Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տրվում օրական խմել 0,5 լ-ից ոչ պակաս կովի կաթ, խստիվ արգելվում է ոգելից խմիչքը, ծխելը, պետք է բացառել նաև կծու սնունդը, սխտորը, սոխը։

Կրծքով կերակրման համար բացարձակ հակացուցումներ չկան։ Սակայն ծանր հիվանդությունների դեպքում (օրինակ, թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձև, սրտի արատ, անուշադրության մատնված շաքարախտ, երիկամների ծանր հիվանդություն), երբ կերակրումը հյուծում է մորը կամ կարող է բացասաբար ազդել երեխայի վրա, բժիշկը կնոջը կարող է խորհուրդ տալ հրաժարվել կերակրումից։ Կերակրման շրջանում մոր երկարատև, ծանր հիվանդությունների դեպքում երեխան մեկուսացվում է և կերակրվում մանրէազերծված մայրական կաթով։

Եթե մոր կաթն առատ է, սակայն կրծքի պիրկ լինելու պատճառով երեխան դժվարությամբ է ծծում, խորհուրդ է տրվում մինչև կերակրելը մի փոքր կթել։ Հղիության շրջանում չերկարած պտուկները պետք է ձգել մատներով, մերսել, կերակրել մակադրակով, յուրաքանչյուր կերակրումից հետո կաթնածծիչով դատարկել։ Պտուկների ճաքերի առաջացման կամ կաթնագեղձի բորբոքման սկզբնական դրսևորումների ժամանակ երեխային պետք է շարունակել կերակրել (թեկուզ մակադրակով), սակայն պետք է անպայման դիմել բժշկի։ Կաթնագեղձի բորբոքման ժամանակ, թարախի առաջացման դեպքում երեխային անհրաժեշտ է ժամանակավոր կրծքից կտրել և կերակրել միայն առողջ կրծքով։

Դաշտանի սկսվելը կերակրման դադարեցման առիթ չպետք է ծառայի։

Կերակրելու շրջանում պետք է խուսափել հուզվելու և բորբոքվելու առիթներից, քանի որ դրանք կարող են կաթի քանակի նվազեցման կամ կտրվելու պատճառ դառնալ։

Կրծքով կերակրումը։ Կերակրելուց առաջ ձեռքերը պետք է խնամքով լվանալ օճառով, կուրծքը և պտուկները սրբել եռացրած ջրով կամ բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ) թրջած բամբակով։ Կաթի առաջին մի քանի կաթիլը պետք է կթել և թափել։ Առաջին 4 օրը երեխային կերակրում են պառկած, այնուհետև նստած։

Կերակրելու համար պետք է նստել ցածր աթոռին, համապատասխան ոտքի տակ հարմարանք դնել։ Մի ձեռքով պահելով կուրծքը՝ մայրը երեխայի բերանն է դնում պտուկը և պտուկամերձ շրջանի մի մասը, 4 մատներով բարձրացնում է կուրծքը, իսկ բութ մատով պահում վերևից, որպեսզի երեխայի քիթը կրծքով չփակվի։ Յուրաքանչյուր կերակրման ժամանակ պետք է կերակրել մի կրծքով, իսկ մնացած կաթը պետք է անպայման կթել։ Կերակրումը տևում է 15-20 րոպե (երբեմն ամրակազմ երեխաները ծծում են 10-15 րոպեում)։ Ամեն դեպքում կերակրման տևողությունը 20-30 րոպեից չպետք է անցնի։ Եթե երեխան ծծում է ծուլորեն, ապա պետք է 20 րոպեից հետո հեռացնել կրծքից, կթել կաթը և կերակրել գդալով։ Ծուլորեն ծծելու դեպքում, ախորժակի և կլման ռեֆլեքսի խթանման համար, կարելի է երեխայի բերանի մեջ մի քանի կաթիլ կթել, այնուհետև դնել պտուկը։ Եթե երեխան, չկշտացած սկսում է նիրհել, ապա պետք է պտուկը բերանից թեթևակի դուրս քաշել, որից նա արթնանում է և զգալով պտուկի հպումը, կրկին սկսում է ծծել։ Կերակրումը վերջացնելուց հետո երեխային պետք է պառկեցնել մահճակալին, այնուհետև կուրծքը մաքրել եռացրած ջրով, չորացնել թանզիֆի մաքուր կտորով, պտուկին քսել վազելին, բորբոքվելուց և սպիտակեղենին քսվելուց խուսափելու համար պտուկը ծածկել թանզիֆով կամ մաքուր անձեռոցիկով։

Երեխային անհրաժեշտ կաթի օրական քանակը կախված է երեխայի տարիքից և որոշվում է հետևյալ եղանակներով.

ա. մինչև մեկ շաբաթական երեխայի համար կաթի քանակը (մլ) որոշվում է 10xոx7 բանաձևով, որտեղ n-ը երեխայի կյանքի օրերի թիվն է,

բ. 2 ամսական երեխան օրական պետք է ստանա 800 մլ կաթ, մինչև 2 ամսական երեխան կյանքի յուրաքանչյուր շաբաթվա համար պետք է ստանա 50 մլ-ով պակաս, 2 ամսականից մեծ երեխան՝ յուրաքանչյուր ամսվա համար 50 մլ-ով ավելի կաթ,

գ. 2 շաբաթականից մինչև 6 շաբաթական երեխան օրական պետք է ստանա իր մարմնի զանգվածի 1/5-1/6-ին, 6 շաբաթականից մինչև 4 ամսական երեխան՝ 1/6 ին, 4-ից մինչև 6 ամսական երեխան՝ 1/7-1/8-ին հավասար սնունդ։ Այդ դեպքում սննդի քանակը օրական 1000 մլ-ից չպետք է անցնի։

Երեխայի հանգստությունը, հաճախակի (օրական 15-16 անգամ) միզումը, մարմնի զանգվածի բնականոն ավելանալը (առաջին կիսամյակում՝ օրական 20-25 գ, երկրորդ կիսամյակում՝ 15-20 գ) ցույց են տալիս, որ կերակրումը լիարժեք է։

Կրծքի կաթից բացի երեխան պիտի խմի նաև ջուր (ցուրտ եղանակին՝ 50-100 մլ-ից ոչ պակաս, շոգին՝ 100-200 մլ)։

Մեկուկես ամսականից կարելի է սկսել երեխային տալ բանջարեղենի, մրգի, հատապտղի հյութեր։ Երեխային հյութերի պետք է սովորեցնել զգուշությամբ, սկսելով 3-5 կաթիլից, աստիճանաբար ավելացնելով դրանց քանակը։ 5 ամսականում երեխան օրվա ընթացքում պետք է ստանա 40-50 գ, իսկ մեկ տարեկանում՝ 80 100 գ հյութեր։ Յուրաքանչյուր նոր հյութ օգտագործելիս հյութի քանակը աստիճանաբար պետք է ավելացնել։ Պետք է տալ բազմազան հյութեր, չպետք է ամեն օր նույն հյութը տալ։ Գազարի հյութը շատ օգտակար է երեխային, սակայն պետք է տալ օրումեջ։ Եթե երեխան առողջ չէ, պետք չէ հյութեր տալ։ Որձկալու, փսխելու, հաճախակի կղման դեպքում նույնպես պետք է դադարացնել հյութեր տալը և անպայման դիմել բժշկի։

2 ամսականից սկսած երեխային կարելի է տալ քերած հում խնձոր, սկզբում 1/2 թեյի գդալ, 3-4 օր անց (լավ տանելու դեպքում), ավելացնելով, աստիճանաբար, հասցնել մինչև 2 ճաշի գդալի։

Երեխային լրացուցիչ սնունդ տալիս են 4,5-5 ամսականից, երբ նրա զարգացման համար միայն կրծքի կաթը բավարար չէ։ Լրացուցիչ սնունդ տալիս են փոքր քանակությամբ, երեխային աստիճանաբար սովորեցնելով յուրաքանչյուր նոր սննդամթերքի։ Նոր մթերք կարելի է տալ միայն նախորդին հարմարվելուց հետո։ Աստիճանաբար պետք է նվազեցնել կրծքով կերակրումների թիվը, որպեսզի կրծքից կտրելը երեխայի համար չլինի հիվանդագին։ Ջուրը, հյութերը լրացուցիչ սնունդ չեն համարվում։

Առաջին լրացուցիչ սնունդը բանջարեղենի խյուսն է (սկսելով 4-5 թեյի գդալից), որի քանակը 4-5 օրվա ընթացքում հասցվում է 180-200 գ-ի։ Այսպիսով, 5 ամսականում երեխան օրական 4 անգամ կերակրվում է կրծքով, 1 անգամ ստանում բանջարեղենի խյուս, բազմաթիվ հյութեր։ 5-5,5 ամսականում երեխայի սննդի օրաբաժնի մեջ կարելի է ներառել սպիտակաձավարի 5 %-անոց շիլա (100 գ հեղուկին՝ 1 թեյի գդալ ձավար)