Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթացքի և պտղի զարգացման վրա։ Անհրաժեշտ է բուժել, իսկ հարկ եղած դեպքում հեռացնել վարակի օջախ հիվանդ ատամները։

Կնոջ ինքնազգացողությունը բարելավելու, արտաքին վնասակար ազդակների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ախորժակը լավացնելու, քունը կարգավորելու, ծննդաբերությանը մասնակցող մկաններն ամրապնդելու համար մշակվել է մարմնամարզական վարժությունների հատուկ համալիր, որը, կանանց կոնսուլտացիայում սովորելուց հետո, պետք է կատարել տանը։ Այդ համալիրը կիրառող և կանանց կոնսուլտացիայում հոգեկանխարգելում անցկացրած կինը, որպես կանոն, ավելի արագ և հեշտ է ծննդաբերում։

Կանանց կոնսուլտացիայում հղի կինը ստանում է փոխանակման քարտ, ուր բժիշկը գրանցում է հիմնական տեղեկություններ նրա առողջական վիճակի և հղիության ընթացքի մասին։ Դրանք շատ կարևոր են ծննդաբերությունը ճիշտ վարելու համար, ուստի կինը Հ-յան վերջին ամիսներին պետք է փոխանակման քարտը միշտ իր մոտ պահի և իր հետ տանի ծննդատուն։

Ծննդաբերություն: Ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ լինում են, այսպես կոչված, նախանշաններ. որովայնն իջնում է, շնչառությունը թեթևանում։ Կանոնավոր կծկումների և շուրջպտղային ջրերը հոսելու դեպքում անհրաժեշտ է հղի կնոջը շտապ տեղափոխել ծննդատուն։ Ծննդաբերությունից հետո կինը ստանում է վճարովի արձակուրդ (56 օր), բարդությունների դեպքում՝ 70 օր։

ՀՈԳՆԱ, տարբերում են մաքրող, դեղորայքային, ախտորոշիչ և այլ Հ-ներ։ Մաքրող Հ-ները կատարում են փորկապության, սննդային թունավորումների և այլ դեպքերում։ Չափահասների մաքրող Հ-ի համար անհրաժեշտ է անոթի մեջ լցնել 4-6 բաժակ ջուր (25-35 °C) և բացել ծորակը, որպեսզի կողմնատար խողովակում օդ չմնա։ Անոթը հարկավոր է կախել 1,5-2 մ բարձրության վրա։ Հիվանդը պետք է պառկի ձախ կողքին, անկողնու ծայրին, մոմլաթի վրա, ոտքերը ծալի ծնկահոդերում։ Վազելինապատված ծայրադիրը զգուշորեն պտտելով պետք է ներս տանել ուղիղ աղիք և բացել խողովակի ծորակը։

Ծայրադիրը հանելուց հետո հիվանդը պետք է 5-10 րոպե մնա պառկած։ Երեխաների Հ-ի համար սովորաբար օգտագործում են ռետինե բալոն, իսկ ջրի քանակությունը կախված է երեխայի տարիքից.

մինչև 1 ամսական - 2 ճաշի գդալ

1-ից մինչև 3 ամսական - 1/3 բաժակ

3-ից մինչև 6 ամսական - 1/2 բաժակ

6-ից մինչև 2 տարեկան - 1 բաժակ

2-ից մինչև 5 տարեկան - 1 1/3 բաժակ

5-ից մինչև 9 տարեկան - 2 բաժակ

9-ից մինչև 12 տարեկան - 2 1/2 բաժակ

Հ-ները հարկավոր է կատարել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ դրանք հակացուցված են որովայնի խոռոչի օրգանների և ուղիղ աղիքի որոշ հիվանդությունների ժամանակ։

ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ, ոսկրերի հոդային ծայրերի կայուն տեղաշարժ, որից խանգարվում է հոդի գործունեությունը։ Տարբերում են բնածին (պայմանավորված սաղմնային շրջանում հոդերի, հաճախ կոնքազդրային, ոչ ճիշտ զարգացմամբ) և ձեռքբերովի (վնասվածքային և ախտաբանական, այսինքն՝ հիվանդությունների հետ կապված) Հ-ներ։ Առավել հաճախ առաջանում են վնասվածքային՝ հատկապես ուսային և արմնկային հոդերի, ինչպես նաև ազդրի, ծնկան, մատերի, ծնոտի և այլ Հ-ներ։ Հ. կոչվում է բաց, երբ ուղեկցվում է հոդի խոռոչը թափանցող վիրավորումներով։ Հ-ման ախտանշաններն են հոդի խիստ ցավոտությունը և ձևախախտումը, տվյալ մասում շարժումների անհնարինությունը կամ սահմանափակումը։

Հ. պետք է ուղղի բժիշկը (կամ բուժակը)՝ վնասվածքից կարճ ժամանակ անց կամ առաջին երկու օրից ոչ ուշ։ Այդ ժամկետից ուշ ուղղումը, երբեմն առանց վիրահատության, դառնում է անհնարին։ Մինչև բժշկի գալը հոդախախտված հոդի վրա (առաջին ժամերին) պետք է սառը դնել (ոչ մի դեպքում չի կարելի տաքացնող կոմպրես)։ Անհրաժեշտ է սահմանափակել վնասված ծայրանդամի շարժումները, դնել անշարժացնող վիրակապ կամ բեկակալ։ Վերքը, քերծվածքը պետք է կապել ախտահանված վիրակապով։

ՀՈՏԱԶԵՐԾԻՉՆԵՐ, տհաճ հոտը թուլացնող կամ վերացնող պատրաստուկներ։ Հ. պարունակում են հոտակլանիչ, բուրավետացնող, մանրէասպան և այլ բաղադրիչներ։ Բնակելի սենյակների, լողասենյակի, խոհանոցի, զուգարանի, հանդիսասրահների համար թողարկում են հատուկ Հ., որոնք վերացնում են խոնավության, ծխախոտի, տնային կենդանիների հոտը։

Հ. թողարկում են աերոզոլային փաթեթավորումով, հաբերի, հեղուկ պատրաստուկների տեսքով։

Առանձին խումբ են կազմում անհատական Հ., որոնք վերացնում են քրտնահոտը, թարմացնում մաշկը։ Ի տարբերություն քրտնոտությունը նվազեցնող նյութերի, Հ. չեն ազդում քրտնաթորության վրա։ Աերոզոլային փաթեթավորմամբ անհատական Հ. հարմար են օգտագործման համար, հետք չեն թողնում հագուստի վրա։

Թողարկվում են նաև բերանը թարմացնող, ոտքերի մաշկը հոտազերծող և սնկային հիվանդությունները կանխարգելող Հ.։

ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ՁԻԱՀ), ռուս. ՍՊԻԴ, անգլ. ԱԻԴՍ, մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակ (ՄԻԱՎ վարակ), քրոնիկական ակտիվ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ)։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1981-ին, ԱՄՆ-ամ։ 1983-ին, ֆրանսիացի և ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ը և բացահայտել վերջինիս պատճառագիտական դերը։ ՄԻԱՎ-ը ռետրովիրուսների ընտանիքի ՌՆԹ և ֆերմենտներ պարունակող վիրուս է, որի արտաքին մակերևույթը ծածկված է ելուստներով կամ «սեպերով»։ Վերջիններս կապվում են թիրախ-բջիջների ընկալիչների հետ՝ դրանով իսկ ապահովելով վիրուսի ներթափանցումը բջիջներ։

Օրգանիզմից դուրս ՄԻԱՎ-ը անկայուն է և արագ ոչնչանում է 100°C պայմաններում, ինչպես նաև սպիրտի, ակտիվ քլոր պարունակող նյութերի և քիմ. այլ ախտահանիչ միջոցների ազդեցությունից։ ՄԻԱՎ վարակի միակ աղբյուրը վարակված մարդն է, որը վարակիչ է հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Վարակված օրգանիզմում ՄԻԱՎ-ը հիմնականում պարունակվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտադրության, ինչպես նաև կրծքի կաթի մեջ։