրա բարեկամները, խուսափելով հոսպիտալացումից, չեն դիմում բժշկական օգնության։ Լ-ի ինքնաբուժումն անթույլատրելի է. հատկապես հակաբիոտիկների անկանոն ընդունումը փոխում է հիվանդության կլինիկական պատկերը և դժվարացնում հիվանդության ճիշտ ախտորոշումը։ Ինքնաբուժումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների զարգացման կամ հիվանդությունը դարձնել քրոնիկական, ձգձգվող։ Հիվանդներին հոսպիտալացնում են միայն այն դեպքում, երբ տանն անհնար է պահպանել հակահամաճարակային ռեժիմ կամ հիվանդի վիճակը պահանջում է հիվանդանոցային բուժում։ Հիվանդության բնույթից և հիվանդի վիճակից ելնելով՝ բժիշկը նշանակում է բուժում և սննդակարգ։ Հարկավոր է օրաբաժնից հանել աղիքներում խմորում առաջացնող կամ ստամոքսաղիքային համակարգը գրգռող (կաթ, ապուխտներ, տապակած, յուղոտ և սուր ճաշատեսակներ) սննդանյութերը։ Որպես աղաղանյութ հիվանդին կարելի է տալ կիսել, բրնձի շիլա, կաղնու արմատների եփուկ և այլն։ Մինչև բժշկի գալը կղանքը գունավորող հեղուկներ տալ չի կարելի, քանի որ դրանից դժվարանում է ախտորոշումը։

ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅՈՒՆ, գիշերաշրջիկություն (լունատիզմ, սոմնամբուլիզմ), քնի խանգարման ձևերից։ Նկատվում է հոգնածության, նևրոզների ժամանակ և ծանր հիվանդության առողջացման շրջանում։ Առավել հաճախ հիվանդանում են երեխաները և դեռահասները։ Արտաքուստ նման վիճակներ կարող են առաջանալ նաև էպիլեպսիայի ժամանակ։ Լ. դրսևորվում է հետևյալ ձևով. քնած մարդը վեր է կենում անկողնուց և շարժվում սենյակում, կատարում է երբեմն աննպատակ, երբեմն կարգավորված գործողություններ (բացում և փակում է դուռը, դուրս գալիս տնից և այլն)։ Այնուհետև նա սովորաբար նորից է պառկում քնելու։ Այդ միջադեպերի մասին, որպես կանոն, հիշողություններ չեն պահպանվում։

Լ-ով հիվանդ անձինք (լուսնոտներ) հնում վախեցրել են շրջապատող մարդկանց։ Այդ պատճառով Լ. բացատրում էին խորհրդավոր ձևով՝ կապելով լուսնի փուլերի հետ (այստեղից «Լ.» անվանումը), իսկ լուսնոտներին վերագրում էին անդունդի վրա հավասարակշռությունը պահպանելու, տանիքի եզրերին քայլելու, կանխագուշակելու հատկություններ։ Լուսնոտը գիշերաշրջիկության ժամանակ կարող է վայր ընկնել, վնասվել և դրա հետևանքով արթնանալ։ Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով հարկավոր է սենյակի դուռն ու լուսամուտները փակ պահել, էլեկտրասարքերն անջատել, կրակը հանգցնել և այլն։ Նոպայի ժամանակ հարկավոր է քնածին զգույշ կանգնեցնել, ցածր, հանգիստ ձայնով արթնացնել, պառկեցնել անկողնում և սպասել, որ քնի։ Այդպիսի մարդկանց անպայման հարկավոր է բժշկական հսկողություն։

ԽԱԼԵՐ, մաշկի զարգացման արատներ, որոնք կառուցվածքով և արտաքին տեսքով բազմազան են։ Խ. կարող են լինել բնածին կամ ի հայտ գալ հետո՝ տարբեր ժամանակամիջոցում։ Սովորաբար Խ-ի չափերը և քանակն ավելանում են սեռական հասունության սկզբին, հղիության շրջանում։ Ըստ կառուցվածքի և արտաքին տեսքի բաժանվում են 2