Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կիսել։ 5,5-6 ամսական երեխային տալիս են սպիտակաձավարի 10 %-անոց շիլա, բանջարեղենի բազմազան խյուսեր (կարտոֆիլի, գազարի, կաղամբի, խառը), 2-3 գդալից աստիճանաբար հասցնելով մինչև 150 գ։ 6-7 ամսականում տալիս են մսի արգանակ, եփած ձվի դեղնուց, 7-8 ամսականում պաքսիմատ, թխվածքաբլիթ, 7,5-8 ամսականում՝ աղացած միս։ 8 ամսական երեխային կերակրում են 3 անգամ կրծքով, 1 անգամ՝ սպիտակաձավարի շիլայով (կամ այլ ձավարի տրորած շիլա կարագով), 1 անգամ բանջարեղենի խյուսով (150 գ)։ Դրանցից բացի տալիս են արգանակ (մսի կամ բանջարեղենի)՝ 70 գ, կաթնաշոռ՝ 50 գ (օրումեջ կարելի է տալ կաթնաշոռի և եփած դեղնուցի տրորած խառնուրդ), տրորած եփած միս (25-30 գ)։ 10 ամսականից երեխային միսը և ձուկը տալիս են խյուսի և գնդիկների ձևով։ 11-12 ամսականից երեխան կրծքով կերակրվում է օրական միայն 1 անգամ, սննդի օրաբաժնի մեջ ավելացվում են մսի կոտլետ և ապուր։

Այսպիսով, կյանքի առաջին տարվա վերջում երեխային առանց դժվարության կարելի է կտրել կրծքից։ Այդ շրջանում մայրը պետք է հագնի կուրծքը պինդ ձգող կրծկալ, քիչ հեղուկ ընդունի և 2-4 օր հետո կաթը կկտրվի։ Կրծքով մեկ անգամ կերակրման փոխարեն երեխային կարելի է տալ կովի կաթ, մածուն՝ շաքարով։ Չի կարելի երեխային կրծքից կտրել շոգ եղանակին կամ հիվանդ ժամանակ։

Խառը և արհեստական կերակրումը նշանակում է բժիշկը։ Այս եղանակով կերակրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն սննդի քանակը և կերակրման հաճախությունը, այլ նաև կերակրախառնուրդի համապատասխանությունը տարիքին, վիտամինների առկայությունը, լրացուցիչ սնունդ տալու ժամկետները։ Երկարատև օգտագործման համար լրացուցիչ սնունդ են նշանակում եփուկներով նոսրացված կաթը, 5 % շաքարով անարատ կաթը, մածունը, մածնով բացած խառնուրդները, «Նարինե» և կաթնային այլ խառնուրդները։ Արհեստական կերակրման համար սովորաբար օգտագործում են կովի կաթից պատրաստված խառնուրդներ, կաթնային խառնուրդներ, անարատ կաթ, «Նարինե»։ Բուժական խառնուրդներ նշանակում է միայն բժիշկը։ Խառը կամ արհեստական կերակրման ժամանակ սնունդը պետք է տաքացվի մինչև 36–37 °C (հարմար է օգտագործել մանկական սննդի էլեկտրական տաքացիչ, յուրաքանչյուր կերակրումից հետո ռետինե ծծակը անհրաժեշտ է եռացնել, ծծակի անցքը չպետք է մեծ լինի, հակառակ դեպքում երեխան կարող է շնչահեղձ լինել և հրաժարվել սննդից։ Ավելի լավ է խառնուրդով կերակրելիս երեխային պահել ծնկների վրա՝ գլուխը մի փոքր բարձր, մահճակալի մեջ կերակրելիս երեխային պետք է պառկեցնել կողքի վրա։ Կերակրելուց հետո երեխային 2-3 րոպե պետք է պահել ուղղաձիգ դիրքով՝ մինչև օդը դուրս գա ստամոքսից։ 5-6 ամսականում երեխային պետք է սովորեցնել ուտել գդալով, 7-8 ամսականում խմել բաժակով։ Արհեստական և խառը կերակրման դեպքում սնունդը պիտի լինի բազմազան, չի կարելի երեխային սովորեցնել միայն մի մթերքի, սակայն խորհուրդ չի տրվում նաև հաճախակի փոխել կերակրատեսակները։

Խառը կերակրման դեպքում, կյանքի առաջին շաբաթներին և ամիսներին, կրծքի կաթի պակասը լրացվում է սննդարար խառնուրդներով, որոնք տրվում են յուրաքանչյուր կերակրումից հետո։ Կրծքով կերակրումների քանակը չի փոխվում։ Դա շատ կարևոր է, քանի որ նախ երեխայի կուրծք ծծելը խթանում է մոր կաթի արտադրմանը, և ապա, կրծքի կաթի առկայությամբ լավ են յուրացվում արհեստական խառնուրդների սննդանյութերը։ 3-4 ամսականից կրծքով և խառնուրդներով կերակրումները կարող են իրար հաջորդել։

Կրծքի երեխայի դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ հասակից։ Այն պահանջում է համառություն, համբերություն, մեծ ճիգերի գործադրում, տարբեր մեթոդների կիրառում։ Խստությունը և բռնությունն անթույլատրելի են։ Միայն կենցաղային լավ պայմանները և ընտանեկան առողջ միջավայրը չեն կարող երաշխավորել երեխայի ճիշտ դաստիարակությունը։ Անհրաժեշտ է համառ աշխատանք և սեր փոքրիկի նկատմամբ։

Դաստիարակության ընթացքում պարզից աստիճանաբար անցնում են բարդին՝ անընդհատ կրկնելով և ամրացնելով անցածը։ Երեխայի դաստիարակությունը պահանջում է ծնողների համատեղ աշխատանք։

Երեխայի կյանքի առաջին տարում ծնողների ջանքերը ամենից առաջ պիտի ուղղված լինեն օրվա ռեժիմի կազմակերպմանը, հիգիենային միջոցառումներին, շարժումների, տեսողական, ձայնային ընկալումների և խոսքի զարգացմանը։ Կերակրումը, քունը, զբոսանքները, արթուն մնալը միշտ պիտի կատարվեն միևնույն ժամերին։ Երեխան արագ ընտելանում է ռեժիմի։

Ամենօրյա լոգանքը, լվացումները երեխային վարժեցնում են ջրին։ 6-7 ամսականից, երբ երեխան արդեն նստում է, լողացնելիս պետք է տալ լողացող խաղալիքներ։ Պետք է երեխային սովորեցնել նաև սպիտակեղենի, հագուստի և բարուրաշորերի մաքրությանը, ոչ մի դեպքում չի կարելի թողնել, որ երեխան քնի թաց տեղում։

Երեխային պետք է վարժեցնել գիշերանոթի (միզամանի) այն բանից հետո, երբ նա սկսում է վստահորեն նստել։ Ավելի լավ է երեխային գիշերանոթին նստեցնել զարթնելուց անմիջապես հետո (եթե արթնացել է չոր) կամ ուտելուց 15-20 րոպե անց։ Երեխային գիշերանոթին նստած երկար պահել չի կարելի, որովհետև արգելակվում են բնականոն ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Նման դեպքում ավելի լավ է երեխային վերցնել գիշերանոթի վրայից և որոշ ժամանակ հետո կրկին նստեցնել։ Վնասակար է գիշերը երեխային գիշերանոթին նստեցնելը, քանի որ խանգարվում է քունը։

Շատ կարևոր է զարգացնել երեխայի շարժողական ակտիվությունը, օգնել յուրացնելու շարժումները։ Մերսումը և մարմնամարզությունը շարժողական հմտությունների մշակման հիմնական գործոններն են։ Սակայն չի կարելի ստիպել երեխային անել այն, ինչը դեռևս նա չի կարող անել։ Սովորաբար, երեխային դուր է գալիս փորի վրա դիրքը, քանի որ այդ դիրքից հեշտ է դիտել շրջապատը։ Երեխային փորի վրա պառկեցնելիս պիտի տակը կոշտ իր դրվի, չի կարելի այդ ժամանակ երեխային առանց հսկելու թողնել։ Պետք է ամեն կերպ խրախուսել երեխայի սողալը։ Երբ երեխան սկսում է սողալ, պետք է բազմոցի, մահճակալի վրա կամ սենյակի մի անկյունում նրա համար տեղ ազատել, շոր փռել, երեխայից որոշ հեռավորության վրա խաղալիք դնել և հնարավորություն տալ, որ սողալով ինքնուրույն հասնի դրան։ Շատ ծնողներ գտնում են, որ շարժումները զարգացնելիս առավել կարևոր է երեխային նստել քան սողալ