Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մսի և ձկնեղենի սահմանափակմամբ։ Օրաբաժնից հարկավոր է հանել երիկամից, ուղեղից, լյարդից պատրաստած ճաշատեսակները, սալաթը, թրթնջուկը, ամսաբողկը, ոլոռը, լոբին, թանձր արգանակները, սուր համեմունքները և ոգելից խմիչքները։

ՊՈԼԼԻՆՈԶ, բույսերի ծաղկափոշուց առաջացած ալերգիական հիվանդություն։ Ի հայտ է գալիս բույսերի ծաղկման շրջանում։ Առավել հաճախ արտահայտվում է հարբուխով, արցունքահոսությամբ, երբեմն շնչահեղձության նոպաներով։ Հիվանդության առավել զանգվածային բռնկումներն առաջանում են քամու միջոցով փոշոտվող բույսերի ծաղկափոշուց, որը մեծ քանակությամբ պարունակվում է օդում։ Ընկնելով քթի լորձաթաղանթի կամ աչքի շաղկապենու վրա՝ ծաղկափոշին առաջացնում է օրգանիզմի ալերգիական ռեակցիա (տես Ալերգիա): Յուրաքանչյուր կլիմայաաշխարհագրական շրջանում աճում են որոշակի տեսակի բույսեր, որոնց ծաղկափոշին Պ-ի առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից է։

Այդ բույսերից են ամբրոսիան, մարգագետնային սիզախոտը, մարգագետնային շյուղախոտը, օշինդրը, վայրի կանեփը, ընկուզենին, լորենին, ուռին, բարդին, սոսին, որոշ հացազգիներ և այլն։

Պ-ի բուժումը կազմակերպում է բժիշկ-ալերգիաբանը. ծաղկափոշու տեսակի հայտնաբերում, դրա հանդեպ օրգանիզմի զգայունության իջեցում, հակաալերգիական դեղանյութեր։

Բույսերի ծաղկման շրջանում հիվանդները պիտի խուսափեն ծաղկափոշին շնչուղիներ ընկնելուց (հնարավորության դեպքում կրել թանզիֆե դիմակ), աչքերը պաշտպանեն ակնոցով։ Պ-ի ծանր դեպքերում հարկավոր է փոխել բնակավայրը։

ՋԵՌԱԿ, տարածված են ռետինե և էլեկտրական Ջ-ները։ Կարելի է օգտագործել նաև տաք ջրով լցված և ամուր փակված շիշ, տոպրակի մեջ լցրած տաքացրած աղ, ավազ կամ ձավար։ Ռետինե Ջ. հարկավոր է ջրով լցնել ծավալի 2/3-ի չափով, ներսում մնացած օդը զգուշությամբ հանել, Ջ. ամուր փակել և ստուգել, որ ջուր բաց չթողնի։ Որպեսզի Ջ. այրվածքներ չառաջացնի, հարկավոր է այն փաթաթել սրբիչով։ Շատ տաք Ջ. խորհուրդ է տրվում նախ դնել վերմակի վրայից, ապա, հովանալուց հետո՝ սավանի վրայից և կամ անմիջականորեն մարմնի վրա։ Որոշ դեպքերում (օրինակ, արյունահոսության, մաշկի վնասվածքների, չարորակ նորագոյացությունների ևն) Ջ. օգտագործելը կարող է առաջ բերել լուրջ բարդություններ, ուստի անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ։

ՋԵՐՄԱՐՁԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ, կապույտ լույս, գործածվում է բուժիչ նպատակով մարմնի սահմանափակ մասերի տեղային տաքացման համար։ Ջերմության աղբյուրը, սովորաբար, 40 կամ 60 Վտ հզորության էլեկտրական շիկացման լամպն է կապույտ ապակե անոթով. այդ լամպերը ինֆրակարմիր (ջերմային) ճառագայթման հետ միաժամանակ արձակում են որոշ քանակության կապույտ ճառագայթներ։ Եթե կապույտ լամպ չկա, կարելի է օգտագործել նույն հզորության սովորական լամպ։ Տնային պայմաններում բժշկական ջերմարձակը կիրառվում է (բժշկի նշանակմամբ) նյարդացավերի, նյարդաբորբերի, մկանաբորբերի, քթի հավելյալ խոռոչների հիվանդությունների լուսաբուժման համար։

Բժշկական ջերմարձակը մոտ տարածությունից գործածելին լամպի ճառագայթումը կարող է առաջացնել այրվածքներ։ Ուստի խորհուրդ է տրվում ջերմարձակը պահել մարմնի մակերևույթից 15-20 սմ հեռավորությամբ ճառագայթվող տեղամասում 40-45 °C (բավականաչափ տաք է, բայց դեռ չի այրում) ջերմաստիճան ապահովելու համար։

ՋՐԱՀԵՂՁՈՒԹՅՈՒՆ, սովորաբար ջրահեղձ են լինում ջրամբարներում լողանալիս, երբեմն՝ լոգարանում, ջրափոսում (դեմքը ջրի մեջ ընկղմելիս) ևն։ Խեղդվողների մեծ մասը երեխաներ են։ Շատ դեպքերում խեղդվողներին կարելի է փրկել՝ ցույց տալով առաջին օգնություն։

Ջ-յան պատճառ կարող են լինել ջրում պահվելու կանոնների խախտումը, հոգնածությունը երկարատև լողանցումների ժամանակ (նույնիսկ լավ լողալու դեպքում), վնասվածքները սուզվելու ժամանակ (հատկապես անծանոթ վայրերում), հարբածությունը, արևի տակ երկար մնալուց հետո ջրի մեջ մտնելը (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն) ևն։ Մահը Ջ-ից վրա է հասնում թթվածնի անբավարարությունից։ Տարբերում են Ջ-յան 3 տեսակ՝ իսկական, չոր, հանկարծամահային։ Իսկական Ջ-յան ժամանակ խեղդվողը, պայքարելով կյանքի համար, կատարում է ջղաձգական շնչառական շարժումներ և, ջուր շնչելով, խոչընդոտում թոքերի մեջ օդի ներթափանցմանը։ Այդպիսի դեպքերում խեղդվողի մաշկը կապտում է, իսկ բերանից և քթից փրփրոտ հեղուկ է հոսում։ Այսպես կոչված չոր Ջ-յանը նախորդում է ուշագնացությունը, որի պատճառով խեղդվողն անմիջապես սուզվում է մինչև հատակ։ Ձայնալարերի ջղակծկման հետևանքով ջուրը թոքեր մուտք չի գործում, մաշկի կապտությունն ավելի քիչ է արտահայտված։ Հանկարծամահային Ջ-յան դեպքում միաժամանակ հանկարծահաս դադարում են շնչառությունը և սրտի աշխատանքը։ Մաշկի մանր անոթների կծկման պատճառով խեղդվողի մաշկը գունատվում է («գունատ» խեղդվածներ)։

Երբեմն հարկ է լինում լողալով փրկել խեղդվողին (փրկամիջոցների բացակայության և փրկարար կայաններից հեռու գտնվելու դեպքում)։ Փրկողը պետք է հստակ պատկերացնի և արագ կատարի անհրաժեշտ գործողությունները։ Նախ հարկավոր է ափով վազել մինչև խեղդվողին ամենամոտ գտնվող տեղը։