«ինքնադիմադրողականությամբ», այսինքն մկանների լարումով հոդերի շարժումների փորձեր կատարելու ժամանակ (առավելագույն ուժով 5 վայրկյանի ընթացքում)։ Վարժությունը պետք է կրկնել մի քանի անգամ (յուրաքանչյուր 15-20 վայրկյանը մեկ)՝ լարելով միաժամանակ ծալող և բացող մկանների խմբերը։
Ֆիզկուլտուրայով զբաղվելը հատկապես կարևոր է երեխաների համար (տես Կրծքի երեխա)։ Երեխաներին ֆիզկուլտուրայի վարժեցնելու լավագույն միջոցը ծնողների անձնական օրինակն է։
Նախադպրոցական տարիքի և ցածր դասարանների երեխաների համար հատկապես օգտակար են խաղերը։ Գնդակով սպորտային խաղերից բացի մանուկների համար կան մատչելի աշխույժ խաղեր։
Ֆիզիկական վարժություններ կատարելիս պետք է ծանրաբեռնել ոչ թե մկանների որոշակի խումբ, այլ բոլոր մկանները։ Մեծ ծանրաբեռնվածությամբ վարժությունները պետք է կատարել, հաշվի առնելով ինքնազգացողությունը։ Վարժությունները պիտի կատարվեն արագ, որոշակի ինտենսիվությամբ և ուժով։ Զարկերակի հարվածների հաճախությունը վարժությունները կատարելուց անմիջապես հետո պիտի լինի րոպեում առնվազն 130 հարված։ Ավելի ցածր հաճախության դեպքում վարժությունների արդյունավետությունը նվազում է։ Սակայն, չի կարելի մշտապես վարժություններ կատարել, րոպեում զարկերակի 170-ից ավելի հաճախության դեպքում։ Այդպիսի պարապմունքները թույլատրվում է անցկացնել առողջ, երիտասարդ մարդկանց շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ։ Պետք է մարզվել այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որ գերհոգնածություն չառաջանա։
ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼ, չիբան, մազապարկի և դրա հետ կապված ճարպագեղձի ու վերջինս շրջապատող մաշկի սուր թարախային բորբոքում: Հարուցիչները թարախածին մանրէներն են։ Ֆ-ի զարգացմանը նպաստում են մաշկի մշտական աղտոտումը, ինչպես նաև դրա ամբողջականությունը խախտող վնասվածքները (կտրած վերքեր, քերծվածքներ, ճանկռվածքներ, հարուկներ), գերքրտնա- և ճարպարտադրությունը և այլն։ Ֆ. կարող է առաջանալ մաշկի ցանկացած մազածածկ հատվածում, հաճախ վզին՝ ծոծրակի շրջանում, դեմքին և գոտկատեղին։ Ֆ-ի վրա պետք է դնել ախտահանված թանզիֆե վիրակապ՝ իխթիոլով։ Բորբոքման հատվածը շրջապատող առողջ մաշկը հարկավոր է մաքրել կամֆորայի կամ սալիցիլային սպիրտով։ Ֆ. առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի, քանի որ որոշ դեպքերում պահանջվում է վիրաբուժական միջամտություն։ Չի կարելի Ֆ. սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, այդ թվում հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման։