Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբի՝ անոթային (անգիոմաներ) և գունակային (պիգմենտային)։

Գունակային բնածին Խ. ունեն բազմազան կառուցվածք։ Հաճախ մաշկի վրա հանդիպում են տափակ կամ մաշկից թեթևակի բարձր, կորեկի կամ ոսպի մեծության, կլոր կամ ձվաձև դարչնավուն սև բծեր։ Գունակային Խ-ի քանակը մեկ-երկուսից հասնում է մինչև հարյուրի։

Երբեմն դեմքի, գլխի մազածածկ հատվածի, մեջքի վրա լինում են ոսպի հատիկից մինչև լոբու մեծության, փափուկ, մաշկի մակերևույթից խիստ բարձր գոյացություններ։ Այդ Խ., որպես կանոն, դեղնավարդագույն են, երբեմն մուգ գունակի հատիկներով բծավորված։ Մակերևույթը հարթ է՝ հաճախ ծածկված նոսր, փափուկ, բաց գույնի մազերով։ Նման Խ. սովորաբար բնածին են և, որպես կանոն, տարիքի հետ մեծանում են։ Բնածին Խ-ի շարքն են դասվում նաև, այսպես կոչված, փափուկ գորտնուկները, որոնք բալի կորիզից մինչև լոբու մեծության ուռուցքներ են, հաճախ լինում են բարակ տոտիկի վրա, վարդագույն են կամ մուգ դեղին։ Առավելապես հանդիպում են պարանոցի, մեջքի վրա, անութային փոսերում և աճուկային ծալքերում։

Այսպես կոչված բնածին մազոտ Խ. սովորաբար դեղնադարչնագույն, սև, պինդ կառուցվածքով գոյացություններ են, որոնց մակերևույթն անհարթ է, հաճախ գորտնուկավոր, ամբողջովին ծածկված կոպիտ խոզանականման մազերով։ Զբաղեցնելով մաշկի մակերևույթի մեծ հատվածներ՝ այդ գոյացությունները տգեղացնում են մարդկանց։ Ցանկության դեպքում բնածին Խ. կարելի է հեռացնել էլեկտրական հատուկ գործիքների օգնությամբ կամ վիրաբուժական ճանապարհով։ Դրանցից հետո սովորաբար մնում են քիչ նկատվող սպիներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մուգ դարչնագույն և սև բնածին Խ-ին, որոնք կարող են մեծանալ և բորբոքվել։ Այդպիսի դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։

ԽԱՅԹՈՑ թունավոր օձերի և միջատների, օձի խայթոցի դեպքում առաջին օգնությունը. ապահովել տուժածի լրիվ հանգիստը հորիզոնական դիրքում, ճնշելով բացել վերքը, արտածծել և թքել թույնը (արտածծումը պետք է տևի 15 րոպե), այնուհետև վերքն ախտահանել (յոդով, օդեկոլոնով, օղիով և այլն)։ Վիրակապել, մարմնի ախտահարված հատվածն անշարժացնել բեկակալով (տես Կոտրվածք)։ Օձի թույնը շատ արագ է ներծծվում, դրա համար արդյունավետ է միայն անհապաղ առաջին օգնությունը։ Խորհուրդ է տրվում ընդունել առատ հեղուկ։ Չի կարելի կտրել կամ այրել վերքը, այն մաքրել կալիումի գերմանգանատով, լարան դնել, տալ ալկոհոլային խմիչք։ Տուժածին պետք է շտապ հասցնել բուժհիմնարկություն (ցանկալի է պատգարակով, թե ինչպես են ձեռքի տակ գտնվող միջոցներով պատգարակ պատրաստում տես Առաջին օգնություն հոդվածում), որտեղ ներարկում են համապատասխան շիճուկ։

Խ. մեղվի և իշամեղվի: Հարկավոր է վերքից հեռացնել խայթիչը և դնել սառը թրջոց։ Խայթոցի հանդեպ ուժեղ ռեակցիայի ժամանակ (մեծ այտուց, ջղաձգություն, եղնջացան, փսխում և այլն), որը կարող է կապված լինել մեղվի (իշամեղվի) թույնի հանդեպ զգայունության բարձրացման հետ, հարկավոր է դիմել բժշկի։

ԽԼՈՒԹՅՈՒՆ, տես Լսողություն:

ԽՄԵԼՈՒ ՌԵԺԻՄ, ապահովում է աղաջրային բնականոն հավասարակշռություն և ստեղծում բարենպաստ պայմաններ օրգանիզմի կենսագործունեության համար։ Խ. ռ. սերտորեն կապված է սնվելու ռեժիմի հետ։ Անկանոն և չափից ավելի հեղուկ ընդունելը վատացնում է մարսողությունը, սիրտանոթային համակարգի և երիկամների ավելորդ բեռնվածություն առաջացնում, հանգեցնում է երիկամների և քրտնագեղձերի միջոցով օրգանիզմից արժեքավոր նյութերի հեռացմանը։ Անգամ ժամանակավոր հեղուկային գերբեռնվածությունը խախտում է մկանների աշխատանքի պայմանները և հոգնածություն է առաջացնում։ Ջրի անբավարար օգտագործումը ևս խախտում է օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, պակասում է մարմնի զանգվածը, մեծանում է արյան մածուցիկությունը, բարձրանում մարմնի ջերմաստիճանը, հաճախանում են անոթազարկը և շնչառությունը, առաջանում է ծարավ և սրտխառնոց, նվազում է աշխատունակությունը։

Օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը պահպանելու համար ջրի նվազագույն քանակը գլխավորապես կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, սննդի օրաբաժնից, կլիմայական պայմաններից։ Երեխաներին օրական անհրաժեշտ է տալ 80-160 մլ ջուր։ Միջին գոտում ապրող մեծահասակների համար նվազագույն ֆիզիկական բեռնվածության դեպքում հեղուկի նորման պետք է լինի մոտ 2,5 լ (35-40 մլ մարմնի զանգվածի 1 կգ-ի հաշվով), կերակրող կանանց համար ևս 1 լ։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում ջրի օրական պահանջը կարող է հասնել մինչև 15 լ-ի։ Շոգ վայրերում բնակվողներին, տաք արտադրամասերում աշխատողներին երկարատև և զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (մարզումների, մրցումների ժամանակ ևն) առանձնապես կարևոր է պահպանել խմելու ճիշտ ռեժիմը։ Շոգ կլիմայով շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում ծարավը հագեցնել միայն ուտելուց հետո և խիստ սահմանափակել հեղուկ ընդունելը նախաճաշից մինչև ճաշ և ընթրիք ընկած ժամանակամիջոցներում։ Այդ դեպքում սնվելու ռեժիմը նույնպես պետք է փոխվի. սնվելու ժամերն անհրաժեշտ է շեղել դեպի օրվա զով ժամանակը՝ օրաբաժնի մեջ ներառելով վիտամիններով, մզվածքային, հանքային նյութերով հարուստ մթերք։ Թեյը լավ է հագեցնում ծարավը։ Այն մեծացնում է թքարտադրությունը, վերացնում բերանի չորությունը։ Շատ դեպքերում ջրին կարելի է ավելացնել մրգի և բանջարեղենի հյութեր, մրգի օշարակ։ Տաք արտադրամասերում պետք է խմել գազով ջուր կամ չոր մրգերի եփուկ։ Մարզիկները ծարավը պետք է հագեցնեն միայն մարզվելուց հետո (մարզվելիս ծարավը և բերանի չորությունը կարելի է վերացնել բերանը և կոկորդը ջրով ողողելով)։ Մարմնի զանգվածի ֆիզիկական բեռնվածության հետ կապված (մարզումներ, մարզական մրցումներ, շոգեբաղնիք ևն) զգալի նվազման դեպքում խորհուրդ է տրվում հեղուկն ընդունել փոքր բաժիններով։

ԽՈԶՈՒԿ, համաճարակային պարօտիտ, հարականջագեղձաբորբ, սուր վարակիչ հիվանդություն, որի հարուցիչները վիրուսներն են։ Բնորոշվում է թքագեղձերի (հարականջային, երբեմն ենթածնոտային և ենթալեզվային) ախտահարմամբ։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդը