Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ գունատվի, բայց պիտի լինի անշարժ։ Եթե հնարավոր չէ բեկակալ պատրաստել, կարելի է վնասված ոտքը կապել առողջին, ձեռքը կախ տալ գլխաշորով։ Եթե Կ. բաց է, ապա հարկավոր է վերքի շուրջը քսել յոդի թուրմ, իսկ վերքին դնել ախտահանած վիրակապ։ Տուժածի հագուստը հանելիս սկզբում ազատում են առողջ ձեռքը կամ ոտքը, այնուհետև՝ վնասվածը։ Հագուստը հագցնում են հակառակ կարգով։ Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց Կ-ի ժամանակ, մինչև բեկակալ դնելը, հարկավոր է վերջույթը կապել արյունահոսությունը դադարեցնող լարանով՝ ժգուտով։ Տուժածին ձեռքերի վրա կարելի է տեղափոխել միայն կարճ տարածություն։ Երկար տարածություն տեղափոխում են պատգարակով, որը կարելի է պատրաստել վերարկուի մեջ երկար ձողեր հագցնելով և վերարկուի փեշերը հանգուցելով՝ տուժածի ոտքերի վրայից։ Տուժածին պատգարակի վրա դնելիս վնասված ոտքը կամ ձեռքը պահում է օգնողը, տուժածին գետնից բարձրացնում և պատգարակին են դնում որևէ մեկի հրահանգով։ Աստիճաններից իջեցնելիս տուժածին հարկավոր է տանել ոտքերն առաջ։

Տարբեր Կ-ների ժամանակ կիրառվող վիրակապեր: Նախաբազկի ոսկրերի Կ-ի դեպքում բեկակալը պետք է ամրացնել ձեռքին մատների հիմքից մինչև արմունկը։ Դրանից հետո ձեռքը հարկավոր է կախ տալ գլխաշորով կամ վիրակապով կապել մարմնին։ Բազկոսկրի Կ-ի ժամանակ նրա վրա դնում են բեկակալ, իսկ նախաբազուկը կախում գլխաշորով։ Անհրաժեշտ չափերով գլխաշորի բացակայության դեպքում կարելի է գործածել վիրակապ, որի կապելու ձևը ցույց է տրված նկարում (2)։ Ծնկոսկրերի Կ-ի ժամանակ դնում են 2 բեկակալ ծնկի դրսային և ներսային մակերևույթներին, ազդրի միջին մասից մինչև կրունկը (3)։ Ազդրոսկրի Կ-ի դեպքում մի բեկակալը (անութային փոսից մինչև կրունկը) դնում են վնասված ծայրանդամի դրսային, իսկ մյուսը՝ ներսային մակերևույթին (աճուկից մինչև կրունկը), երբեմն ներքևից դնում են նաև 3-րդ բեկակալը (4)։ Կողերի Կ-ի դեպքում կրծքավանդակը կապում են չափավոր ձգվող կապով (սրբիչ, սավան, վիրակապ), տուժածը նախապես պետք է արտաշնչի։ Անրակի կամ թիակի Կ-ի դեպքում վնասված կողմի ձեռքը նույնպես կապում են գլխաշորով։ Ողնաշարի Կ. կասկածելու դեպքում տուժածին զգուշորեն պառկեցնում են նրբատախտակի կամ լայն տախտակի վրա և միայն դրանից հետո տեղափոխում բուժհիմնարկության։

ԿՈՓՈՒՄ, եղանակակլիմայական անբարենպաստ պայմանների ներգործության հանդեպ օրգանիզմի կայունությունը բարձրացնող միջոցառումների համախումբ։ Կ-ման հիմնական միջոցներն են օդը, ջուրը, արևի ճառագայթները։ Դրանք ֆիզիկական վարժությունների հետ զուգակցելիս Կ-ման արդյունավետությունը բարձրանում է։

Կ-ման առավել տարածված և մատչելի միջոցներից է մաքուր օդը. տարվա տաք եղանակին տևական զբոսանքները, 16°C–ից ոչ պակաս ջերմաստիճանում բաց լուսամուտով սենյակում քնելը։ Օգտակար է տանը ոտաբոբիկ քայլելը. անհրաժեշտ է սկսել 1 րոպեից, յուրաքանչյուր 5-7 օրից ավելացնել այն 1-ական րոպե՝ ոտաբոբիկ քայլելու տևողությունը հասցնելով 10-15 րոպեի։ Տարվա ցուրտ եղանակին զբոսանքների տևողությունը չափավորում են։ Կ-ման համար օգտակար են դահուկասահքը, դանդաղ վազքը թեթև հագուստով, չմշկասահքը ևն։

Առավել արդյունավետ է ջրային Կ., քանի որ ջրի ջերմահաղորդականությունը 28 անգամ ավելի է, քան օդինը։ Ջերմայինից բացի, ջուրը մաշկի վրա թողնում է նաև մեխանիկական ազդեցություն՝ յուրօրինակ մերսում, որը բարելավում է մազանոթներում արյան շրջանառությունը։ Տանը ջրային Կ-ման առավել տարածված ձևերն են շփումները, ջրցողումը և ցնցուղը։ Կ. հարկավոր է սկսել 34-35°C–ից ոչ պակաս ջերմաստիճանի ջրով։ Ամենօրյա ջրցողումների (շփումների) դեպքում յուրաքանչյուր 6-7 օրից հետո ջրի ջերմաստիճանը հարկավոր է նվազեցնել 1°–ով՝ հասցնելով այն 22-24°C-ի։ Նշված ջերմաստիճանի ջրով շփումներն ու ջրցողումները խորհուրդ է տրվում շարունակել 2-3 ամիս։ Բացասական հետևանքների (վերին շնչառական ուղիների բորբոքում, թուլություն, ջարդվածության զգացում, դյուրագրգռություն, քնի խանգարում, ախորժակի վատացում) բացակայության դեպքում կարելի է ջրի ջերմաստիճանն իջեցնել մինչև 10-12 °C (յուրաքանչյուր 10 օրը 1°–ով)։ Կ-ման արդյունավետ միջոց է ցնցուղը, հատկապես, այսպես կոչված, տաք ու սառը ցնցուղը (խորհուրդ է տրվում միայն առողջ և բավականաչափ կոփված մարդկանց), մոտավորապես 3 րոպեի ընթացքում հարկավոր է ջրի ջերմաստիճանը մի քանի անգամ կտրուկ փոխել տաքից (մոտ 40 °C) սառի։

Կոփող գործոններ են նաև արևի ճառագայթները և ֆիզիկական վարժությունները, մասնավորապես առավոտյան մարզանքը, որը ցանկալի է կատարել մաքուր օդում կամ լավ օդափոխված սենյակում (տես Մարզանք): Յուրտ եղանակին բացօթյա մարզանքը պետք է անել ավելի արագ, ոչ երկարատև, որպեսզի օրգանիզմը չսառչի։ Շոգ եղանակին, հատկապես բարձր խոնավության պայմաններում, պետք է միջոցներ ձեռնարկել գերտաքացումից խուսափելու համար (տես Արևահարություն և ջերմահարություն)։ Մարզանքից հետո խորհուրդ է տրվում ցնցուղ ընդունել։

Օգտակար է բաց ջրավազանում լողանալը (տես Լողանալը)։ Ձմեռային լողով պարապելու համար պետք է օրգանիզմն աստիճանաբար (մեկ տարվա ընթացքում) նախապատրաստել ցրտի ներգործությանը։ Սառցաջրում կարելի է մնալ 20-30 վայրկյանից ոչ ավելի, այն էլ շարժման մեջ գտնվելով։

Կոփիչ է նաև շոգեբաղնիքը, որտեղ ջերմության, գոլորշու և մեխանիկական (մարմինը ճիլոպով տրորելը) ներգործությունը խթանում է նյութափոխանակությունը, շնչառությունը և արյան շրջանառությունը։ Շոգեբաղնիք կարելի է հաճախել շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ՝ շոգեխցիկում մնալով 10-15 րոպեից ոչ ավելի։

Երեխաներին պետք է կոփել նրանց կյանքի առաջին իսկ օրերից, պարբերաբար և զգույշ՝ հաշվի առնելով, որ երեխայի որոշ օրգաններ և համակարգեր ֆունկցիոնալ առումով դեռևս հասուն չեն։ Թերսնուցումից, ռախիտից, կրկնվող և քրոնիկական հիվանդություններից թուլացած երեխաները հատկապես Կ-ման կարիք ունեն, քանի որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Հիվանդ և թույլ երեխաներին պետք է կոփել բժշկի հսկողությամբ։ Երեխաները շատ զգայուն են մաքուր օդի պակասի նկատմամբ։ Երկար ժամանակ վատ օդափոխվող սենյակում գտնվելով՝ նրանք դառնում են ծույլ և դյուրագրգիռ։ Խանգարվում