թուջե սկավառակների ակոսների մեջ տեղադրված մետաղալարե տաքացնող պարույրների) մեկուսացմամբ և տաքացիչի հերմետիկացմամբ։ Դժբախտ պատահարից խուսափելու նպատակով արգելվում է օգտվել վնասված էլեկտրամեկուսապատվածքով Է–ից։ Եթե ցանցին միացնելիս Է-ի սկավառակները չեն տաքանում, հարկավոր է Է. ցանցից անջատել, զննել քուղը և ստուգել լարերի միացումը երկժանու մեջ։ Լարերի վատ միացումը և խզվածքը առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են, որոնք հեշտությամբ կարելի է վերացնել սեփական ուժերով։
ԷԼԵԿՏՐՈՖՈՆ, ձայնասկավառակից ձայնագրությունը վերարտադրելու էլեկտրամեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրանվագարկիչ սարքից, ձայնային հաճախությունների ուժեղարարից և բարձրախոսից կամ ձայնական համակարգից։ Է-ի և գրամոֆոնի սկզբունքային տարբերությունն այն է, որ Է-ում ձայնահանի ասեղի մեխանիկական տատանումները կերպափոխվում են էլեկտրական տատանումների, վերջիններս ուժեղացվում են ձայնային հաճախության ուժեղարարով և ձայնական համակարգի միջոցով կերպափոխվում ձայնի։ Համանման էլեկտրամեխանիկական սարքը՝ առանց ձայնային հաճախության ուժեղարարի և բարձրախոսի, անվանում են էլեկտրանվագարկիչ կամ պարզապես նվագարկիչ։ Ձայնի վերարտադրման համար Է. միացնում են, օրինակ, ռադիոընդունիչին (որում կան հատուկ բնիկներ) կամ ձայնական համակարգի լրակազմի ցածր հաճախության ուժեղարարին։
Է-ներն ունեն ձայնի բարձրության և տեմբրի կարգավորիչներ, ինչպես նաև լրացուցիչ հարմարանքներ՝ ինքնականգ, սկավառակի պտտման հաճախության մեխանիկական կամ էլեկտրոնային փոխարկիչ, միկրովերհան (ձայնահանը սկավառակի վրա սահուն իջեցնելու համար), կոճակային կառավարում, սկավառակի պտույտների թիվը կարգավորող սարք, պտույտների հաճախության ստուգման ստրոբոսկոպիկ սկավառակ, միացման ցուցիչ։ Մի շարք Է-ներ կարող են օգտագործվել նաև իբրև բաժանորղային բարձրախոսներ ռադիովերահաղորդման ցանցի կամ տեղական (հարևան սենյակներում) վերահաղորդման համար։ Է-ների մեծ մասը նախատեսված է սովորական և տևանվագ (այդ թվում նաև ծավալահնչական) սկավառակների մենահունչ վերարտադրման համար (33 1/3 պտ/ր, 45 պտ/ր, սակավ 78 պտ/ր պտտման հաճախությամբ)։ Ձայնահաններն ունեն 2-ական մշտական փոխարկվող գրամոֆոնի ասեղներ կամ տարբեր ասեղներով հանովի գլխիկներ։
Ձայնագրությունների ծավալահնչական վերարտադրման համար թողարկվում են հատուկ Է-ներ երկանցուղային ձայնահանով, ուժեղացման 2 անցուղիներով և 2-ից ոչ պակաս բարձրախոսներով։
Ժամանակակից Է-ներից շատերին կամ դրանց ձայնական համակարգերին կարելի է միացնել մագնիտոֆոնային կցուրդ (տես Մագնիտոֆոն), փոքրաչափ ռադիոընդունիչ, միկրոֆոն, էլեկտրաերաժշտական գործիքներ (մասնավորապես, էլեկտրակիթառ) ևն։
ԷՈՒԽԱՐԻՍ, ամազոնյան շուշան, շքանարգիզազգիների ընտանիքի սոխուկավոր բույս։ Հայրենիքը արևադարձային Ամերիկան է։ Տերևները լայն էլիպսաձև են, երկար կոթուններով։ Ծաղիկները (3-6-ական բացվում են երկար ծաղկակրի վրա) ձյունասպիտակ են, գեղեցիկ և հոտավետ։ Բնակարանում մշակվող տեսակներից առավել հայտնի են խոշորածաղիկ Է. և Սանդերի Է.։ Է. ջրի նկատմամբ պահանջկոտ չէ, ուստի պետք է չափավոր ջրել, բայց հաճախակի ցողել։ Է. առատ է ծաղկում, եթե մեկ թաղարում մեծ թվով սոխուկներ կան, ուստի Է. պետք է հազվադեպ տեղափոխել այնպիսի թաղարի կամ տափակ, խոր ամանի մեջ, որի լայնքը գերազանցում է բարձրությանը, բայց անհրաժեշտ է հաճախակի պարարտացնել օրգանական կամ հանքային պարարտանյութերով։ Հողախառնուրդը պատրաստվում է 2 մաս ճմահողից, 1 մաս տերևահողից, 1 մաս հումուսից և ավազից։ Անհրաժեշտ է խեցեփշուր և գետի ավազի լավ ցամաքուրդ։ Ճիշտ խնամքի դեպքում Է., որպես կանոն, ծաղկում է հոկտեմբերից մինչև ձմեռ և գարնանը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՆՅԱԿ, սովորաբար բնակարանի ամենամեծ սենյակն է, որն օգտագործվում է ընտանեկան ժամանցի համար։ Հաճախ Ը. ս. ծառայում է որպես ճաշասենյակ, ննջասենյակ և աշխատասենյակ։ Ելնելով սրանից, անհրաժեշտ է կահույքը դասավորել նպատակահարմար ձևով: Հարմարավետության համար խորհուրդ է տրվում Ը. ս–ում առանձնացնել տարբեր բնույթի հատվածներ, որոնք փոխարինում են ճաշասենյակին, հյուրասենյակին, աշխատասենյակին ևն։
Հանգստի համար ցանկալի է ընտրել Ը. ս-ի առավել խաղաղ, մեկուսացած մասը։ Քանի որ սենյակի այդ հատվածը հիմնականում օգտագործվում է իրիկնային ժամերին, ապա պարտադիր չէ, որ այն մոտ լինի լուսամուտին։ Հանգստի հատվածը կահավորում են բազկաթոռներով, բազմոցով, ցածր սեղանով, գրադարակներով և գրապահարաններով, խմիչքապահարանով, ռաղիոսարքերով։ Ը. ս-ի կահույքը կարող է բազմատեսակ լինել։ Ցածր սեղանի շուրջ փափուկ կահույքը նպատակահարմար է դասավորել T-աձև կամ П-աձև, ընդորում, նստոցների և սեղանի միջև հեռավորությունը պետք է լինի 30 սմ-ից ոչ պակաս։ Շատ հարմար են անկյունային բազմոցները կամ փափուկ կահույքի