Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեքենայի ասեղները տարբերվում են հաստությամբ և դրան համապատասխան ունեն տարբեր համարներ։ Կ. պետք է լինեն ուղիղ (անգամ քիչ ծռված ասեղի դեպքում թակալակարը ծռվում է), փայլուն ողորկ մակերևույթով և սուր ծայրով։ Օգտագործելուց առաջ Կ. խորհուրդ է տրվում մաքրել բաց գույնի չոր լաթով։ Մեքենայի ասեղները պետք է պահել չոր տեղում։

Մեքենայի և ձեռքի Կ. հեշտ թելելու համար թողարկվում են հատուկ թելանցկացիչներ։

ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ կենցաղային, արտադրվում են ձեռքի, ոտքի և էլեկտրական շարժաբերով մեքենաներ։ Ըստ կառուցվածքի տարբերում են Կ. մ-ի հետևյալ տեսակները. կափարիչով՝ պատվանդանով, պատյան֊ճամպրուկով, սեղան-պահարանով, աշխատասեղանով Կ. մ-ներ։

Արտադրվում են 3 դասի Կ. մ-ներ. 2Մ՝ միայն ուղիղ թակալով, 132 դասի մեկ- կամ երկսռնանի ասեղներով, ուղիղ և զիգզագաձև թակալակարով, 142 դասի մեկ- կամ երկսռնանի ասեղներով, ուղիղ և զիգզագաձև թակալակարով, ինչպես նաև գեղազարդիչ և հատուկ թակալակարերի համար։

2 Մ դասի Կ. մ-ով մաքոքային միագիծ թակալակարով կարելի է միացնել հագուստի աոանձին մասերը, ամրակարել թակալակարի սկիզբն ու վերջը, զուգահեռ թակալակար անել, ժանյակ, ապլիկացիա, տրեզ ամրացնել, խծպել գործվածքի ծայրերը, ասեղնագործել (տես Ասեղնագործություն մեքենայով), լցակարել։ 132 դասի Կ. մ-ով կարելի է նաև շրջակարել մերակները, կարել կոճակները, հարթ և ուռուցիկ թակալակար անել, քուղ ամրացնել, եզրերը մաքրակարել և կարակցել զիգզագաձև թակալակարով։ 142 դասի Կ. մ-ով, վերը նշված բոլոր աշխատանքներից բացի, կարելի է անել հատուկ և գեղազարդիչ թակալակարեր։

Որպեսզի Կ. մ. լավ աշխատի, ունենա թեթև ընթացք և հավասար թակալակար, անհրաժեշտ է այն պարբերաբար մաքրել, յուղել, օգտագործել կտորին համապատասխան թել ու ասեղ (տես Կարասեղներ), կարգաբերել գործվածքի տեսակին համապատասխան (կարգավորել կութերի մեծությունը, սեղմիչ թաթիկի ճնշումը, վերևի և ներքևի թելերի ձգվածությունը ևն)։

Մեքենայից օգտվելու կանոնները խախտելու դեպքում կարող է ասեղը կոտրվել, թելը կտրվել, կութերը բացվել ևն։ Ասեղի կոտրվելը կամ ծռվելը երբեմն պայմանավորված են սեղմիչ թաթիկի սխալ դիրքով, որը կարելի է ուղղել գլխիկավոր պտուտակի միջոցով։

Ասեղը կարող է կոտրվել նաև հաստ գործվածքը բարակ ասեղով կարելու, կարելիս գործվածքը ձգելու կամ այն դեպի ներս քաշելու դեպքում։ Վերևի թելը կտրվելու դեպքում առաջին հերթին պետք է ստուգել, ճի՞շտ է արդյոք թելած ասեղը, ապա թուլացնել թելի ձգվածությունը կարգավորիչի մանեկը մի քանի անգամ դեպի ձախ պտտելով։ Ներքևի թելի մեծ ձգվածության դեպքում պետք է փոքր-ինչ իջեցնել մասրայի թասակի զսպանակը կարգավորող պտուտակը։ Թելը կարող է կտրվել նաև կոճի շատ արագ պտտվելու դեպքում։ Պտտման արագությունը փոքրացնելու համար կոճի տակ դնում են հաստ գործվածքի մի կտոր։ Ներքևի թելը կարող է կտրվել, եթե վատ է աշխատում թելը փաթաթող հարմարանքը: Այդ դեպքում մասրայի վրա ավելի շատ է թել փաթաթվում, քան պետք է։ Թելն անհրաժեշտ է փաթաթել այնքան, որ 1,5-2 մմ չհասնի մասրայի եզրին։ Կութեր բաց թողնելու դեպքում հարկավոր է ստուգել ասեղի դիրքը (տափակ կողմը պետք է լինի դեպի դուրս, ակոսավոր կողմը՝ դեպի ներս՝ կարողի կողմը), թելի և ասեղի համարների համապատասխանությանը, ասեղը փոխել, եթե այն բթացել է կամ ծռվել։ Եթե մեքենան վատ է տեղաշարժում գործվածքը, խորհուրդ է տրվում կարգավորել տեղաշարժող ատամիկների բարձրությունը (եթե ատամիկներն անբավարար են դուրս ցցված) կամ համապատասխան պտուտակի օգնությամբ ուժեղացնել թաթիկով գործվածքի սեղմումը։

Բարակ գործվածք (օրինակ, կրեպդեշին) կարելիս թաթիկի ճնշումը պետք է ավելի փոքր լինի, քան հաստ գործվածք (օրինակ, դրապ) կարելիս։ Եթե մեքենան աշխատում է ծանր ընթացքով, մաքոքը պետք է մաքրել կտրված թելիկներից և փոշուց, յուղման համար նախատեսված տեղերում կաթեցնել մի քանի կաթիլ կերոսին, մեքենան աշխատեցնել, ապա մաքրել շարժվող մասերը և յուղել Կ. մ-ի յուղով։ Հաղորդափոկը սահելու դեպքում այն պետք է կարճացնել։

Եթե թերությունների վերացման վերոհիշյալ միջոցները դրական արդյունք չեն տալիս, պետք է դիմել մասնագետի։

ԿԱՐՈՒԿՈՒԹ, տարբերում են ձեռքի և մեքենայի կարեր։

Ձեռքի կարեր

Հիմնական կարատեսակներն են թերակարը, պատճենակարը, մաքրակարը, գաղտնակարը, օղակարը, շուլալակարը, եզրակարը, դարձկարը, կցակարը, խաչկարը, եռանկյունաձև և ձևավոր կարերը։

Թերակարը կիրառում են կտորները ժամանակավորապես կցակարելու, փոթեր անելու, կտորը նշագծելու դեպքում։ Բարակ գործվածքների համար կութի երկարությունը 0,5-1 սմ է, հաստ գործվածքների համար՝ 1-3 սմ, փոթերի համար՝ 0,1-0,5 սմ։

Պատճենակարով նշագծերը մի դետալից փոխանցում են