Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տան պայմաններում Կ-ի համար անհրաժեշտ է ունենալ չափաժապավեն, թուղթ, մատիտ, քանոն, անկյունաքանոն, կորաքանոն, մկրատ, քորոցներ, գործվածքի գույնին համապատասխան և գունավոր (թերակարելու համար) թելեր, ձեռքի չոր օճառի բարակ կտոր, կավիճ, մատնոց, տարբեր համարի ասեղներ, 30-40 սմ լայնության և 80-100 սմ երկարության ստվարաթղթի կտոր։ Ձևվածքի ուրվագծերը թղթի (կարելի է օգտագործել լրագիր, մոմլաթ) վրա գծում են գունավոր մատիտներով՝ քանոն, անկյունաքանոն և կորաքանոն օգտագործելով։ Գործվածքի վրա ուրվագծերն անում են օճառով։ Գործվածքը ձևելու համար անհրաժեշտ է սովորական, հաստ գործվածքների համար՝ հատուկ մկրատ, արդուկելու համար՝ թևքեր արդուկելու հարմարանքով հատուկ տախտակ։

Նորաձևության որոշ հանդեսներում զետեղում են ձևվածքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պայմանական նշանը՝ գծանախշը (ընդհատ գիծ, կետագիծ ևն)։ Այդ ձևվածքները թղթի վրա են փոխանցում հատուկ կտրիչով. ձևվածքը փռում են մեծ թղթի վրա և կտրում պայմանական գծերով (փոխանցում են նաև բարակ թափանցիկ թղթի վրա)։ Տվյալ մոդելի նկարի հետ տրվող փոքր գծագրերով կարելի է ստուգել ձևվածքի մասերի թիվը։ Ավելի ճշգրիտ ձևվածք ստանալու համար անհրաժեշտ է չափսեր վերցնել։

Չափսերը վերցնում են չափաժապավենով՝ առանց ժապավենը ձգելու կամ թուլացնելու։ Նախապես անհրաժեշտ է ճշտել գոտկատեղը՝ իրանի նեղ մասին քուղ կամ գոտի կապելով։ Չափսերը գրի են առնում, իսկ գծագիրը կառուցելիս դրանք կիսում են։

Վզի շրջագիծ (Վշ)։ Չափսը վերցնում են պարանոցի շուրջը՝ մինչև վզի առջևի փոսիկը, ժապավենը փոքր-ինչ թուլացրած (նկ. 1)։

Կրծքի շրջագիծ (Կրշ)։ Չափսը վերցնում են կրծքի ամենաբարձր մասում՝ ժապավենն անցկացնելով անթատակերով (նկ. 1)։

Գոտկատեղի շրջագիծ (Գշ)։ Չափսը վերցնում են իրանի նեղ մասում (նկ. 1)։

Կոնքի շրջագիծ (Կշ)։ Չափսը վերցնում են կոնքի ամենալայն մասում՝ ժապավենը փոքր-ինչ բարձրացնելով դեպի պորտը (նկ. 1)։

Կոնքի շրջագիծը տաբատի համար (Կշտ)։ Չափսը վերցնում են նստատեղի տակով՝ ազդրի վերևի մասում (նկ. 1)։

Ուսի շրջագիծ (Ուշ)։ Չափսը վերցնում են թևի շրջագծով՝ անթատակի մասում (նկ. 2)։

Դաստակի շրջագիծ (Դշ)։ Չափսը վերցնում են դաստակի հիմքի մասում (նկ. 2)։

Ուսի լայնք (Ուլ)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից՝ ուսագծով (նկ. 2)։

Թևի երկարությունը մինչև արմունկը (Թեա)։ Չափսը վերցնում են ուսագլխից մինչև արմունկը (նկ. 2)։

Թևի երկարությունը մինչև դաստակը (Թեղ)։ Չափսը վերցնում են ուսագլխից մինչև դաստակը՝ թևը ծալած դիրքում (նկ. 2)։

Կրծքի բարձրություն (Կբ)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից մինչև կրծքի բարձր կետը (նկ. 3)։

Կրծքամասի երկարություն (Կրե)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից մինչև գոտկատեղը՝ կրծքի բարձր կետով (նկ. 3)։

Թիկունքի երկարություն (Թե)։ Չափսը վերցնում են ողնաշարի գծով՝ պարանոցի ցցուն ողից մինչև գոտկատեղը (նկ. 4)։

Կրծքի լայնք (Կլ)։ Չափսը վերցնում են կրծքի վերևի մասում՝ անութների առջևի անկյունների միջև (նկ. 5)։

Թիկունքի լայնք (Թլ)։ Չափսը վերցնում են թիակների մասում՝ անութների հետևի անկյունների միջև (նկ. 6)։

Երկարությունը գոտկատեղից (Եգ)։ Չափսը վերցնում են գոտկատեղից մինչև պահանջվող կետը՝ ազդրի լայն մասով (նկ. 7)։

Կոնքի երկարություն (Կե)։ Չափսը վերցնում են գոտկատեղից մինչև նստատեղը՝ նստած դիրքում (նկ. 8)։

Գծագրերում հաշվի չեն առնված կարաբաժինները և ծալաբաժինները։ Բոլոր չափսերը տրված են սանտիմետրերով։ Թիկնամասի, առաջամասի, օձիքի և այլ մասերի գծագրերի կառուցումն սկսում են ուղիղ անկյունից, իսկ թևքերինն ու տաբատինը՝ 2 փոխուղղահայաց գծերից։

Ձևվածքները նախատեսված են մարմնի կանոնավոր կազմվածքի համար, հետևաբար, բոլոր մոդելներն անհրաժեշտ է չափափորձել։ Մոդելներում չափսերը տրված են ըստ նոր նշանակումների։ Կանանց հագուստի մոդելներում առաջին թիվը (օրինակ, 158) հասակն է, երկրորդը (96)՝ կրծքի շրջագիծը, երրորդը (104)՝ կոնքի շրջագիծը։ Տղամարդկանց հագուստի մոդելներում առաջին թիվը (170) հասակն է, երկրորդը (100)՝ կրծքի շրջագիծը, երրորդը (82)՝ գոտկատեղի շրջագիծը, չորրորդը (41)՝ վզի շրջագիծը։

Ձևվածքի նախապատրաստում: Հաստ թղթից ըստ գծագրի ձևվածք են պատրաստում՝ նշելով երկայնաթելերի