Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախադպրոցական և դպրոցահասակ փոքր տղաներին սազում է ճակատի մազափնջով Ս., իսկ մեծերը կարող են կողքից հերաբաժանով մազերը սանրել վերև։

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, անորակ կամ թունավոր սննդամթերքի օգտագործումից առաջացող սուր հիվանդություն։ Սննդամթերքը (առավել հաճախ միսը, ձուկը, արգանակը, երշիկը, պահածոները) կարող է անորակ դառնալ որոշ մանրէներով (սալմոնել, ստաֆիլոկոկ, բոտուլիզմի ցուպիկ) և դրանց թույներով վարակվելիս։ Սննդամթերքի վարակումը կապված է դրա մթերման, պատրաստման, փոխադրման, պահման և խոհարարական մշակման կանոնների խախտման հետ։ Վարակված սննդամթերքի արտաքին տեսքը կարող է չփոխվել։ Թունավորվում են նաև թունավոր սնկեր, ձկների որոշ տեսակների խավիար, ախտահարված կամ թունավոր մոլախոտերի հետ խառնված հացահատիկներից թխած հաց օգտագործելիս։ Թունավոր կարող է դառնալ սխալ պահված (ծիլ տված և կանաչած) կարտոֆիլը։

Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս մի քանի ժամից (հազվադեպ՝ մեկ օրից կամ ավելի ուշ)։ Առավել հատկանշական են փսխումները, որովայնի ցավը և փորլուծությունը, կարող են առաջանալ նաև գլխացավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, դող, մկանային ցավեր, ծանր դեպքերում՝ ջղացնցումներ, գիտակցության կորուստ։

Ս. թ-ման ժամանակ հիվանդին անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց։ Առաջին օգնությունն է. ստամոքսի լվացումը, փորին, ձեռքերին և ոտքերին ջեռակ դնելը, մեծ քանակությամբ տաք հեղուկ, թուլության դեպքում՝ թունդ սուրճ, թեյ տալը։ Հարկավոր է, սակայն, նկատի ունենալ, որ նման ախտանշաններ (որովայնի ցավ, փսխում) դիտվում են նաև այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կույր աղիքի բորբոքումը, ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցը, որոնց դեպքում անթույլատրելի են ստամոքսի լվացումը և ջեռակի կիրառումը։ Ուստի, առաջին օգնության նկարագրված միջոցներին կարելի է դիմել միայն Ս. թ-ման դեպքում։

Տես նաև Բոտուլիզմ, Աղիքային վարակիչ հիվանդություններ։

ՍՊԻԴ [ռուս. СПИД (синдром приобретенного имунного дефицита), < անգլ. ALDS (Aquired immune Deficiency Syndrome)], տես Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ։

ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱ, տես Կրծքային հեղձուկ։

ՍՐԱՏՈՒՏ, տես Որդեր:

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ, բնորոշվում է արյունամատակարարման սուր խանգարման հետևանքով սրտամկանում մեռուկացման (նեկրոզի) օջախի առաջացմամբ։ Մեծամասամբ Ս. ի. զարգանում է սրտի պսակային անոթների աթերոսկլերոզի դեպքում։ Հաճախ աթերոսկլերոզին միանում է թրոմբոզը ախտահարված անոթի հատվածում։ Ս. ի-ի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, նյարդահոգեկան գերլարվածությունը, ծխելը։ Որպես կանոն, հիվանդությունը զարգանում է կրծքային հեղձուկի նոպաների հաճախացման և ուժեղացման ֆոնի վրա, որն ուղեկցվում է նիտրոգլիցերինի բուժական արդյունքի փոքրացմամբ։ Այդ շրջանը կոչվում է նախաինֆարկտային վիճակ։ Անհապաղ բժշկի դիմելը և նրա խորհուրդները պարտադիր կատարելը (ընդհուպ մինչև հոսպիտալացում) հաճախ հնարավորություն են տալիս կանխելու Ս. ի-ի զարգացումը։

Մեծամասամբ Ս. ի. սկսվում է սրտի շրջանի կամ կրծոսկրի հետևի սուր, տևական ցավերով, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ձեռքը և թիակը, երբեմն ցավն ընդգրկում է ամբողջ կրծքավանդակը: Ցավը չի ընդհատվում նիտրոգլիցերին ընդունելուց հետո։ Որպես կանոն, նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն օրեր, ուղեկցվում է խիստ թուլությամբ, մահվան վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի գործունեության խանգարման այլ ախտանշաններով։ Երբեմն Ս.ի–ի սկզբնական ախտանշան կարող են լինել հևոցը՝ առանց ուժեղ արտահայտված ցավի (կրծքային հեղձուկի նոպաներ) կամ որովայնի ցավերը։

Ս. ի-ով հիվանդը կարիք ունի անհետաձգելի բժշկական օգնության, ուստի սրտի շրջանում ցավի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն հրավիրել (մանավանդ, եթե ցավը չի հանգստանում վալիդոլ կամ նիտրոգլիցերին ընդունելուց հետո)։

Մինչև բժշկի գալը հիվանդին հարկավոր է պառկեցնել։ Նիտրոգլիցերինը, եթե նույնիսկ ցավազրկող ազդեցություն չի թողնում, նպատակահարմար է ընդունել մի քանի անգամ։ Հիվանդի վիճակը նկատելիորեն թեթևացնում են ցավը մեղմացնող միջոցները. կրծքին մանանեխի ծեփուկներ, ոտքերին ջեռակ, ձեռքերի տաքացում։ Ս. ի-ով հիվանդների լիարժեք բուժումը հնարավոր է միայն հիվանդանոցային պայմաններում։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումը շարունակվում է տանը։ Աշխատունակության վերականգնումը, ինչպես նաև կրկնակի ինֆարկտի կանխումը, հիմնականում կախված են հիվանդի վարքագծից։ Անհրաժեշտ է կանոնավոր կերպով դիմել բժշկի, խստորեն կատարել նրա նշանակած բուժումն ու պահպանել ռեժիմը։ Վերջինս սահմանվում է անհատականորեն։ Ս. ի. կրած յուրաքանչյուր անձ պետք է դադարեցնի ծխելը, բացառի ալկոհոլի օգտագործումը, կանոնավորի օրվա ռեժիմը։ Գերադասելի է ամեն օր վեր կենալ և պառկել նույն ժամին, քնել 7 ժամից ոչ պակաս։ Խորհուրդ է տրվում հետևել բժշկի նշանակած չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությանը (10-15 րոպե առավոտյան մարմնամարզություն. վարժությունների համալիրը պետք է համաձայնեցվի բուժող բժշկի հետ) և օրվա մեջ ու քնից առաջ կատարել ոչ հոգնեցուցիչ (ըստ տևողության և արագության) զբոսանքներ։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել մաքուր օդում, արձակուրդը՝ սովորական կլիմայական պայմաններում։

Օրական պետք է սնվել 4 անգամ, բազմատեսակ, վիտամիններով հարուստ, բայց սահմանափակ կալորիականությամբ (օրական՝ մինչև 2500 կկալ)։ Վերջին անգամ պետք է ուտել քնելուց 2-3 ժամ առաջ։ Ընթրիքին ցանկալի է կաթնաշոռը, մածունը և օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող այլ սնունդ։ Խորհուրդ չի տրվում գիշերը խմել գրգռող ըմպելիք մուգ թեյ կամ սուրճ։ Քանի որ Ս.ի. կրած մարդը որոշ ժամանակ հարկադրված է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ուստի պայմաններ են ստեղծվում մարմնի զանգվածի ավելացման համար։ Այդ պատճառով հիվանդը պետք է