Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաջորդ օրերին ախտահարված գեղձը պնդանում է, դառնում խիստ ցավոտ, կարմրում է և մեծանում։ Հաճախ հիվանդանում են առաջնածին կանայք, քանի որ նրանց պտուկի մաշկն ավելի նուրբ է և շուտ է վնասվում։ Բացի դրանից, երիտասարդ մայրը երեխային ճիշտ չի հպում կրծքին, որից պտուկը հեշտությամբ վնասվում է, և վրան ճաքեր են առաջանում, որի հետևանքով երեխան չի կարողանում կաթը լրիվ դատարկել։ Կ. բ. կարող է առաջանալ նաև կուրծքը ձեռքերով ոչ հմուտ կթելու և անձնական հիգիենայի կանոնները խախտելու ժամանակ։

Շատ հաճախ կերակրելը դժվարանում է հարթ կամ ներքաշված պտուկների պատճառով։ Դրա համար խորհուրդ է տրվում հղիության առաջին ամիսներից սկսած կիրառել անհրաժեշտ միջոցառումներ, որոնց շնորհիվ կարող է պտուկի ձևը փոխվել։ Կարելի է կատարել նաև կաթնագեղձերի շրջանաձև մերսում։ Այդպիսի մերսում կարող է կատարել ինքը՝ կինը։ Դրա համար, ձեռքերը տաք ջրով և օճառով լվանալուց հետո, մի ձեռքով մի քանի րոպե ժամացույցի սլաքի ուղղությամբ թեթևակի պետք է շոյել կաթնագեղձը։ Հղիության երկրորդ կեսին շատ օգտակար են ամենօրյա օդային լոգանքները։ Հարկավոր է այդ ժամանակ օդանցքը բաց թողնել կամ սենյակը լավ օդափոխել։

Հատկապես ծննդաբերությունից հետո հարկավոր է ամեն օր կրծկալը փոխել և կաթնագեղձերը լվանալ տաք ջրով և մանկական օճառով, այնուհետև սրբել այդ նպատակով առանձնացված սրբիչով։ Դա պետք է արվի զգուշորեն, որպեսզի պտուկները չվնասվեն և ճաքեր չառաջանան։ Կերակրելուց առաջ և հետո անհրաժեշտ է պտուկները լվանալ եռացրած ջրով կամ սրբել բորաթթվով թրջած վիրախծուծով։ Կերակրելիս պետք է ջանալ, որ երեխան բռնի ոչ միայն պտուկը, այլ հարպտկային շրջանակի մեծ մասը։ Կերակրելուց հետո անհրաժեշտ է մնացած կաթը լրիվ կթել։ Ճաքեր առաջանալու կամ կաթնագեղձը չափից ավելի պնդանալու, ինչպես նաև կաթնագեղձում կոշտացումներ ի հայտ գալու դեպքում, հատկապես, երբ այն ուղեկցվում է կարմրությամբ, ցավոտությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (սկսվող Կ. բ.), անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։ Մինչև բժշկի հետ խորհրդակցելը երեխային հիվանդ կրծքով կերակրելը կամ կաթը կթելը չպետք է ընդհատել։ Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավորապես հետևել աղիքների դատարկմանը (կարելի է ընդունել աղային լուծողական), սահմանափակել հեղուկների ընդունումը (օրական մինչև 1 լ)։ Երակային կանգը և բորբոքային պրոցեսի հետագա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է կաթնագեղձը վեր բարձրացնել գլխաշորով կամ պինդ վիրակապով։ Տես նաև Հղիություն, Կրծքի երեխա։

ԿԱԹՎԱԾ, ինսուլտ, ապոպլեքսիա, ուղեղային հարված, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում. ընթանում է գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և գործունեության խանգարմամբ գլխուղեղում առաջացած արյունազեղման կամ գլխուղեղի արյան անոթների խցանման (թրոմբոզ) հետևանքով։ Հիմնական պատճառներն են. հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը։ Կ-ի դրսևորման ձևերը պայմանավորված են արյունազեղման տեղադրությամբ։ Հաճախ հիվանդները հանկարծակի ընկնում են, կորցնում գիտակցությունը, առաջանում է ձեռքերի և ոտքերի, հիմնականում միակողմանի, լուծանք (պարալիզ), խանգարվում է խոսքը, առաջին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ջղաձգություններ և փսխումներ։ Հիմնականում հանկարծահաս է, սակայն դրան երբեմն կարող են նախորդել որոշ նախանշաններ. օրինակ, հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ գլխում ուժեղանում են աղմուկն ու ծանրության զգացումը, նաև գլխացավն ու գլխապտույտը։ Հիվանդին հարկավոր է անհապաղ պառկեցնել անկողնում, բարձրացնել մահճակալի գլխամասը, ապահովել բացարձակ հանգիստ և բժիշկ հրավիրել։ Հիվանդները մանրակրկիտ խնամքի կարիք ունեն (տես Հիվանդի խնամք

ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆ, խոսքի սահունության խանգարում՝ բնորոշվում է առանձին հնչյունների և վանկերի արտասանության ակամա հապաղումով կամ դրանց կրկնությունով։ Սովորաբար Կ. առաջանում է նախադպրոցական տարիքում, հաճախ հատուկ է տղաներին։ Մեծ դեր են խաղում երեխայի նյարդային համակարգի կայունությունն իջեցնող նախատրամադրող գործոնները (օրինակ, կոնստիտուցիոնալ կամ ձեռքբերովի նյարդայնությունը)։ Առանձին դեպքերում Կ-յան պատճառ կարող են դառնալ շրջապատի անձանց ոչ ճիշտ խոսքի ընդօրինակումը։ Երեխային դաստիարակող անձանց խոսքի արտասանության արատները և այլ շեղումները մեծացնում են Կ-յան առաջացման հնարավորությունները։ Հաճախ Կ-յան անմիջական պատճառը ծնողների կամ դաստիարակների արագ խոսքն է, երեխային ընթերցանությամբ, վերապատմելով ծանրաբեռնելը և այլն։

Որոշ դեպքերում Կ. բնորոշ է այն երեխաներին, որոնց խոսքը դանդաղ է զարգանում։ Այդ երևույթը հաճախ նկատվում է ավագ նախադպրոցականների և դպրոցականների մոտ։ Երբեմն Կ. կարող է առաջանալ հիվանդություններից (գրիպ, քութեշ, կապույտ հազ) հետո, ինչպես նաև վախի, ընտանիքում ծագած ընդհարումների հետևանքով։ Ընտանիքում և մանկական կոլեկտիվներում բարենպաստ իրադրության պայմաններում Կ. առանց բուժման կարող է անցնել, սակայն հաճախ պահպանվում է, երբեմն՝ ուժեղանում (հատկապես պատանեկան տարիքում)։ Տարիքի հետ կակազող երեխան դառնում է երկչոտ, ամոթխած, ամաչկոտ, մռայլ։ Խոսքի արատին միանում են վերջույթների անկանոն շարժումները, դեմքի, մարմնի լարվածությունը։ Դպրոցում հատկապես ուժեղանում է դեռահասների Կ., որոնք իրենց այդ թերության համար ծանր ապրումների մեջ են ընկնում, սկսում են ամաչել, խոսելիս առաջանում են վեգետատիվ խանգարումներ, կարմրում են, քրտնում։ 25-30 տարեկանից հետո Կ. նվազում է, իսկ հասուն և տարեց մարդկանց մոտ հազվադեպ է լինում։ Երբեմն Կ-յամբ տառապող անձինք (իրենք կամ շրջապատող մարդկանց խորհրդով) հասնում են արտաքուստ սահուն խոսքի՝ կակազելու ժամանակ առաջացած դադարի պահին որևէ վանկ կամ բառ արտասանելով։ Այդպես վարվել չի կարելի, որովհետև լրացուցիչ բառի կամ վանկի օգտագործումը դառնում է սովորույթ, հաճախ պահպանվում ողջ կյանքում և խոսելու ժամանակ թույլ են տալիս տհաճ արտահայտություններ։

Եթե Կ. պայմանավորված է խոսքի զարգացման առանձնահատկություններով, այդպիսի խանգարման բնույթը, խորության աստիճանը և շտկման հնարավորությունը