Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին հերթին կատարվում են միջին դժվարության հանձնարարականները, այնուհետև ամենադժվարները և, վերջապես, ամենահեշտերը։ Հարկավոր է ճիշտ կազմակերպել դպրոցականների հանգիստը մաքուր օդում։ Զբոսանքները, խաղերը պիտի տևեն օրվա ընթացքում 3 ժամից ոչ պակաս։

Օրգանիզմի ուժերի և աշխատունակության վերականգնման համար շատ կարևոր է կանոնավոր քունը։ 7-10 տարեկան երեխաներին անհրաժեշտ է քնել առնվազն 10-10,5 ժամ, դեռահասներին՝ 8-9 ժամ, հակառակ դեպքում նրանց աշխատունակությունն ընկնում է 30 %-ով։ Անբավարար քունը, ինչպես և մտավոր գերհոգնածությունը հանգեցնում են գրգռվածության, անզսպության, ցրվածության։ Հարկավոր է դպրոցականին զերծ պահել ավելորդ ծանրաբեռնվածությունից, որը կարող է խանգարել քունը և վատ անդրադառնալ նրա առողջական վիճակի վրա։

Աղյուսակ 4

Դեռահասների համար օրինակելի ռեժիմը

Ռեժիմ Տարիքը
1-2 2-3
Արթնանալ 7.00 7.00
Առավոտյան լիցքային վարժություններ, շփումներ, ցնցուղում, անկողնու հարդարանք, լվացվել 7.00-7.30 7.00-7.30
Նախաճաշ 7.30-7.50 7.30-7 50
Զբոսանք դպրոցից առաջ և ճանապարհ դեպի դպրոց 7.50-8.20 7.50-8.20
Ուսումնական պարապմունքները դպրոցում (նախաճաշ մեծ դասամիջոցին), արտադասարանային պարապմունքներ, հասարակական աշխատանք 8.30-14.00 830-14.30
Ճանապարհ դպրոցից տուն 14.00-14.30 14.30-15.00
Ճաշ 14.30-15.00 15.00-15.30
Զբոսանքներ մաքուր օդում, շարժուն խաղեր 15.00-17.00 15.30-17.00
Դասերի պատրաստում 17.00-19.30 17.00-20.00
Ընթրիք և ազատ պարապմունքներ (ընթերցանություն, օգնություն ընտանիքին ևն) 19.30-21.00 20.00-21.30
Քնի նախապատրաստություն 21.00-21.30 21.30-22.00
Քուն 21.30-7.00 22.00-7.00

Դպրոցականի համար չափազանց կարևոր է ճիշտ սնվելը։ Սննդի ռեժիմը (4-5 անգամ) մեծ նշանակություն ունի նրա ֆիզիկական և նյարդահոգեկան բնականոն զարգացման համար։ Հատկապես օգտակար են կաթը և կաթնամթերքը, որոնք պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, կալցիումի աղեր, վիտամիններ, ամեն օր երեխան պետք է խմի 400-500 մլ կաթ։ Երեխան պիտի ընթրի քնելուց 1-1,5 ժամ առաջ։ Ծնողները պիտի կազմակերպեն երեխայի ֆիզիկական զարգացումը։ Ամենօրյա առավոտյան մարզանքը պիտի սովորություն դառնա երեխայի համար։ Ծնողները լուրջ ուշադրություն պիտի դարձնեն դպրոցականի հանգստյան օրվա և արձակուրդի կազմակերպմանը։ Օրվա ռեժիմի հիմնական տարրերը (քուն, սնունդ ևն) պիտի մնան նույնը, իսկ ժամանցին, էքսկուրսիաներին, խաղերին ավելի շատ ժամանակ հատկացվի։ Հանգստյան օրերին երեխային պիտի հնարավորություն տալ քունն առնելու։

ՖԵՆ կենցաղային, մազեր չորացնելու էլեկտրական սարք։ Կարելի է օգտագործել նաև ապակու վրա փռած լուսանկարների և գծագրերի կրկնօրինակների (կալկաների) չորացման համար։ Սովորաբար բաղկացած է պլաստմասսայե իրանից, որի մեջ տեղավորված են էլեկտրաշարժիչը՝ առանցքի վրա հագցված թևանիվով (էլեկտրաօդափոխիչ), և պարուրաձև էլեկտրաջեռուցիչ տարրը։ Օդափոխիչի ներծծած օդը տաք պարույրի հետ շփումից տաքանում է մինչև 50-70 °C և տաք շիթով դուրս մղվում Ֆ-ից։ Իրանի երկդիրք զույգված անջատիչի օգնությամբ նախ միացնում են էլեկտրաշարժիչը (Ֆ-ից սառը օդ է դուրս մղվում), ապա էլեկտրաջեռուցիչը։ Էլեկտրաջեռուցիչ տարրի ծախսած հզորությունը սովորաբար 250-400 Վտ է, էլեկտրաշարժիչինը՝ 50-70 Վտ։

Ֆ-ով մազերը կարելի է չորացնել 10-15 րոպեում՝ նայած մազերի երկարության ու խտության։ 1 ժամ աշխատելուց հետո Ֆ. պետք է 30 րոպեով անջատել, որ հովանա։ Մազերի չորացումն արագացնելու համար որոշ Ֆ-եր սարքավորված են ճկափողով, որով սարքը միացվում է գլխին հագցվող փափուկ գլխանոցին։ Ֆ-ի որոշ տեսակներ ունեն մազերի հարդարման զանազան գլխադիրներ։ Ֆ-ում նախատեսված ջերմակարգավորիչը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով պահպանել տրված ջերմաստիճանը և անջատում է Ֆ-ի ջեռուցիչի գերտաքացման կամ էլեկտրաշարժիչի շարքից դուրս գալու դեպքում։ Որոշ մոդելներում նախատեսված է հենակալ-բռնիչ, որի օգնությամբ Ֆ. կարելի է դնել սեղանին կամ պատից կախել։

Ֆ-ի կառուցվածքը բացառում է նրա մեջ մազեր ընկնելու հնարավորությունը։ Ֆ-ի աշխատանքի ժամանակ պետք է հետևել, որ մուտքի անցքը չփակվի և նրա մեջ փոշի ու մանր առարկաներ չընկնեն։ Էլեկտրաջեռուցիչ տարրը չի կարելի միացնել անջատված շարժիչի պայմաններում։

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ, նպաստում են առողջության ամրապնդմանը, ներդաշնակ ֆիզիկական զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, բազմազան են դարձնում ժամանցը։ Ֆ. և ս-ով զբաղվելիս հարկավոր է հաշվի առնել առողջական վիճակը, տարիքը, մասնագիտության առանձնահատկությունները, հակումները։ Տանը ֆիզկուլտուրայով պարապելը հարկավոր է սկսել մարզանքից. այն կարելի է կատարել ինքնուրույն կամ հետևելով ռադիոյով ու հեռուստատեսությամբ հաղորդվող վարժություններին։ Առողջության ամրապնդման առավել տարածված միջոցներն են մաքուր օդում քայլելը, վազելը (տես Վազք), լողը, չմուշկներով ու դահուկներով սահելը, տուրիստական արշավները (տես Զբոսաշրջություն) ևն։ Կարելի է կազմել վարժությունների այնպիսի համալիր, որը հարմար է կատարել սեղանի մոտ նստած, պառկած կամ կանգնած՝ առանց տեղից շարժվելու։ Համալիրի մեջ հարկավոր է մտցնել, այսպես կոչված, իզոմետրիկ վարժություններ՝ ակտիվ