Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսին, ինչպես նաև չափափորձումից հետո ճշտված համաչափ գծերը տեղափոխում կտորի մի կեսից մյուսին։ Կարն անում են աջից ձախ։ Կութերի երկարությունը չպետք է անցնի 1 սմ-ից։ Կարն անելիս թելը մինչև վերջ չեն ձգում, այլ թողնում են 1-1,5 սմ երկարության մերակաձև օղակներ, ապա կտորներն իրարից հեռացնում են, որպեսզի թելը ձգվի, որից հետո թելը կտրում են։

Մաքրակարով (նկ. 4) բռնում են գործվածքի կտրված եզրերը։ Խորհուրդ է տրվում կարել մանր կութերով։

Գաղտնակարը (նկ. 5) կիրառում են հագուստի ծալված եզրերն ամրացնելու համար։ Կարում են աջից ձախ՝ ասեղի ծայրը գործվածքի շիտակ երեսին չհասցնելով, ապա բռնում ծալակտորի եզրը։ Թելը ձգում են այնքան, որ շիտակ երեսից կարը չնշմարվի։ Գաղտնակարն անում են գործվածքի գույնին համապատասխան մետաքսե թելով։

Օղակարը (նկ. 6) հիմնականում կիրառում են մերակները շրջակարելու և քրքրվող կտորները եզրակարելու համար։ Մերակի ճեղքի երկայնքով հաստ թել են դնում և շրջակարում մանր կութերով։ Թելը կարելի է օղակաձև ոլորել ասեղի շուրջը կամ էլ ասեղը գործվածքի միջով անցկացնելուց հետո ծայրով բռնել թելի օղակը։ Մերակի երկու ծայրերն ամրակարում են. ճեղքին ուղղահայաց 2-3 տակ թելով արված կութերը խիտ շրջակարում են։

Շուլալակարն (նկ. 7) օգտագործում են կտորների հիմնական կցակարման համար։ Կարում են շարք-շարք դասավորված թեք կութերով՝ թելը թույլ ձգելով։ Այս կարատեսակը կիրառում են գործվածքի երկու շերտերը և միջադիրը (լանջեզրը, օձիքատակը ևն) մկդակելու համար։ Ասեղն անցկացնում են միջադիրով, իսկ վրայի գործվածքը բռնում մասնակիորեն (այնպես, որ շիտակ երեսից կութերը չերևան)։

Եզրակարը (նկ. 8) կիրառում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է միացնել գործվածքի երկու եզրաշերտերը։ Կարում են ձախից աջ՝ եզրերին հնարավորին չափ մոտ։

Դարձկարը (նկ. 9) շիտակ երեսից հիշեցնում է մեքենայի կար՝ թակալակար։ Կիրառում են այն դեպքերում, երբ մեքենայով թակալակարելը դժվար է։ Ասեղն անցկացնում են նախորդ կութի ծայրից։ Հակառակ երեսի կութերը 2 անգամ երկար են շիտակ երեսի կութերից։ Շիտակ երեսի կութերը պետք է միմյանց կիպ կպած լինեն։ Դարձկարն անում են աջից ձախ։

Ընդհատ դարձկարով (նկ. 10) կարում են զոլավոր կամ վանդակավոր կտորները. դարձկարից տարբերվում է նրանով, որ կութերի միջև արանք է մնում։

Կցակարը (նկ. 11) կիրառում են բրդե և մահուդե գործվածքները շիտակ երեսից աննկատ կութերով եզրը եզրին միացնելու համար։ Օգտագործում են գործվածքին համապատասխան կամ գործվածքից քաշած թելեր։ Ասեղը հետ ու առաջ տանելով կութեր են անում՝ կտորների եզրերը մոտեցնելով։ Հաստ գործվածքների դեպքում (դրապ, մահուդ ևն) ասեղը խրում են կտրված եզրի մեջ՝ առանց մյուս երեսն անցնելու։ Կտրված եզրն ամրացնելու նպատակով հակառակ երեսից մշակում են եզրակարով՝ բռնելով գործվածքի միայն հակառակ երեսի շերտը։ Կարկատելիս գործվածքի