այնպիսի հավաքածուներ, որոնց տարրերը կարելի է դասավորել տարբեր համակցությամբ։ Հանգստի հատվածի սահմանները կարելի է ընդգծել հատակին գորգ փռելով, ցածր սեղանի վերևում լուսամփոփ կախելով (սովորականից ցածր) կամ բազկաթոռի մոտ հատակաջահ դնելով։ Տեսողական մեկուսացումը կարելի է շեշտել սենյակի լայնքով դրված կահույքի ցածր պահարաններով, որոնք կարող են թախտի թիկնակ ծառայել։ Այդ պահարաններում կարելի է տեղավորել գրքեր, ամսագրեր, անկողնային սպիտակեղեն ևն։ Ը.ս-ի հանգստի և այլ հատվածներ կարելի է մասամբ առանձնացնել կանգնակներին ամրացրած դարակաշարով։ Գրքերի, գեղազարդման իրերի և բույսերի համար նախատեսված դարակներով այս կառուցվածքը գեղեցիկ տեսք է տալիս սենյակին։
Փափուկ կահույքը դասավորելիս պետք է հաշվի առնել նաև հեռուստացույցի դիրքը։ Այն կարելի է դնել ոտքերի կամ հատուկ պատվանդանի վրա կամ տեղադրել կահույքի խորշում (բարձրությունը 30-75 սմ, հեռավորությունը դիտողից ոչ պակաս քան 2 մ)։
Հյուրերի ընդունելության և ընտանեկան տոնական հավաքույթների համար Ը.ս-ում նախատեսվում է մի հատված, որտեղ դրվում են ճաշասեղանն ու աթոռները, սպասքապահարանը կամ կահույքի այլ անհրաժեշտ տարրեր։ Ցանկալի է, որ այն լինի սենյակի մուտքից ոչ հեռու (նկատի ունենալով խոհանոցին մոտ լինելը)։ Խորհուրդ չի տրվում ճաշասեղանը դնել սենյակի կենտրոնում. դա դժվարացնում է մակերեսի ռացիոնալ օգտագործումը և խախտում սենյակի մնացած հատվածների տեսողական մեկուսացումը։ Ավելի հարմար է սեղանի կողաճակատը հենել պատերից մեկին։ Կարելի է օգտագործել ծալովի սեղան (8 հոգու համար նախատեսված այդպիսի սեղանը ծալած վիճակում զբաղեցնում է ընդամենը 0,16 մ²)։ Աթոռները հարմարավետ դասավորելու համար ճաշասեղանը պետք է տեղադրել պատից առնվազն 75 սմ, ցածր կահույքից՝ 50 սմ, բարձր կահույքից՝ 55 սմ հեռու։ Ոչ մեծ չափերի Ը. ս-ում ցանկալի է ունենալ պահարան, միջնորմի մեջ ներկառուցված ծալովի ճաշասեղան (տես Ներկառուցված կահույք):
Ը. ս-ի աշխատանքային հատվածում տեղադրում են գրասեղան, բազկաթոռ, գրապահարան կամ գրադարակներ այնպես, որ բնական լույսը սեղանին ընկնի ձախից։ Ոչ մեծ չափերի Ը. ս-ում աշխատասեղանը կարելի է փոխարինել սեկրետերով։
Ը. ս-ում ննջատեղը պետք է հնարավորին չափ մեկուսացած լինի։ Այդ նպատակի համար հարմար է ժամանակակից բնակարաններում նախատեսված մահճախորշը։ Եթե Ը. ս-ում այդպիսին չկա, ապա կարելի է դնել բազմոց-մահճակալ կամ թախտ, որոնք ցերեկը նույնպես կարող են օգտագործվել հանգստի համար։
Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա Ը. ս-ում պետք է առանձնացնել մանկական անկյուն։ Այն կարող է սենյակի մնացած մասից անջատվել փեղկամիջնորմով։
Ը. ս-ի ինտերիերի միավորող տարրը մասերով կահույքի լրակազմն է, որի բաժանմունքները կարելի է հավաքել տարբեր զուգակցությամբ և դնել պատի երկայնքով (այսպես կոչված, պատ-կահույք)։ Լրակազմի մեջ մտնում են սպիտակեղենի, ամանեղենի պահարաններ, գրապահարան, խմիչքապահարան, զգեստապահարաններ ևն։ Պատ-կահույքը հավաքելիս անհրաժեշտ է կահույքի առանձին տարրերը տեղադրել սենյակի համապատասխան հատվածների մոտ (օրինակ, ամանեղենի պահարանը ճաշասեղանից ոչ հեռու, խմիչքապահարանը և գրապահարանը հանգստի անկյան