Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսվում է հանկարծակի` պորտի, սրտագդալի շրջանի կամ որովայնի ցավերով, որոնք այնուհետև տեղակայվում են որովայնի աջ կեսի ստորին քառորդում (աջ զստաշրջան, պորտից աջ և ցած)։ 1-2 ժամվա ընթացքում ցավն ուժեղանում է և ուղեկցվում մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (մինչև 37,8-38,5 °C), երբեմն սրտխառնոցով, փսխումներով, փորկապությամբ։ Երեխաների և տարեց մարդկանց Ո. ե. բ-ման դեպքում սովորաբար ցավը թույլ է արտահայտված։

Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալիս որքան հնարավոր է անհապաղ պետք է դիմել բժշկի և մինչև նրա գալը որևէ բուժական միջոցառում չձեռնարկել։ Հիվանդին չի կարելի կերակրել, տալ լուծողական և ցավազրկող դեղանյութ, օգտագործել ջեռակ, կատարել հոգնա։ Որովայնի ցավոտ կետերի շրջանում կարելի է սառը դնել։ Անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և լրիվ հանգիստ։

Որդանման ելունի քրոնիկական բորբոքումը սովորաբար սուր բորբոքման հետևանք է։ Բուժում են վիրաբուժական եղանակով։

Երեխաների Ո. ե. բ. հաճախ սկսվում է որպես աղիքային խանգարում։ Եթե այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ, փսխումով և որովայնի ցավերով, հարկավոր է անհապաղ բժիշկ հրավիրել։

ՈՐԴԵՐ, հելմինթներ, մակաբույծ որդեր, որոնք մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են տարբեր ճիճվային հիվանդություններ (հելմինթոզներ)։

Կլոր որդերից մարդու օրգանիզմում առավել հաճախ հանդիպում են ասկարիդներ, սրատուտներ, մաղագլուխներ և հազվադեպ տրիխիններ։ Ասկարիդը (մարմնի երկարությունը՝ 15-40 սմ) ապրում է մարդու բարակ աղիքներում, որտեղից ձվերը կղանքի հետ դուրս են գալիս և զարգանում հողում։ Առավել հաճախ վարակվում են (հատկապես երեխաները, որոնք լավ չեն լվանում ձեռքերը) հողի, չլվացած բանջարեղենի միջոցով։ Ասկարիդոզով հիվանդների մոտ նկատվում է ախորժակի վատացում, սրտխառնոց, քնի խանգարում, դյուրագրգռելիություն, երբեմն՝ լուծ, որովայնի ցավեր, հազվադեպ աղիքների անանցանելիություն։ Փոքր երեխաները դառնում են քմահաճ, ցրված, դպրոցականների ուսման առաջադիմությունն ընկնում է։ Սրատուտը (մարմնի երկարությունը՝ 3-12 մմ) մակաբուծում է մարդու աղիքներում։ Վարակվում են որդի ձվերը կուլ տալիս, որոնք բերանի կամ քթի խոռոչ են ընկնում փոշու հետ։ Սրատուտները ձվադրում են հետանցքի շուրջ, որտեղ առաջացնում են քոր և քերծվածքներ։ Կեղտոտ ձեռքերի և սննդամթերքի միջոցով կարող է տեղի ունենալ ինքնավարակում, որը կանխելու համար խորհուրդ է տրվում կղման ակտից հետո, քնելուց առաջ և հետո հետանցքը լվանալ ու վազելին քսել, որդի առկայության դեպքում քնել կիսավարտիքով (որն անհրաժեշտ է ամեն օր եռացնել և արդուկել)։ Հիվանդների կղանքը երբեմն դառնում է հաճախակի և խյուսանման, նկատվում են անքնություն, դյուրագրգռելիություն, գլխացավ, ախորժակի անկում, շուտ են հոգնում։ Մաղագլուխը (30-35 մմ երկարությամբ բարակ որդ) ապրում է կույր և հաստ աղիքներում։ Վարակումը (տրիխոցեֆալոզ) տեղի է ունենում նույն ձևով, ինչ ասկարիդների դեպքում։ Նկատվում է հիվանդների ընդհանուր տկարություն, որովայնի ցավեր, հաճախ՝ գլխացավ, գլխապտույտ, անհանգիստ քուն, ախորժակի անկում։ Տրիխինելները մինչև 4 մմ երկարության որդեր են։ Վարակվում են խոզի, հազվադեպ որդի թրթուրներ պարունակող վայրի կենդանիների կիսաեփ միս օգտագործելիս։ Տրիխինելոզի դեպքում նկատվում է կոպերի այտուց, դեմքի ուռածություն, տենդ, մկանացավեր, երբեմն՝ ոտքերի և ձեռքերի այտուց։ Կոպերի այտուցվելուց 1-3 օր հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, աչքերը շարժելիս ցավ է առաջանում, վերջույթների մկանները, իրանը, լեզուն ցավում են, երբեմն խանգարվում է ծնկային և արմնկային հոդերի շարժունությունը, մաշկի վրա ցան է առաջանում, նկատվում են ստամոքսաղիքային խանգարումներ, գլխացավ, անքնություն կամ քնկոտություն։ Ժապավենաձև որդերից առավել հաճախ հանդիպում են եզան, խոզի, լայն, թզուկ երիզորդերը։ Մարդու օրգանիզմ սովորաբար թափանցում են թրթուրները, որոնք աղիքներում փոխարկվում են հասուն անհատների։ Եզան երիզորդը (երկարությունը 4–10 մ) հարուցում է տենիարինխոզ հիվանդությունը։ Վարակվում են խոշոր եղջերավոր կենդանիների կիսատապակած կամ կիսախաշած մսից, որի մեջ թրթուրներ են պարունակվում։ Տնտեսուհիները երբեմն վարակվում են համտեսելով աղացած հում միսը։ Հիվանդը նիհարում է, նկատվում է սրտխառնոց, փսխում, ախորժակի անկում, ստամոքսի խանգարում, դյուրագրգռելիություն, գլխապտույտ, անքնություն։ Խոզի երիզորդը (մարմնի երկարությունը՝ մինչև 2 մ) տենիոզ հիվանդության հարուցիչն է։ Վարակվում են թրթուրներ պարունակող խոզի միս ուտելով։ Հիվանդության ախտանշանները նույնն են, ինչ նախորդ հիվանդությանը։ Լայն երիզորդը (մարմնի երկարությունը՝ 6–15 մ) հարուցում է դիֆիլոբոթրիոզ հիվանդությունը։ Վարակվում են վատ եփված (տապակած) կամ աղը դրած գետային ձուկ ուտելիս։ Հիվանդությունը հաճախ ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններով (թուլություն, գլխապտույտ, թքահոսություն, սըրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, լուծ կամ լուծի և փորկապության հաջորդում)։ Բնորոշ է լեզվի վրա վառ կարմիր բծերի և ճաքերի առաջացումը։ Թզուկ երիզորդը (մարմնի երկարությունը 3-5 սմ) հարուցում է հիմենոլեպիդոզ հիվանդությունը։ Վարակվում են տնային կեղտոտ իրերի (դռների բռնակներ, զուգարանների աթոռակներ և այլն) միջոցով, որոնց վրա կան որդի ձվեր։ Առավել հաճախ հիվանդանում են երեխաները։ Նկատվում են որովայնի ցավեր, սրտխառնոց, ախորժակի անկում, գլխապտույտ, հաճախ՝ լուծ, երեխաների զարգացման կասեցում։ Էխինոկոկն ապրում է կենդանիների, առավել հաճախ՝ շների, աղիքներում։ Մարդը վարակվում է շներից և կատուներից, ինչպես նաև վայրի գիշատիչ կենդանիների մորթին մաշկելիս։ Էխինոկոկոզը ծանր հիվանդություն է, որի ախտանշանները տարբեր օրգանների (լյարդ, թոքեր, ուղեղ և այլն) համար տարբեր են։ Ծծող որդերից առավել տարածված են սիբիրական (կատվի) և լյարդի (ֆասցիոլա) երկծծանները։ Սիբիրական երկծծանը (մարմնի երկարությունը՝ 4-13 մմ) օպիսթորխոզ հիվանդության հարուցիչն է։ Մակաբուծում է լեղապարկում, լեղածորաններում և ենթաստամոքսային գեղձի ծորաններում։ Վարակվում են հում, սառեցրած, թույլ աղը դրած կամ կիսաեփ (կիսատապակած) ձկնեղեն ուտելիս։