դժվարացնում է շարժումը և արագ մաշում գուլպան և Կ-ի աստառը։
Գոտիավոր Կ-ում, կիսակոշիկում ու մարզական Կ-ում թաթը Կ-ի մեջ պահվում է գոտու կամ կրնկամասի օգնությամբ։ Այդպիսի Կ-ի չափերը կարող են մի փոքր ավելի մեծ լինել, քան բաց Կ–ինը։
Երկարաճիտք Կ. չպետք է սեղմի ոտնաթաթը, վերջինի և Կ-ի միջև պետք է մնա ազատ տարածություն։ Առավել հարմար է լայն կրունկով Կ.։ Կանանց խորհուրդ է տրվում կրել 3-5 սմ, տղամարդկանց՝ մինչև 2 սմ, դպրոցականներին՝ 1-3 սմ (նայած տարիքի) բարձրության կրունկով Կ.։ Շատ բարձրակրունկ Կ. հագնելիս կարող են առաջանալ ձկնամկանների կրճատում, սրունքի առջևի մկանների և ջլերի թուլացում, ոտնաթաթի ոլորում և ջլերի ձգվածություն, տափակաթաթություն և սրունքթաթային հոդախախտում։ Բարձրակրունկ Կ. հագնելը կարող է առաջացնել դեռահասների ողնաշարի կորություն, կոնքի ձևի փոփոխություն, ներքին օրգանների շեղում։
Նայած օգտագործվող նյութերին և մասերի ամրակցման եղանակին Կ. լինում է փափուկ կամ կոշտ։ Հագնելու ընթացքում Կ. ընդունում է ոտնաթաթի ձևը, քանի որ նյութերը, որոնցից պատրաստվում է Կ., օժտված են ճկունությամբ։ Փափուկ Կ. ավելի արագ է ընդունում ոտնաթաթի ձևը և հարմար է ամեն օր հագնելու համար։ Կոշտ Կ. հագնում են ոտնաթաթը զգալի մեխանիկական ազդեցություններից պահպանելու համար (օրինակ, արտադրական Կ.)։ Կ. լինում է կաշվե, տեքստիլային, արհեստական նյութերից, համակցված, թաղիքե և ռետինե։
Թեթև հիգիենիկ Կ-ի երեսամասի լավագույն հումքը բնական կաշին է՝ շևրոն, հորթենին, քրոմային դաբաղման հորթակաշին, թավշակաշին։ Լաքապատ կաշին վատ է անցկացնում օդն ու խոնավությունը, ուստի խորհուրդ չի տրվում այն հագնել ամռանը (հատկապես նրանց, ում ոտքերը քրտնում են)։ Ռետինե կամ արհեստական այլ նյութերից պատրաստված Կ-ի մեջ պետք է դնել կաշվե միջատակ կամ էլ հագնել բրդե գուլպաներով (կիսագուլպաներով)։
Կ-ի համարի և լիքության որոշումը։ Կ-ի ներքին չափերի հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը։ Որոշ երկրներում Կ-ի համար է ընդունվում կաղապարի (միջատակի) հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (1 շտիխը հավասար է 2/3 սմ-ի)։ Օրինակ, 36 համարի Կ. անի 36 շտիխ երկարության միջատակ։ ՀՀ-ում ընդունված է Կ-ի համարակալման այնպիսի համակարգ, որում որպես համար ընդունվում է ոտնաթաթի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով։ Դրան համապատասխան կիրառվում է Կ-ի ըստ համարների և խմբերի հետևյալ դասակարգումը (կից համարների միջակայքը՝ 0,5 սմ)։
Կոշիկի անվանումը | Կոշիկի համարը, սմ | Կոշիկի համարը, շտիխ |
---|---|---|
Փափուճներ | 9-10,0 | 14-16 |
Հուսարիկներ | 10,5-13 | 17-21 |
Փոքրահասակ երեխաների | 13,5-16,5 | 22-26 |
Մանկական | 17-19 | 27-30 |
Դպրոցահասակ աղջիկների | 19,5-21,5 | 31-34 |
Աղջիկների | 21,5-24 | 35-38 |
Դպրոցահասակ տղաների | 19,5-22 | 31-34 |
Տղաների | 22,5-24,5 | 35-38 |
Կանացի | 21,5-27,5 | 33-41 |
Տղամարդու | 24,5-30,5 | 38-46 |
Նույն երկարության ոտնաթաթերն իրարից տարբերվում են լայնական չափերով։ Դրա համար էլ նույն համարի Կ–ները պետք է ունենան տարբեր լայնական չափեր, որոնցով որոշվում է լիքությունը։ Վերջինը բնութագրվում է ոտնաթաթի՝ թաթամատային հատվածի շրջագծով և պայմանականորեն նշանակվում է թվանշանով կամ տառով։
Կ-ի խնամքը։ Կ-ի երեսին փայլաքսուք քսելուց առաջ պետք է այն լավ մաքրել փոշուց և կեղտից։ Կ-ին փայլ տալու համար պետք է փայլաքսուք կամ էմուլսիա քսելուց 10-15 րոպե հետո խնամքով փայլեցնել սկզբում խոզանակով, ապա փափուկ խավոտ լաթով (ավելի լավ է թավշալաթով)։
Կաշվե Կ-ի խնամքի համար նախատեսված փայլաքսուքներում պարունակվում են նյութեր, որոնք փափկեցնում են կաշին և մեծացնում ջրակայունությունը։ Կ-ին նստած փոշին և կեղտը ներծծում են կաշվի մեջ պարունակվող ճարպը, որի հետևանքով կաշին դառնում է կոշտ և ջրանցիկ։ Խոնավ պայմաններում օգտագործվող Կ-ին պետք է պարբերաբար պինդ ճարպեր կամ գերչակի ձեթ քսել և փայլեցնել։
Տեքստիլային երեսամասով սպիտակ Կ. կարելի է թարմացնել ջրով բացած ատամի փոշիով՝ նախապես Կ. խոզանակով մաքրելուց հետո։ Տեքստիլային Կ–ից ճարպաբծերը կարելի է հեռացնել բենզինով։
Ձևը պահպանելու համար Կ-ի մեջ պետք է դնել ուղղորդ կաղապարներ կամ կիպ նստող ձողիկներ կամ էլ քթամասերը խցել թղթով։ Կ. հագնելիս խորհուրդ է տրվում օգտվել կոշկաթիակից։
Կաշվե Կ. պետք է չորացնել 50 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, հակառակ դեպքում այն կարող է ծռմռվել։ Չորացնելիս Կ. պետք է դնել այնպես, որ ողջ մակերևույթը (և՛ ներքին, և՛ արտաքին), բաց լինի խոնավության գոլորշիացման համար։ Ռետինե ներբանով տեքստիլային Կ. կարելի է չորացնել ավելի բարձր ջերմաստիճանում, եթե ներբանը երեսամասին ամրացված է թելով, քանի որ ներբանի սոսինձը 70 °C ջերմաստիճանում սկսում է հալվել։ Խորհուրդ է տրվում թավշակաշվե Կ. մաքրել հատուկ խոզանակով, որի վրա, ցցամազերից բացի, ագուցված են մետաղալարիկներ (խավը վերականգնելու համար)։
Կ-ի խնամքի համար օգտագործվում են տարբեր միջոցներ. մածուկներ, էմուլսիաներ, հեղուկ փայլաքսուքներ, որոնք պարունակում են մոմ, ցերեզին, կոշտ պարաֆին, լուծիչներ (ուայթ-սպիրտ, բևեկնայուղ կամ դրանց խառնուրդները, ճարպա– և ջրալուծիչ ներկանյութեր)։ Կաշվե Կ. մաքրելու համար թողարկվում են օրգանական լուծիչների հիմքով փայլաքսուքներ։ Դրանք Կ. մաքրում են կեղտից, գոյացնում պաշտպանական փայլուն ջրամերժ թաղանթ, թարմացնում Կ.։ Կ. մաքրելու, փայլեցնելու և նրան ջրամերժ հատկություններ հաղորդելու համար թողարկվում են գործվածքի և թղթի հիմքով հատուկ անձեռոցիկներ։
Սպիտակ կաշվե Կ. կարելի է թարմացնել օճառի թույլ լուծույթով կամ անգույն փայլաքսուքով։