Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶՈԴՈՒՄ, տանը հիմնականում հարկ է լինում զոդել պողպատի և պղնձի համահալվածքներից (բրոնզ կամ արույր) պատրաստված իրեր՝ օգտագործելով 180-280 °C հալման ջերմաստիճան ունեցող անագակապարային զոդանյութեր (վաճառվում են ձողիկների տեսքով)։

Զոդանյութեր Քիմ. բաղադրությունը
անագ ծարիր
ՊՕՍ 90......... 89-90 0.15
ՊՕՍ 40......... 39-40 1.5-2.0
ՊՕՍ 30......... 29-30 1.5-2.0
ՊՕՍ 18......... 17-18 2.0-2.5

Ծանոթություն. մնացածը կազմում է կապարը։

Զ-ման ժամանակ գործածվող օքսիդալուծիչը (Զ-ման հեղուկ) ծառայում է օքսիդները լուծելու և տաքացած մակերևույթը օքսիդացումից պաշտպանելու համար։ Կենցաղում սովորաբար օգտագործում են ցինկի աղաթթվային հագեցած լուծույթ, անուշադր (ռադիոտեխնիկական դետալներ զոդելիս խորհուրդ չի տրվում կիրառել), բևեկնախեժ և վերջինիս 30-40 %-անոց գինեսպիրտի լուծույթ։ Զ-ից առաջ զոդիչն անհրաժեշտ է կլայեկել, նախ սայրը մաքրել խարտոցով կամ հղկաթղթով, ապա տաքացնել, ընկղմել օքսիդալուծիչի մեջ և անմիջապես կպցնել զոդանյութին՝ պահելով այնքան ժամանակ, մինչև վերջինս սկսի հալվել։ Այս գործողությունը հարկավոր է կրկնել մի քանի անգամ՝ մինչև զոդիչի աշխատանքային մակերևույթը ծածկվի զոդանյութով։ Զոդակցվող մակերևույթները խարտոցով կամ հղկաթղթով մաքրում են կեղտից, օքսիդներից և պատում օքսիդալուծիչի բարակ շերտով։ Տաքացրած զոդիչով զոդանյութը հավասարաչափ տարածում են Զ-ման տեղում։ Մեծ մակերևույթներ զոդելիս այդ գործողությունը կրկնում են մի քանի անգամ կամ էլ զոդանյութի մանր կտորները հավասարաչափ դասավորում զոդակցման տեղում, այնուհետև հալեցնում (մակերևույթը և զոդիչը ցանկալի է պարբերաբար մշակել օքսիդալուծիչով)։ Պետք է հաշվի առնել, որ գերտաքացած զոդիչը վատ է պահում զոդանյութը, իսկ թույլ տաքացրած մակերևույթների զոդամիացքն ամուր չի ստացվում։ Առավել զգույշ պետք է լինել էլեկտրոնային (գլխավորապես կիսահաղորդչային) սարքեր զոդելիս, դրանք հարկավոր է զոդել փափուկ (հալման ցածր ջերմաստիճան ունեցող) զոդանյութերով, 3-5 վայրկյանի ընթացքում, 40 Վտ-ից ոչ հզոր էլեկտրազոդիչով (սնման լարումը 40 Վ-ից ոչ ավելի)։

Երբ զոդակցման տեղը հովանում է, այն հարկավոր է մաքրել օքսիդալուծիչի մնացորդներից և անհրաժեշտության դեպքում հարթեցնել։


ԶՈՈԿՈՒՄԱՐԻՆ, վարֆարին, սպիտակ, անհոտ բյուրեղափոշի. օգտագործվում է կրծողներին ոչնչացնելու նպատակով։ Թողարկվում է 1 %-անոց փոշու ձևով, կիրառվում է թունավորված խայծի տեսքով։ Չոր խայծի պատրաստման համար 10 գ պատրաստուկը հարկավոր է խնամքով խառնել 200 գ սպիտակ հացի կամ շիլայի և 10 գ ձեթի հետ, այնուհետև մասերի բաժանելով, 4-5 օր դնել այն տեղերում, ուր լինում են կրծողները։ Պատրաստուկը թունավոր է, այն հարկավոր է պահել սննդամթերքից հեռու, երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղերում։

Տես նաև Կրծողներ, Դերատիզացում։


ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱԼՕՋԱԽ, կերակուր պատրաստելու առավել էներգատար և համապիտանի էլեկտրաջեռուցիչ սարք։ Թողարկվում են հատակադիր և սեղանի Է. ս-ներ։ Հատակադիր Է. ս-ի հիմնական տարրերն են. սկավառակավոր վահանը, տապակավառարանը, ամանեղենի պահարանը և կառավարման վահանը (փոխարկիչների բլոկով)։ Սեղանի Է. ս. բաղկացած է սկավառակավոր վահանից, տապակավառարանից և կառավարման վահանից։ Սնվում է 380/220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Է. ս-ների սահմանված հզորությունը 3,6-8 կՎտ է։

Սկավառակավոր վահանի վրա կա 2-4 սկավառակ։ Սկավառակները լինում են թուջե և դրոշմած պարուրաձև ակոսներով, ուր տեղադրվում են ջեռուցիչ տարրերը (էլեկտրական մեծ դիմադրություն ունեցող մետաղալարե պարույր) և լցանյութը՝ էլեկտրամեկուսիչ զանգվածը։ Կան նաև խողովակավոր սկավառակներ, որոնք բաղկացած են մեկ կամ մի քանի խողովակաձև ջեռուցիչ տարրերից՝ ներսից մամլակցված պարույրով և լցանյութով։ Ըստ ջեռուցիչ տարրերի առավելագույն հզորության, տարբերում են կանոնավոր տաքացման սկավառակներ (աշխատանքային ջերմաստիճանին հասնելու ժամանակը 5-10 րոպե է՝ թուջե և 4-5 րոպե՝ խողովակավոր սկավառակների դեպքում) և արագացված տաքացման սկավառակներ (3-6 րոպե թուջե և 1-3 րոպե խողովակավոր սկավառակների դեպքում)։

Արագացված տաքացման սկավառակներն իրենց հերթին բաժանվում են էքսպրես-սկավառակների (իբրև կանոն, թուջե, որոնց տաքացումն արագացվում է ի հաշիվ լրացուցիչ ջեռուցիչ տարրերի միացման) և ավտոմատ սկավառակների (որոնք արագացված տաքացման ռեժիմից տրված ջերմային ռեժիմի անցնում են ավտոմատ կերպով)։ Հատակադիր Է. ս-ները սովորաբար ունենում են երեք կամ չորս սկավառակ։ Սկավառակների անվանական հզորությունը 1-2 կՎտ է (ըստ սկավառակի տրամագծի 145 կամ 180 մմ)։ Յուրաքանչյուր սկավառակ ունի 2 կամ 3 ջեռուցիչ տարր։ Կառավարման վահանների փոխարկիչներով կարելի է փոփոխել միացվող ջեռուցիչ տարրերի թիվն ու դրանց միացման սխեման և աստիճանաբար կարգավորել սկավառակի հզորությունը (100-200 Վտ-ից մինչև 1000-2000 Վտ), այսինքն աշխատանքային մակերևույթի ջերմաստիճանը (100-500 °C)։ Արդի Է. ս-ներն ունեն սկավառակների հզորության կարգավորման 4-7 աստիճան։

Տապակավառարանը կրակադիմացկուն պողպատից պատրաստված խցիկ