Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծամասամբ կախված են շրջապատի մարդկանց փոխհարաբերություններից։ Բացասական են ազդում հարազատների ընդգծված հոգատարությունը, երեխայի ներկայությամբ Կ-յան մասին խոսակցությունները, աննրբանկատ դիտողությունները։ Երեխայի Կ-յան դեպքում անհապաղ պետք է դիմել բժիշկ-լոգոպեդի։

Կ-յան բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ։ Ամենից առաջ հարկավոր է ընտանիքում և կոլեկտիվում ստեղծել բարյացակամ և հանգիստ մթնոլորտ, երեխայի ուշադրությունը չսևեռել կակազելու վրա։ Երբեմն, այլ կոլեկտիվ (օրինակ, ուրիշ դպրոց) տեղավտխվելիս Կ. վերանում է։ Այն հաղթահարելու բոլոր միջոցները կիրառելիս միաժամանակ հարկավոր է դաստիարակել վստահություն սեփական ուժերի հանդեպ և խոսքի թերությունը հաղթահարելու գիտակցական ձգտում։ Հարկավոր է երեխային սովորեցնել խոսքի տեմպը կառավարելու, արագ խոսելուց խուսափելու, արտաշնչման պահին խոսելու ունակություն։ Սեփական օրինակով, հանգիստ և համբերատար ուղղելով երեխային, հարկավոր է դաստիարակել բնական, թեթևակի դանդաղ, բայց ոչ միապաղաղ խոսք։ Օգտակար է երեխայի հետ միասին դիտած կինոնկարների, կարդացած նյութերի բովանդակության շուրջ զրուցելը։ Զրույցի ընթացքում նպատակահարմար է տալ այնպիսի հարցեր, որոնց երեխան կարող է պատասխանել օգտագործելով հարցի մեջ եղած բառերը։ Երեխայի մոտ աստիճանաբար պետք է զարգացնել սկզբում մտերիմների, այնուհետև զգուշորեն նաև կողմնակի անձանց ներկայությամբ ինքնուրույն պատմելու ունակություն։

Արմատացած Կ. վերացնելու աշխատանքները մեծահասակներից մեծ համբերություն և տոկունություն են պահանջում։ Պարապմունքների համար հարկավոր է հատկացնել որոշակի ժամեր, մնացած ժամանակ պահպանել ճիշտ խոսելու ռեժիմ։ Վաղ սկսած և կանոնավոր անցկացվող բուժման դեպքում Կ. վերանում կամ բավականին նվազում է։

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ, որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ վարակամերժություն (իմունիտետ) ստեղծող պատվաստումներ. օրգանիզմ են ներմուծվում վակցինաներ կամ շիճուկներ։ Վակցինաները պարունակում են հիվանդությունների կենդանի (թուլացրած) կամ մահացած (սպանված) հարուցիչներ՝ բակտերիաներ և վիրուսներ, երբեմն բակտերիաների մզվածքներ կամ վնասազերծած թույներ (անատոքսիններ)։ Վակցինաներ ներմուծելիս օրգանիզմում մշակվում են պաշտպանական նյութեր՝ հակամարմիններ և հակաթույներ, որի հետևանքով որոշակի ժամանակ անց վարակամերժություն է ստեղծվում այն հիվանդության հանդեպ, որի հարուցիչները պարունակվում են վակցինայում։ Յուրաքանչյուր վակցինայի համար մշակված է որոշակի բաժնեչափ և ներմուծման եղանակ։ Որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ վակցինացումն անցկացնում են 2 կամ 3 ընդունմամբ. օրինակ, պոլիոմիելիտի, կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ՝ 3 անգամ, 1,5 ամսվա ընդմիջումով։ Ժամանակի ընթացքում պատվաստումների օգնությամբ ստացված վարակամերժությունը կարող է թուլանալ, ուստի որոշակի ժամկետից հետո պատվաստումները հարկավոր է կրկնել (կրկնապատվաստում)։

Համաձայն Կ. պ-ի օրացույցի (հաստատված 1980-ին) երեխային կյանքի 4-7-րդ օրը վակցինացնում են տուբերկուլոզի, 3 ամսականից՝ պոլիոմիելիտի, կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ, 12 ամսականում՝ կարմրուկի, կյանքի երկրորդ տարում՝ խոզուկի դեմ, ինչպես նաև կատարում են կրկնապատվաստում պոլիոմիելիտի, երրորդ տարում՝ կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ։ Դպրոց ընդունվելուց առաջ կրկնապատվաստում են կարմրուկի, 7 տարեկանում (առաջին դասարան)՝ տուբերկուլոզի, 7-8 տարեկանում՝ պոլիոմիելիտի, 9 տարեկանում՝ դիֆթերիայի և փայտացման, 11-12 տարեկանում՝ տուբերկուլոզի, 15-16 տարեկանում՝ պոլիոմիելիտի, 16 տարեկանում՝ դիֆթերիայի և փայտացման, 16–17 տարեկանում՝ տուբերկուլոզի, այնուհետև 5-6 տարին մեկ մինչև 30 տարեկանը, դիֆթերիայի և փայտացման դեմ՝ 26, 36, 46 և 56 տարեկանում։

Կ. պ. կատարում են նաև այլ հիվանդությունների դեմ հատուկ ցուցումներով։ Եթե պահանջվում է շուտափույթ ստեղծել ժամանակավոր վարակամերժություն (օրինակ, կարմրուկով հիվանդի հետ շփվելիս, կենդանիների կծելու կամ կեղտոտված վերքի դեպքում), ներարկում են շիճուկներ կամ գամմա-գլոբուլիններ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ տվյալ վարակի հանդեպ։ Պատվաստումից առաջ կատարում են բժշկական զննում։ Սուր հիվանդության ժամանակ պատվաստումներ չեն կատարում։ Պատվաստումից հետո անհրաժեշտ է մի քանի օր խուսափել գերհոգնածությունից, գերտաքացումից կամ սառեցումից։ Այդ օրերին երբեմն մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, լինում է գլխացավ, ընդհանուր թուլություն, վակցինայի ներմուծման տեղում առաջանում են ցավ և բորբոքային ռեակցիաներ։ Այդ երևույթները սովորաբար տևում են մի քանի ժամից մինչև 1-2 օր և վտանգավոր չեն։ Կ. պ. բավականին թեթևացնում են վարակիչ հիվանդության ընթացքը, եթե արդեն այն սկսվել է։

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ, սուր վարակիչ հիվանդություն. առավելապես բնորոշ է մինչև 8 տարեկան երեխաներին։ Երբեմն հիվանդանում են նաև մեծահասակները։ Հիվանդները վարակիչ են հիվանդությունն սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Հարուցիչը՝ բակտերիան, հիվանդից փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հարուցիչի անկայունության պատճառով, վարակը հազվադեպ կարող է փոխանցվել հիվանդի հետ շփված առարկաների (խաղալիքներ կամ ամանեղեն) միջոցով։ Գաղտնի շրջանը 2-15 (հաճախ 5-7) օր է։

Սովորաբար Կ. հ. տևում է 6-7 շաբաթ, սկսվում է հազով, երբեմն ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ, թեթև հարբուխով։ Աստիճանաբար հազն ուժեղանում է (հատկապես գիշերը)։ 2-3-րդ շաբաթում այն դառնում է ջղաձգային։ Հաճախ նոպան ավարտվում է փսխումով։ Այդ շրջանը տևում է 2 շաբաթ, հազվադեպ մինչև 2 ամիս։ Այնուհետև հազը թուլանում է, նոպաները դառնում են հազվադեպ, ընթանում են թեթև, և հիվանդն առողջանում է։ Փոքրերի և թուլակազմ երեխաների Կ. հ. երբեմն ուղեկցվում է բրոնխաբորբով, թոքաբորբով։ Հիվանդությունը (հատկապես մեծահասակների և պատվաստված երեխաների) առանձին դեպքերում կարող է ընթանալ ոչ բնորոշ ձևով՝ առանց հազի ջղաձգային նոպաների, սակայն այդպիսի հիվանդները նույնպես վարակի աղբյուր են։ Եթե երեխան հազում է,