Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափավոր ուտի, սահմանափակի հեղուկները (ապուր, անուշապուր, մրգաջուր) մինչև 1,2-1,5 լ։

Արգելվում է ֆիզիկական և նյարդային գերլարված (գիշերային հերթափոխի, տաք արտադրամասերի) աշխատանքը։ Քանի որ նյարդային ցնցումները կրծքային հեղձուկի սրացման անմիջական պատճառ են դառնում, հիվանդն ինքը և նրան շրջապատող անձինք պետք է ընտանիքում և աշխատանքային կոլեկտիվում ստեղծեն հանգիստ պայմաններ։ Բուժման և վերականգնման համալիրի ճիշտ ընտրությունը հնարավորություն է տալիս Ս. ի. կրած հիվանդների մեծամասնությանը վերադառնալ աշխատանքի։

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Գրիպ և գրիպանման հիվանդություններ:

ՎԱԶՔ, կիրառվել է դեռևս Հին Եգիպտոսում, Ասորեստանում, Հին Հունաստանում, Հայաստանում իբրև ռազմիկներին կոփելու, դաստիարակելու միջոց, տեղեկություններ հաղորդելու համար ևն։ Հին Հայաստանում հետիոտն սուրհանդակները կոչվել են արագագնացներ, որ նշանակում է վազողներ։ Վ. ֆիզիկական դաստիարակության միջոցներից մեկն է. ամրապնդում է մկանները, մարզում սիրտը, դրա աշխատանքը դարձնում առավել խնայողական, բարելավում է օրգանիզմի արյան շրջանառությունը, կոորդինացումը, բարձրացնում դիմացկունությունը։ Վ. մտավոր աշխատանքից հանգստանալու հիանալի ձև է։ Այն օգտակար է թե՛ երեխաներին, թե՛ երիտասարդներին, թե՛ տարեց մարդկանց։ Վ. խորհուրդ է տրվում կիրառել արտադրական ու հիգիենային մարմնամարզության մեջ և բուժական ֆիզկուլտուրայում։

Տարածում են ստացել նաև գերհեռավոր վազքերթերը, որոնք ոչ միայն առողջությունը կոփելու, այլև Վ. պրոպագանդելու գործուն միջոց են։

Վ-ով կարելի է զբաղվել տանը, փողոցում, մարզահրապարակում, քաղաքից դուրս։ Տանը պարապելիս հարկավոր է ոտքերի տակ փոքր գորգ փռել և լայն բացել լուսամուտը։ Վազելիս ծնկները պետք է հնարավորին չափ բարձրացնել և շնչել համաչափ։ Վ. տան պայմաններում (3-5 րոպեից ոչ պակաս) ամրապնդում է հոդերը, ջլերը և նախապատրաստում օրգանիզմը դրսում Վ-ի պարապմունքների անցնելու համար։ Վազելիս ձեռքերը պետք է լինեն արմունկներում ծալված և շարժվեն հետ ու առաջ։ Ծնկները (դրսում վազելիս) կարիք չկա շատ բարձրացնել, սկզբում հարկավոր է գետնին դնել ոտնաթաթի ծայրը, ապա կրունկը։ Վազել կարելի է միայնակ կամ խմբով, օրվա ցանկացած ժամին։ Դրա համար չեն պահանջվում ոչ հատուկ գույք, ոչ մարզասարքեր։ Ինքնազգացողությունը կարելի է ստուգել, չափելով անոթազարկի հաճախությունը։ Նախքան Վ-ով զբաղվելն անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Խորհուրդ է տրվում վազել մարզահագուստով և փափուկ մարզակոշիկով։ Ցանկալի է, որ կոշիկը մեկ համար մեծ լինի (բրդե գուլպա հագնելու կամ թաղիքե ներբան դնելու համար)։ Վ-ով պարապելու վայրը (զբոսայգի, պուրակ, խուլ փողոց) ընտրելուց հետո հարկավոր է հնարավորին չափ երկար ժամանակ քայլել, ապա անցնել Վ-ի, այնուհետև կրկին քայլել և ընդհակառակը։ Վ-ի տևողության և հեռավորության հարցում պետք է կողմնորոշվել ըստ օրգանիզմի վիճակի։ Սովորաբար խորհուրդ է տրվում պարապել շաբաթական 3-ից 5 անգամ՝ 15-ից մինչև 30 րոպե տևողությամբ։

ՎԱԿՑԻՆԱՑՈՒՄ, տես Կանխարգելիչ պատվաստումներ:

ՎԱՐԱԿԱԶԵՐԾԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ, վարակազերծման միջոցներ, օգտագործում են արտաքին միջավայրում ախտահարույց միկրոօրգանիզմների ոչնչացման համար։ Վ.մ. ընտրելիս, դրանց քանակը, խտությունը և իրի մշակման տևողությունը որոշելիս հաշվի են առնում հիվանդության հարուցիչի հատկությունները և վարակազերծվող առարկայի առանձնահատկությունները։ Առավել տարածված քիմիական Վ.մ–ից են քլորամինը, քլորակիրը, կալցիումի հիպոքլորիտը, ֆորմալինը։

Քլորամինը սպիտակ կամ դեղնավուն փոշի է։ Պահում են մութ տեղում՝ մուգ գույնի փակ շշում կամ պոլիէթիլենե տոպրակում։ Առավել հաճախ կիրառվում է դրա 0,2-3 %-անոց լուծույթը բնակարանի, ամանեղենի և այլ իրերի վարակազերծման համար (մշակման տևողությունը 30-60 րոպե)։ Քլորամինի լուծույթը կարելի է պահել մինչև 15 օր։ Քլորակիրը սպիտակ փոշի է։ Ջերմության, լույսի և խոնավության ազդեցությամբ արագ քայքայվում է, ուստի այն հարկավոր է պահել հերմետիկորեն փակվող լուսանթափանց, կոռոզիայի չենթարկվող ամանում, 20 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում, չոր տեղում։ Կիրառում են ինչպես չոր վիճակում (հիվանդների արտաթորանքի վարակազերծման համար 1:5 հարաբերությամբ, մինչև 1 ժամ տևողությամբ), այնպես էլ 10-20 %-անոց կրային կախույթի (զուգարանների, աղբափոսերի, աղբարկղերի վարակազերծման, պատերի ներկման համար) և 0,5-1 %-անոց պարզեցված լուծույթի տեսքով շինությունների, կահավորանքի առարկաների, ամանեղենի, զուգարանային առարկաների վարակազերծման համար (մշակման տևողությունը՝ 30-60 րոպե)։ Քլորակրի լուծույթները կայուն չեն, ուստի դրանք հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ։ Քանի որ գործվածքները և մետաղները (առանց հատուկ ծածկույթի) քլորակրի և նրա լուծույթների ներգործության հետևանքով փչանում են, դրանք վարակազերծում են քիմիական այլ միջոցներով։ Խոնավ և վատ օդափոխվող շինություններում նույնպես խորհուրդ չի տրվում քլորակիր կիրառել։ Կալցիումի հիպոքլորիտը սպիտակ բյուրեղային փոշի է։ Այն կիրառվում է 0,1-1 %-անոց լուծույթի տեսքով՝ ամանեղենի, լոգնոցի, լվացարանի վարակազերծման համար (մշակման տևողությունը 30-60 րոպե), ինչպես նաև չոր վիճակում հիվանդների արտաթորանքի վարակազերծման համար (1:5 կամ 1:10 հարաբերությամբ)։ Ֆորմալինը ֆորմալդեհիդի 40 %-անոց լուծույթ է, բնորոշ սուր հոտով։ Կիրառում են խցիկային ախտահանման, ինչպես նաև մաշկի սնկիկային հիվանդությունների դեպքում՝ կոշիկների ու ձեռնոցների ախտահանման նպատակով (կոշիկների և ձեռնոցների ներքին մակերևույթը մաքրում են ֆորմալինի 25 %-անոց կամ քացախաթթվի 40 %-անոց լուծույթով թրջած բամբակով)։ Այնուհետև կոշիկները (ձեռնոցները) 3 ժամ դնում են պոլիէթիլենե տոպրակի մեջ, ապա 10-12 ժամ թողնում օդափոխվելու։

Ապակե, ռետինե և պոլիմերային այլ նյութերից պատրաստված իրերի վարակազերծման համար կարող է օգտագործվել նաև ջրածնի գերօքսիդի 3 %-անոց