Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, անոթային կամ վնասվածքային ախտահարման, ներզատիչ մյուս գեղձերի հիվանդությունների հետ։ Հաճախ այն կապված է նյարդահոգեկան գերբեռնվածության և ցնցումների, վարակիչ հիվանդությունների հետ։

Հիվանդության վաղ ախտանշաններն են. մշտական ուժեղ ծարավի զգացումը և մեծ քանակությամբ շաքար պարունակող առատ (օրական մինչև 6 լ և ավելի) միզարտադրությունը։ Երեխաների Շ-ի առավել վաղ ախտանշանը անմիզապահությունն է։ Մեզում շաքարի մեծ քանակության պարունակության հետևանքով երեխայի վարտիքը (կրծքի երեխայի տակաշորը) կոշտանում է, կարծես օսլայած լինի։ Հաճախ ծարավի զգացումն ուղեկցվում է ախորժակի խիստ լավացմամբ։ Հիվանդության վաղ ախտանշաններից է նաև մաշկի (հատկապես շեքի շրջանի) քորը, հակումը մաշկի սնկիկային հիվանդությունների հանդեպ։ Կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդությունը հարաճում է. առաջանում է ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, ծայրանդամների ցավեր, նյարդային գերգրգռվածություն։ Կարող են լինել տեսողության, երիկամների գործունեության խանգարումներ։ Օրգանիզմում ճարպերի (այսպես կոչված՝ կետոնային մարմնիկների) ոչ լրիվ օքսիդացման հետևանքով կուտակված նյութերը ծանր բարդության Շ-ային կոմայի պատճառ են դառնում, որին սովորաբար նախորդում է ախորժակի վատացումը, սաստիկ ծարավը, բերանի չորությունը, արտազատվող մեզի քանակի ավելացումը։ Առաջանում են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, շնչառությունը դառնում է խորը և աղմկոտ, արտաշնչած օդում զգացվում է ացետոնի հոտ, անոթազարկը դառնում է հաճախակի, արյան զարկերակային ճնշումն ընկնում է։ Դրան հետևում է գիտակցության կորուստը։ Շ-ային կոմայի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել։

Շ-ով հիվանդը ողջ կյանքի ընթացքում պիտի բուժվի և լինի բժշկի մշտական հսկողության տակ։ Բուժումն ընդգրկում է սննդի ճիշտ կազմակերպումը, ինսուլինի պատրաստուկների ենթամաշկային ներարկումները և շաքարի քանակն իջեցնող այլ միջոցների ընդունումը։ Բուժական սնունդը կազմում է բժիշկը՝ հաշվի առնելով հիվանդի վիճակը, սահմանափակվում են ճարպերը, ածխաջրերը (մինչև ընդհանուր կալորիականության 50-60 %-ը), սննդի օրաբաժնից բացառվում են հեշտ յուրացվող ածխաջրերը, շաքարը փոխարինվում է քսիլիտով կամ սորբիտով։ Սնունդը պետք է ընդունել փոքր քանակներով և հաճախակի։ Առաջին նախաճաշ՝ օրվա կալորիականության 25 %-ը, 2-րդ նախաճաշ՝ 10 %-ը, ճաշ՝ 35 %-ը, հետճաշիկ՝ 10 %-ը, ընթրիք՝ 20 %-ը։ Մի շարք դեպքերում սննդակարգի պահպանմամբ, առանց դեղամիջոցների ընդունման, հաջողվում է շաքարի քանակն արյան մեջ բնականոնացնել։

Գոյություն ունեն ինսուլինի ազդեցության տարբեր տևողությամբ (6-8 մինչև 30-36 ժամ) պատրաստուկներ։ Ինսուլինի դեղաչափը և պատրաստուկների զուգորդումն ընտրում է բժիշկը։ Բուժմանը պիտի գործուն մասնակցություն ունենա ինքը՝ հիվանդը (կամ նրա հարազատները)։ Որպես կանոն, նրանք սովորում են ինսուլինի պատրաստուկների ենթամաշկային ինքնուրույն ներարկումներ կատարել։

Ինսուլինը ներարկում են ուտելուց 10-20 րոպե առաջ՝ հականեխության և աննեխության կանոնների պահպանմամբ։ Սննդի ընդունման կարգը որոշելիս հաշվի է առնվում ընդունվող պատրաստուկի ազդեցության տևողությունը։ Բուժման սխեման կամ ինսուլինի դեղաչափը կարող է փոխել միայն բժիշկը։ Անհրաժեշտ դեղաչափի բարձրացումը և սննդի ընդունման ժամկետների խախտումը կարող է հանգեցնել թերշաքարարյունության (հիպոգլիկեմիայի), որը բնորոշվում է արյան մեջ շաքարի պարունակության խիստ նվազմամբ, հանկարծակի թուլությամբ, քաղցի սուր զգացողությամբ, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով։ Հնարավոր է գլխացավ, մարմնի դող, գրգռվածություն։ Նման դեպքերում հիվանդին պետք է անմիջապես տալ 3-5 կտոր շաքար, հնարավորության դեպքում տաք, քաղցր թեյ։ Դա կանխում է կյանքի համար վտանգավոր վիճակի՝ թերշաքարարյունային կոմայի առաջացումը։ Ինսուլինի պատրաստուկներ ընդունող հիվանդը պետք է միշտ իր մոտ ունենա շաքար, ինչպես նաև գրպանում գրություն այն մասին, որ ինքը տառապում է Շ-ով և ստանում է ինսուլին։ Գրությունում պետք է նշում լինի պատրաստուկի տեսակի և ընդունվող դեղաչափի մասին։ Թերշաքարարյունության վիճակի զարգացման դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի։

Շ-ի համալիր բուժման մեջ կարևոր տեղ է գրավում հիվանդի մաշկի մանրակրկիտ խնամքը, հիվանդները պետք է հետևեն մարմնի մաքրությանը, խուսափեն վնասվածքից և հարուկներից, քանի որ նույնիսկ չնչին վնասումները կարող են առաջացնել մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ կամ ուշ լավացող խոցեր։ Լողանալիս հարկավոր է օգտագործել միայն փափուկ սպունգ։ Հարկավոր է ոտքերը լվանալ ամեն օր (հատկապես մանրակրկիտ ձևով միջմատային տարածությունները) և լավ չորացնել։ Ցանկալի է կրել բամբակե գուլպաներ։ Ատամները պետք է լվանալ օրը երկու անգամ, ուտելուց հետո բերանը ողողել գոլ ջրով։ Շ-ով հիվանդը տարին երկու անգամ պիտի հետազոտվի ստոմատոլոգի մոտ։ Կարևոր են աշխատանքի և հանգստի ճիշտ կարգը, շարժողական ակտիվությունը, բնականոն քունը (օրական 8 ժամից ոչ պակաս)։

Շ-ով հիվանդները, որպես կանոն, գտնվում են դիսպանսերային հսկողության տակ։ Սննդի արդյունաբերությունը թողարկում է հեշտ յուրացվող, ածխաջրեր չպարունակող հատուկ մթերք (քսիլիտով կամ սորբիտով կոնֆետներ, հաց, թխվածքաբլիթ, երշիկ)։ Կենցաղային, արտաքին բարենպաստ պայմանների և ճիշտ բուժման դեպքում հիվանդների աշխատունակությունը լրիվ ապահովվում է։

Շ-ով հիվանդ կանայք հղիության ժամանակ պիտի գտնվեն թերապևտի, մանկաբարձի և ներզատաբանի հսկողության տակ։

ՇՄՈԼ, տես Թունավորում հոդվածում։

ՇՐԹՆԵՐԿ, փափկացնում է շրթունքների մաշկը և պահպանում արտաքին ազդեցություններից (արև, քամի ևն)։ Շ-ի օգնությամբ կարելի է փոխել շրթունքների ուրվագիծը։ Եթե բերանը մեծ է, Շ. քսում են շրթունքների միջին մասին՝ չներկած թողնելով բերանի անկյունները։ Փոքր բերանի դեպքում Շ-ով պատում են շրթունքների ամբողջ մակերևույթը։ Վերին լայն շրթունք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ամբողջությամբ