Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՐՋԱՆ, վարակիչ հիվանդության հարուցիչի օրգանիզմ թափանցելու պահից (վարակում) մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալն ընկած ժամանակամիջոցը։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդությանը բնորոշ է գաղտնի շրջանի որոշակի տևողություն։ Օրինակ, դիզենտերիայի դեպքում այն կազմում է 1-7, միջինը՝ 23 օր, կապույտ հազի դեպքում՝ 2-15, միջինը՝ 5-7 օր և այլն։

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմում հղիության ժամանակ առաջանում են տարբեր ֆունկցիոնալ փոփոխություններ։ Հ. տևում է միջին հաշվով 40 շաբաթ։ Հ-յան առաջին նշանների (դաշտանի կասեցում, երբեմն սրտխառնոց, գլխապտույտ) ի հայտ գալուն պես, կինը պետք է որքան հնարավոր է շուտ դիմի կանանց կոնսուլտացիա։ Դա կօգնի բժշկին ճշգրիտ որոշելու հղիության և նախածննդյան արձակուրդի ժամկետները։

Հ-յան բնականոն ընթացքի և պտղի զարգացման հիմնական պայմաններից մեկը լիարժեք սնունդն է։ Սակայն խորհուրդ չի տրվում չափից ավելի խմորեղեն և ճարպոտ սնունդ օգտագործել, քանի որ հաճախ այն կարող է հանգեցնել երեխայի ավելցուկային զանգվածի, այնուհետև ծննդաբերության դժվարացման։ Հ-յան առաջին կեսին խորհուրդ է տրվում ուտել 4 անգամից ոչ պակաս, Հ-յան երկրորդ կեսին, երբ պտուղն արագորեն աճում է, իսկ կնոջ օրգանիզմի բեռնվածությունը մեծանում, հարկավոր է սնվել օրական 5-8 անգամ (փոքր օրաբաժիններով)։ Անհրաժեշտ է օգտագործել բանջարեղեն, միրգ, կաթ և կաթնամթերք, խաշած միս, ձուկ, սահմանափակելով մսապուրները և աղը (մինչև 5 գ)։ Հեղուկներ պետք է ընդունել օրը 5 բաժակից ոչ ավելի։ Այտուցների առաջացման և մարմնի զանգվածի զգալի ավելացման դեպքում, բժշկի խորհրդով, հարկավոր է անցկացնել բեռնաթափման օրեր։ Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել սննդում վիտամինների (թարմ բանջարեղեն, միրգ) բավարար պարունակությանը, իսկ ձմռան ամիսներին սննդի օրաբաժնում ներառել վիտամիններ (A, B, C, D, E) պարունակող օշարակներ կամ դրաժե։ Անհրաժեշտ է ավելացնել կալցիում պարունակող մթերքը (կաթ և կաթնամթերք)։ Հղիության ընթացքում սովորաբար նկատվում է փորկապության հակում, ուստի խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել մածուն, իսկ մինչև ուտելը (նախաճաշից 30 րոպե առաջ)՝ հում բանջարեղեն և միրգ (գազար, բազուկ, խնձոր, սև սալոր և այլն)։ Չի թույլատրվում առանց բժշկի նշանակման լուծողական ընդունել, քանի որ այն կարող է հանգեցնել հղիության վաղաժամ ընդհատման։

Մեծ ուշադրություն պետք է դարձնել անձնական հիգիենային։ Հարկավոր է ամեն օր մինչև գոտկատեղը լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով, լողանալ շաբաթը 1 անգամից ոչ պակաս։ Տաք լոգանք (ջրի ջերմաստիճանը 34-35 °C) կարելի է ընդունել 15 րոպեից ոչ ավելի։ Հ-յան վերջին 3 ամիսներին լոգանք ընդունել չի թույլատրվում։ Ծովում և այլ ջրամբարներում կարելի է լողանալ միայն չբարդացած հղիությունների ժամանակ։

Հ-յան ընթացքում կաթնագեղձերի ճիշտ խնամքը կասեցնում է ոչ միայն պտուկների ձևախախտումը (որը դժվարացնում է կերակրումը), այլև կաթնագեղձերի բորբոքումը։ Անհրաժեշտ է ամեն օր կուրծքը լվանալ տաք ջրով և օճառով, այնուհետև սրբել կոշտ սրբիչով։ Երբեմն օգտակար կարող է լինել հատուկ մերսումը, որը սովորաբար սովորեցնում են կանանց կոնսուլտացիայում։ Հատկապես մանրակրկիտ պետք է հետևել սեռական օրգանների մաքրությանը. օրական 2 անգամ լվացվել տաք ջրով և օճառով։ Ջրցողումներ չի թույլատրվում։ Սեռական հարաբերությունները հարկավոր է սահմանափակել (հատկապես առաջին 2 ամիսներին), որպեսզի ինքնաբեր վիժում չլինի, ինչպես նաև նախածննդյան շրջանում, որպեսզի մոր և պտղի օրգանիզմը վարակ չթափանցի։

Հղի կնոջ առողջության համար կարևոր է կանոնավոր քունը։ Հարկավոր է քնել 8 ժամից ոչ պակաս, առանձին մահճակալում։ Կնոջ օրգանիզմի և պտղի զարգացման վրա բարերար է ազդում մաքուր օդում զբոսանքը։ Նպատակահարմար է զբոսնել օրը 1 ժամից ոչ պակաս, սակայն զբոսանքները չպետք է հոգնեցուցիչ լինեն։ Դրանք հատկապես օգտակար են քնելուց առաջ։ Սենյակը պետք է օդափոխել օրը մի քանի անգամ։

Հղի կինը պիտի հագնի ազատ, կուրծքը, իրանը, որովայնը և ազդրերը չսեղմող հագուստ և ցածրակրունկ կոշիկ։ Հղիության 6-7-րդ ամսից սկսած օգտակար է կրել որովայնը պաշտպանող հատուկ բանդաժ (հագնում են պառկած)։ Այն ապահովում է արգանդի կանոնավոր դիրքը և կանխում որովայնի պատի գերձգվածությունը։ Հղիության ժամանակ պետք է խուսափել մտավոր և ֆիզիկական գերհոգնածությունից։ Ավելի թեթև աշխատանքի փոխադրվելիս հղի կնոջ համար պահպանվում է նախկին աշխատավարձը։

Երբեմն հղիությունը կարող է բարդանալ, այսպես կոչված, տոքսիկոզներով, որոնք հղիության առաջին կեսին արտահայտվում են փսխումով, սրտխառնոցով, ինքնազգացողության վատացմամբ, ընկճվածությամբ, ավելի ուշ՝ արյան ճնշման բարձրացմամբ, այտուցներով։ Հղիության բարդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է որքան հնարավոր է վաղ դիմել բժշկի, մշտապես գտնվել նրա հսկողության տակ և կատարել բոլոր խորհուրդնհրը։

Հիվանդությունները (գրիպ, կարմրախտ, անգինա, ռևմատիզմ, շաքարախտ, երիկամների, լյարդի, սիրտանոթային համակարգի ախտահարումներ), ոչ ճիշտ սնվելը, առանց բժշկի նշանակման դեղամիջոցներ ընդունելը, ծխելը և ոգելից խմիչքներ օգտագործելը կարող են բացասաբար անդրադառնալ հղիության